Մատչելիության հղումներ

Քլինթոնի այցը պայմանավորված է «տարածաշրջանում առկա մտահոգիչ իրավիճակով»


Կիրո Մանոյան

Կիրո Մանոյան

Հայ հեղափոխական դաշնակցության Հայ դատի եւ քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանի գնահատմամբ, Միացյալ Նահանգների պետքարտուղար Հիլարի Քլինթոնի այցը տարածաշրջան կարեւոր իրադարձություն է եւ պայմանավորված է տարածաշրջանում առկա մտահոգիչ իրավիճակով:

Դաշնակցական գործիչը Քլինթոնի այցը կարեւորում է ընդհանրապես ԱՄՆ-ի եւ Հայաստանի, եւ մասնավորապես, հայ-թուրքական հարաբերությունների եւ ղարաբաղյան հակամարտության լուծման համատեքստում:

Քլինթոնը Հայաստան կայցելի հունիսի 4-ին:

«Կարծում եմ, պետքարտուղարից մեր իշխանությունները պետք է հստակեցումներ պահանջեն այն մասին, որ Միացյալ Նահանգները իսկապես համոզված է, որ Ղարաբաղի հարցի լուծումը պետք է լինի նաեւ ինքնորոշման իրավունքի սկզբունքի հիման վրա, թեեւ այնպես, ինչպես բանաձեւված էր ՆԱՏՕ-ի վեհաժողովի վերջին հռչակագրում, խոսվում է միայն տարածքային ամբողջականության մասին», - ուրբաթ օրը կայացած ասուլիսում ասաց Մանոյանը:

Կիրո Մանոյանի համոզմամբ՝ ԱՄՆ-ը պետք է հստակեցում մտցնի, այլապես Հայաստանը պետք է մտածի՝ ընդունելի՞ են իր համար Մինսկի խմբի ձեւաչափով բանակցությունները, թե՞՝ ոչ:

«Եթե իրենք չեն հրաժարվել իրենց այն մոտեցումից, որ մի քանի առիթներով հայտարարել են որպես Մինսկի խմբի համանախագահող երկիր, ուրեմն պետք է որ Միացյալ Նահանգները այդ կեցվածքը պահպանի այդ բոլոր ատյաններում, բոլոր ժամանակներում, որպեսզի հատկապես Ադրբեջանին հստակ լինի, որ լուծման այլ տարբերակ չկա», - ասաց Մանոյանը:

Ինչ վերաբերում է Հայաստան-Թուրքիա հարաբերություններին, ապա Մանոյանը գտնում է, որ ԱՄՆ-ից պետք է պահանջել, որ ճնշում բանեցնի այդ երկրի վրա, որպեսզի այն լուրջ վերաբերվի Հայաստանի հետ հարաբերությունների խնդրին:

«Դրա հիմնական միջոցը ԱՄՆ-ի գործադիր իշխանության կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման վերահաստատումն է: Իսկ մյուս կողմից, ինչ վերաբերում է ընդհանրապես Հայաստան-Թուրքիա հարաբերություններին, Թուրքիայի նախագահ Գյուլի վերջերս կատարած հայտարարությունները ավելի շատ կարծես շղարշ են՝ ուղղված միջազգային համայնքին, որ ցույց տան, որ իբր կա ինչ-որ գործընթաց, սակայն իրականում ոչ գործընթաց էլ չկա», - ասաց ՀՅԴ-ի ներկայացուցիչը:

Նրա կարծիքով, Միացյալ Նահանգների պետքարտուղարին Հայաստանը պետք է ասի, որ եթե Թուրքիան շարունակի խոսել նախապայմաններով, ապա Հայաստանը հետ կվերցնի ստորագրությունը հայ-թուրքական արձանագրություններից:

Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը` Մանոյանն ասաց, թե միջնորդ երկրների` Միացյալ Նահանգների, Ֆրանսիայի եւ Ռուսաստանի համար այսօր առաջնայինը պատերազմի վերսկսման հավանականությունը գրեթե զրոյի հասցնելն է. - «Այլապես հարցի կարգավորման ակնկալիք մոտ ապագայում միջնորդ կողմերից ոչ մեկը, կարծում եմ, չունի: Հիմնական պատճառը Ադրբեջանն է, Ադրբեջանն էլ առնվազն այնքան ժամանակ, որ Անվտանգության խորհրդի անդամ է փորձելու է հարցը անպայման տեղափոխել ՄԱԿ: Ուրեմն` ապակառուցողական կեցվածքը Մինսկի խմբի գործընթացում շարունակելու է»:

Չբացառելով պատերազմի վերսկսման վտանգը` Կիրո Մանոյանը գտնում է, որ Արդբեջանն այսօր պատրաստ չէ պատերազմի:

XS
SM
MD
LG