Մատչելիության հղումներ

Բողոքում են «Երեւանգազ»-ի աշխատակիցները


«Երեւանգազ»-ի աշխատակիցների բողոքի ցույցը Կառավարության շենքի մոտ:

«Երեւանգազ»-ի աշխատակիցների բողոքի ցույցը Կառավարության շենքի մոտ:

«Երեւանգազ» ընկերության շուրջ 30 աշխատակից այսօր կառավարության շենքի բողոքում էին տնօրինության որոշման դեմ:

«Հայռուսգազարդ»-ի Երեւանի գազաֆիկացման ու գազամատակարարման մասնաճյուղի տնօրինությունը որոշել է հունիսի 1-ից վերանայել աշխատանքային պայմանագրերն ու ավելի քան 30.000 դրամով կրճատել աշխատավարձերը:

«Աշխատանքը ավելի բարդացնում են եւ աշխատավարձը պակասեցնում են», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց բողոքավորներից մեկը` շարունակելով. - «Պետք է հավաքենք 100 տոկոս, երբ որ բնակիչները ի վիճակի չեն... պոչեր մնում են»:

Կառավարության շենքի մոտ նրանց հանդիպեց կառավարության քաղաքացիների ընդունելության եւ դիմումների քննարկման վարչության աշխատակիցը: Նա հորդորեց իրենց բողոքը գրավոր ներկայացնել կառավարություն: Բողոքող աշխատողներն էլ որոշեցին իրավաբանի հետ միասին կազմել նամակն ու այն ուղարկել կառավարություն:

Այնուհետեւ տնօրինության որոշումից դժգոհ աշխատողները որոշեցին իրենց բողոքը հաղորդել հենց «Երեւանգազ»-ի տնօրենին: Նրանք շարժվեցին դեպի «Երեւանգազ»-ի գրասենյակ:

Բողոքող աշխատողները տեսուչներն են, ովքեր պատասխանատու են գազի գումարների հավաքագրման համար: Նրանք նշում են, որ աշխատում են հնարավորության սահմաններում, անգամ արձակուրդի, հանգստյան օրերին են աշխատում, գումարներ են հավաքագրում են նույնիսկ սոցիալապես անապահովներից, ովքեր ի վիճակի չեն վճարել ծախսած գազի դիմաց:

Մինչեւ աշխատողների հետ հանդիպումը «Երեւանգազ»-ի տնօրեն Գառնիկ Մովսիսյանը լրագրողներին պարզաբանեց իր որոշումը` թե այն նպատակ ունի նպաստել տեսուչների աշխատանքային պարտականությունների կատարմանը: Մովսիսայնն ասում է, թե նրանք լավ չեն աշխատում, գումարները չեն հավաքագրում, անպարտաճանաչ բաժանորդների գազամատակարարումը չեն դադարեցնում: Արդյունքում բողոքող տեսուչները, ովքեր սպասարկում են Զեյթուն եւ Ավան համայնքները, կուտակել են շուրջ 27 միլիոն դրամի պարտք:

«Ես ուղղակի կպնում եմ իրենց գրպանին, որպեսզի իրենք աշխատեն», - ասաց Մովսիսյանը` շարունակելով. - «Իմ աշխատողները մտան իմ մոտ, ասացին` մենք աշխատում ենք` 100 տոկոս կատարում ենք, նա 85-90 տոկոս է կատարում` նույն աշխատավարձն ենք ստանում: Ես էլ մտածեցի, որ եթե դու աշխատում ես` հարյուր տոկոս առաջադրանքդ կատարում ես, դու ստացի: Իսկ ովքեր չեն կատարում` թող չստանան»:

Փոփոխելով պայմանագրի պայմանները` Մովսիսյանն աշխատավարձը դարձրել է 110.000 դրամ` ներառելով, այսպես կոչված, խրախուսման համար նախատեսված գումար: Այն աշխատողները, ովքեր 100 տոկոսով հավաքագրում կկատարեն եւ կդադարեցնեն անպարտաճանաչ բաժանորդների գազամատակարարումը, 110.000 դրամից զատ կստանան նաեւ հավելյալ գումար: Արդյունքում պարտաճանաչ տեսուչը կստանա մինչեւ 190.000 դրամ աշխատավարձ, իսկ անպարտաճանաչը երեք ամսից կազատվի աշխատանքից:

«Եթե մեր տեսուչը գնա գազը անջատի, բերի փաստաթղթերը հանձնի իրավաբանական բաժին, մենք տանք դատարան, ես նորից համարում եմ, որ նա 100 տոկոս առաջադրանքը կատարել է», - նշեց տնօրենը:

«Ազատություն» ռադիոկայանի դիտարկանը, թե արդյոք հնարավոր չէր պարզապես իր աշխատանքային պարտականությունները կատարող աշխատողին ազատել աշխատանքից, Մովսիսյանը արձագանքեց, որ այդ դեպքում նրանց կեսից ավելիին կազատի աշխատանքից: Իսկ նման կերպ` կխրախուսի նրանց լավ աշխատանքը:

Մովսիսյանն ասում է, որ անցած ամիս նման փորձ է կատարել` խրախուսել է լավ աշխատողներին, ովքեր էլ գոհ են մնացել. – «Ովքեր չեն աշխատում, նրանք ստանալու են 110 հազար դրամ: Իսկ ովքեր աշխատում են, օրինակ, այս ամիս ստացել են 145 պլյուս 50` 195 հազար դրամ աշխատավարձ: Հիմա կոնկրետ այդ աշխատողները, ովքեր բողոքում են, մտածում են` չաշխատելով պետք է գումար ստանան»:

Տնօրենի հետ հանդիպման արդյունքում նախնական պայմանավորվածություն ձեռքբերվեց` ծանոթանալ առաջարկվող պայմաններին` իրավաբանի մասնակցությամբ, եւ որոշել հետագա անելիքը:

XS
SM
MD
LG