Մատչելիության հղումներ

logo-print
Հունիսի 1-ին մեկնարկեցին բուհերի ընդունելության միասնական քննությունները: Այս տարի եւս թեստերը տպագրվել են Մեծ Բրիտանիայում` հնարավոր արտահոսքից խուսափելու համար:

Դիմորդները այսօր քննություն հանձնեցին «Կենսաբանություն», «Աշխարհագրություն» եւ «Ընդհանուր պատմություն» առարկաներից:
Առավոտյան ժամը 9-ից քննական կենտրոնում հավաքված դիմորդները լարված սպասում էին, թե ե՞րբ են բաժանվելու թեստերը: Հարցաշարերը հաղթահարելու համար նրանցից շատերը պատրաստվել էին 1-2 տարի:

Երեւանում կազմվել է 13, իսկ Լեռնային Ղարաբաղում 2 քննակենտրոն: Թիվ 189 ավագ դպրոցում տեղակայված քննակենտրոնի ղեկավար Էդուարդ Սանթրոսյանը նշեց, որ միջադեպեր քննության ընթացքում չեն գրանցվել: Երբեմն երիտասարդներից ոմանք դիմում են տարբեր հնարամտությունների, հարցերի պատասխանները փորձում են ստանալ բջջայինի օգնությամբ, բայց այս ամենը թույլ չտալու համար դահլիճներում եւ զուգարաններում տեղադրվել են խլացուցիչներ:

Ծնողները հնարավորություն ունեին հետեւել երեխաների աշխատանքին միջանցքում տեղադրված մոնիտորների միջոցով, սակայն ինչպես գրեթե յուրաքանչյուր տարի` նրանք դժգոհում էին դրանց քանակից, տեղադրման ձեւից, պատկերի որակից եւ այլն:

Դիմորդները լրացնում էին 80 հարցերից բաղկացած թեստը, որը ներառում է տարբեր բարդության վարժություններ եւ խնդիրներ:

«Թեստերը որոշակի բարդություններ ունեին, նախորդ տարիների համեմատ ավելի դժվար էին, խնդիրներից մի քանիսը դժվար էր հասկանալ եւ լուծել», - ասացին քննասենյակից արդեն դուրս եկող երիտասարդները:

Հունիսի 5-ին դիմորդները միասնական քննություն կհանձնեն «Հայոց լեզու» եւ «Հայ գրականություն» առարկաներից:

Այս տարի բուհեր ընդունվելու ցանկություն է հայտնել 18 107 դիմորդ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG