Մատչելիության հղումներ

Կառավարության կազմը կքննարկվի վաղը


«Նախագահ Սերժ Սարգսյանը վաղը քաղաքական մեծամասնության հետ կքննարկի ապագա կառավարության կազմը», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում այսօր փոխանցեց ՀՀԿ-ի խորհրդարանական խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը:

Երեկ` Ազգային ժողովի առաջին նիստի օրը, հիշեցնենք, երկրի նախագահը, Սահմանադրության պահանջի համաձայն, ընդունեց կառավարության հրաժարականը: Կառավարության անդամները, սակայն, շարունակելու են կատարել իրենց պարտականությունները մինչեւ նոր կառավարության ձեւավորումը:

Նախագահը վարչապետ պետք է նշանակի տասնօրյա ժամկետում, իսկ կառավարությունը կազմավորվելու է վարչապետի նշանակումից հետո 20-օրյա ժամկետում:

Հանրապետականներն արդեն հայտարարել են, որ վարչապետը լինելու է իրենց կուսակցության ներկայացուցիչը: Գալուստ Սահակյանն ասաց, թե չի կարծում, որ վարչապետի փոփոխություն կլինի:

«Վաղը, ըստ կարգի, կքննարկվի քաղաքական մեծամասնության հետ, ըստ այդմ արդեն որոշակի կդառնա, թե որ պորտֆելները` «Օրինաց երկիր»-ին, որ պորտֆելները` Հանրապետականին», - ասաց Գալուստ Սահակյանը` հավելելով, որ ՀՀԿ-ի քվոտայով նախորդ կառավարությունում աշխատած նախարարները հիմնականում կպահպանեն իրենց պաշտոնները:

Արդեն որոշված է, որ «Օրինաց երկիր»-ը երեք տեղ կունենա: Կուսակցության փոխնախագահ Հեղինե Բիշարյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում կարծիք հայտնեց, որ Արտակարգ իրավիճակների եւ Գյուղատնտեսության նախարարները, ամենայն հավանականությամբ, կպահպանեն իրենց տեղերը:

Նրա կարծիքով, Տրասպորտի նախարարի պորտֆելը «Օրինաց երկիր»-ը չի պահպանի. - «Վճռական չեմ կարող ասել, թե որ նախարարությունները կարող են լինել վերջնական»:

«Գործող պատգամավորներից որեւէ մեկին մենք չենք ուղարկելու գործադիր մարմին», - հավելեց Բիշարյանը:

Նոր կոալիցիայի մաս չկազմած «Բարգավաճ Հայաստան»-ի չորս տեղերը կտնօրինի Հանրապետականը: ԲՀԿ-ի ներկայացուցիչները ղեկավարում էին Աշխատանքի եւ սոցիալական հարցերի, Առողջապահության, Սպորտի եւ երիտասարդության հարցերի, Քաղաքաշինության նախարարությունները:

Տրանսպորտի եւ կապի նախարարության քվոտան, որը նախկինում տրվել էր «Օրինաց երկիր»-ին, կարող է փոխանցվել ՀՀԿ-ին, փոխարենը ՕԵԿ-ը նախարարական այլ պորտֆել կստանա:

Ազգային ժողովի նախկին նախագահ Սամվել Նիկոյանը, ինչպես ինքն է ասել լրագրողներին, տեղ կունենա ապագա կառավարությունում: Դեռեւս հստակ չէ, սակայն, թե որ նախարարությունը կղեկավարի Նիկոյանը:

Առողջապահության նախարարի ամենահավանական թեկնածուները, ըստ մամուլի հրապարակումների, համարվում են Ազգային ժողովի Առողջապահության, մայրության եւ մանկության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արա Բաբլոյանը եւ Երեւանի Մխիթար Հերացու անվան բժշկական համալսարանի ռեկտոր Դերենիկ Դումանյանը:

please wait

No media source currently available

0:00 0:04:22 0:00
Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG