Մատչելիության հղումներ

Լեֆորը խորհուրդ է տալիս «մեծ հույսեր չկապել դրսի ուժերի հետ»


Armenia - Foreign Minister Edward Nalbandian (L) meets with Philippe Lefort, the EU’s new special representative for the South Caucasus, 7Sept2011.

Armenia - Foreign Minister Edward Nalbandian (L) meets with Philippe Lefort, the EU’s new special representative for the South Caucasus, 7Sept2011.

Հարավային Կովկասի եւ Վրաստանի ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Ֆիլիպ Լեֆորը ուրբաթ օրը Երեւանի պետական համալասարանի Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնում ուսանողների հետ ունեցած հանդիպման ժամանակ հայտարարեց, թե երբեք պետք չէ չափազանց մեծ հույսեր կապել միջազգային հանրության, առհասարակ դրսի ուժերի հետ այն առումով, թե նրանք «ձեր փոխարեն կկարգավորեն տարածաշրջանային հակամարտությունը»:

Ներկայացնելով իր նկատառումները ղարաբաղյան խնդրի շուրջ՝ Լեֆորն ասաց, թե հակամարտ տարածաշրջաններում սա բավականաչափ տարածված պատրանք է, թե լուծումները կարող են գալ դրսից, մինչդեռ հարկ է գիտակցել, որ դրսի խաղացողները որեւէ խնդրի կարգավորում հետապնդելիս նախ եւ առաջ հաշվի են առնում իրենց շահերը:

Ըստ Լեֆորի՝ եթե անգամ դրսից ինչ-ոչ լուծումներ պարտադրվեն, ապա դրանք կլինեն շատ խախուտ եւ կունենան լուրջ խնդիրներ՝ կապված լեգիտիմության հետ:

Եվրամիության ներկայացուցչի համոզմամբ, հակամարտության կարգավորման համար առաջին հերթին պատասխանատու են հակամարտող երկրների ղեկավարությունները:

«Պատմության ընթացքում դեռ չի եղել դեպք, երբ հաշտեցումը տեղի է ունեցել ներքեւից եկող նախաձեռնությամբ: Կարգավորման ազդակները պետք է գան կառավարություններից: Սա միակ ճանապարհն է, եւ ստեղծված իրավիճակից այլ ելք չկա», - նշեց Լեֆորը:

Ըստ նրա՝ շատ կարեւոր է նաեւ հակամարտող երկրների հասարակությունների դերակատարությունն ու ներգրավվածությունը, քանի որ կողմերի միջեւ վստահության պակասը կարգավորման էական խոչընդոտներից է:

«Այդ դերը նախ եւ առաջ կայանում է երկխոսության խորացման մեջ, ինչը շատ կենսական է, բայց, իհարկե, բավարար չէ վերջնական կարգավորման առումով», - ասաց Լեֆորը՝ հիշեցնելով, որ Եվրամիությունը հնարավոր ամեն ինչ անում է հասարակությունների միջեւ տարբեր ձեւաչափերով շփումերը խրախուսելու, կապեր հաստատելու եւ դրանք խորացնելու համար:

Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչը համոզված է՝ աշխարհում չկա որեւէ հակամարտություն, որը լուծում չունի:

«Որքան էլ հակամարտությունը բարդ եւ երկարաձգված լինի, միշտ էլ կա ելք, պարզապես հարկ է գտնել ճիշտ պահը», - ասաց Լեֆորը. - «Ձեր պարագայում գործ ունենք կարգավորման մադրիդյան սկզբունքների հետ, ինչին մենք հավատում ենք: Այդ սկզբունքներն առկա իրադրության շատ լուրջ այլընտրանք են, եւ Եվրամիությաունը պատրաստ է աջակցել դրանց կենսագործմանը»:

ԵՄ-ի ներկայացուցիչը անդրադարձավ նաեւ ղարաբաղյան հակամարտության կարգավորման բուն ընթացքին եւ ձեւաչափին:

«Երկարատեւ քննարկումներ են եղել այն հարցի շուրջ, թե ինչպիսին պետք է լինի Եվրամիության կոնկրետ դերակատարությունն այս հակամարտության կարգավորման մեջ», - ասաց Լեֆորը՝ եւս մեկ անգամ վերահաստատելով ԵՄ-ի դիրքորոշումը. - «Արդեն իսկ գոյություն ունի բանակցությունների ձեւաչափ, այն է՝ ԵԱՀԿ Մինսկի խումբը, որում հանձին ԵՄ-ի՝ ներկայացված է Ֆրանսիան, եւ մենք ամբողջությամբ սատարում ենք այդ ձեւաչափը: Եթե մենք փորձենք փոխել այն, ապա կա մեծ ռիսկ կորցնելու արդեն իսկ ձեռք բերվածը»:

Լեֆորի խոսքով՝ ցանկացած պարագայում պատերազմը հանգուցալուծում չէ, որովհետեւ դա այս տարածաշրջանում կհանգեցնի մեծ աղետի բոլոր ներգրավված կողմերի համար:

«Հենց այդ պատճառով էլ մենք ցանկանում ենք, որ երկարաձգված այս հակամարտությունը չվերաճի ակտիվ հակամարտության», - ամփոփեց նա:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG