Մատչելիության հղումներ

«Ժառանգության» խոսնակը չի բացառում Րաֆֆի Հովհաննիսյանի ինքնաբացարկը


«Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյան
«Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյան
Ընդդիմադիր «Ժառանգություն» կուսակցությունը հունիսի 2-ին՝ շաբաթ օրը, կտա իր խորհրդարանական գործունեության հետ կապված բոլոր հարցերի պատասխանները:

Շաբաթ օրը տեղի կունենա «Ժառանգության» համագումարը, եւ ինչպես «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց կուսակցության խոսնակ Հովսեփ Խուրշուդյանը, խորհրդարանական խմբակցության վերջնական կազմը հայտնի կդառնա համագումարից հետո:

Կենտրոնական ընտրական հանձնաժողովից «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեցին, որ «Ժառանգություն» կուսակցության համամասնական ցուցակով ընտրված 5 պատգամավորներից առայժմ միայն երկուսն են վերցրել մանդատները՝ «Ազատ դեմոկրատներ»-ին անդամակցող Ալեքսանդր Արզումանյանն ու Խաչատուր Քոքոբելյանը: «Ժառանգություն»-ը ներկայացնող Րաֆֆի Հովհաննիսյանը, Զարուհի Փոստանջյանն ու Ռուբեն Հակոբյանը այս հարցում չեն շտապել:

Հարցին, թե վաղվա համագումարում արդյո՞ք հնարավոր են ինքնաբացարկներ, քանի որ շատ են շրջանառվում Րաֆֆի Հովհաննիսյանի՝ ինքնաբացարկ հայտարարելու մտադրության մասին լուրերը, Խուրշուդյանը պատասխանեց. - «Ես ոչինչ չեմ բացառում»:

«Ժառանգություն» կուսակցության նորընտիր պատգամավորները երեկ Ազգային Ժողովի առաջին հանդիսավոր նիստին, ինչպես հայտնի է, չներկայացան, եւ դեռեւս պարզ չէ, թե նրանք երբ կմտնեն խորհրդարան եւ ով կգլխավորի խմբակցությունը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG