Մատչելիության հղումներ

Ադրբեջանական վարչակազմի ամենաազդեցիկ ներկայացուցիչներից մեկը` նախագահի աշխատակազմի հասարակական-քաղաքական բաժնի ղեկավար Ալի Հասանովը հինգշաբթի օրը Բաքվում` ոչ կառավարական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ, հանդես է եկել նախադեպը չունեցող ճառով։

Հասանովը քննադատել է Եվրոպական միությանը, արեւմտյան լրատվամիջոցներին, միջազգային իրավապաշտպան կազմակերպություններին, ինչպես նաեւ հարեւան Իրանի իշխանություններին ու ադրբեջանական ընդդիմությանը: Այս բոլոր ուժերին նա մեղադրել է հակաադրբեջանական արշավ կազմակերպելու մեջ։

«Amnesty International, Human Rights Watch, Freedom House` այս բոլոր կազմակերպություններին թվում է, թե Ադրբեջանը աֆրիկյան մի պետություն է: Որտե՞ղ էր Եվրոպան, երբ մենք զարգացած մշակույթ ունեինք», - հայտարարել է Հասանովը` իր 20-րոպեանոց ճառի մի զգալի մասը նվիրելով արեւմտյան լրատվամիջոցների քննադատությանը:

«Այդ լրատվամիջոցները 20 տարվա ընթացքում ոչինչ չասացին ղարաբաղյան հակամարտության մասին, բառ անգամ չասացին հայերի գործողությունների մասին։ Տեսեք, այդ Independent թերթը անընդհատ գրում է ինչ-որ ծեծված ընդդիմադիրների մասին։ Որեւէ տեղ աշխարհում ընդդիմությունն այնքան ազատ չէ, որքան Ադրբեջանում», - պնդել է բաքվեցի պաշտոնյան` անցնելով ուղղակի հայհոյանքների:

Հավաքվածների ապշահար հայացքների ներքո նա մի քանի թունդ հայհոյանք է տեղացել Եվրամիության պաշտոնյաների հասցեին` հայտարարելով. - «Տեսեք-տեսեք` նրանք մեզ հետ հարեւանության ծրագիր են իրականացնում։ Ո՞ւմ է պետք ձեր այդ «Արեւելյան գործընկերության» ծրագիրը, եթե ադրբեջանցի պաշտոնյաները տարիներով Եվրամիության մուտքի վիզա չեն կարողանում ստանալ»:

«Ավելի լավ է գնացեք ձեր ճգնաժամը հաղթահարեք», - դիմելով եվրոպացիներին` ասել է Հասանովը` որպես գլխավոր թիրախ ընտրելով գերմանացիներին: Պատճառը, թերեւս, այն է, որ Եվրոպայի խորհրդի` ադրբեջանցի քաղբանտարկյալների հարցերով հատուկ զեկուցող Քրիստոֆ Շտրասերը ազգությամբ գերմանացի է:

«Ի՞նչ է, Գերմանիայում սեփական պրոբլեմները քի՞չ են, չեմ հասկանում: Ավելի լավ կլիներ դրանք լուծեն, այլ ոչ թե խցկվեն Ադրբեջան իրենց խորհուրդներով։ Գերմանացիները չէի՞ն, որ թալանեցին Արեւելյան Եվրոպայի ողջ տնտեսությունը: Տեսեք` ինչ վիճակում են Հունաստանի, Ռումինիայի տնտեսությունները», - հայտարարել է Հասանովը:

Անդրադառնալով ադրբեջանական ընդդիմության պահվածքին` պաշտոնյան ասել է. - «Այդ մարդիկ հանդես են գալիս հակաադրբեջանական, հակապետական դիրքերից: Այդ ընդդիմությունը դեռ հույս ունի, որ Արեւմուտքն իրենց իշխանության է բերելու: Լավ է մեռնեք, քան նման գնով գաք իշխանության, հետո էլ կատարեք Արեւմուտքի հրահանգները»։ «Նման դիրքորոշում որդեգրած ընդդիմադիրներն ու լրագրողները պարզապես պետք է վախենան փողոց դուրս գալ», - հատուկ ընդգծել է նա։

Բաքվում կայացած հանդիպման ընթացքում Հասանովը չի մոռացել նաեւ հարեւան Իրանի իշխանություններին` հայտարարելով. - «Ձեր ամեն ինչը կեղծ է, թե՛ ձեր կրոնը եւ թե՛ ձեր կրոնական առաջնորդները»։

Ուղիղ հեռարձակում

Ցույց տալ մեկնաբանությունները

XS
SM
MD
LG