Մատչելիության հղումներ

logo-print

ՀՀԿ-ականները ճիշտ չեն համարում ընդդիմադիրների բոյկոտը


ԱԺ պատգամավոր Արտաշես Գեղամյան

ԱԺ պատգամավոր Արտաշես Գեղամյան

Ազգային ժողովի նորընտիր պատգամավորները այսօր անդրադարձան հինգերորդ գումարման խորհրդարանի հանդիսավոր նիստը բոյկոտելու երկու ընդդիմադիր խմբակցությունների` «Ժառանգության» եւ Հայ ազգային կոնգրեսի որոշմանը:

ՀԱԿ-ը, հիշեցնենք, նախօրեին տարածած իր հայտարարությունում այս որոշումը պայմանավորել էր կեղծված ընտրություններով եւ նաեւ այն հանգամանքով, որ հանդիսավոր նիստին ներկա է լինելու նախագահ Սերժ Սարգսյանը:

ՀՀԿ-ի համամասնական ցուցակով պատգամավոր ընտրված «Ազգային միաբանություն» կուսակցության ղեկավար Արտաշես Գեղամյանը, մեկնաբանելով ընդդիմադիրների այս քայլը, ասաց, թե չի կարծում, որ պայքարի նման ձեւը արդյունավետ է:

«Կարծում եմ` ՀԱԿ-ը, որն այսօր համալրել է իր շարքերում գիտելիքների մեծ պաշար ունեցող պատգամավորների, ճիշտ կլինի այդ գիտելիքները ծառայեցնի այս դահլիճում: Դա, ինչու չէ, կստիպի, որ յուրաքանչյուրս ավելի զգոն լինենք», - ասաց Գեղամյանը:

Անդրադառնալով լրագրողների այն դիտարկմանը, թե ժողովուրդը իրեն ավելի շատ որպես սուր քննադատություններ հնչեցնող գործչի է հիշում, Գեղամյանը ասաց, թե առաջիկայում էլ շատ լուրջ քննադատելու է, բայց` կառուցողական ուղղությամբ: Նաեւ ՀՀԿ-ին եք քննադատելո՞ւ, հարցրեցին լրագրողները:

«Ես կարծում եմ, որ այն մարդը, որը անկեղծորեն քննադատում է, ապա նա իրոք դիմացինի լավն է ուզում, իսկ եթե սխալ քաղաքականության պարագայում գովաբանում կամ փայլատակող աչքերով ճպճպացնում է, ուրեմն նա դժոխքի ճանապարհ է մղում իր գործընկերներին», - ասաց նա:

Լրագրողներից մեկը նկատեց. «Երբ Սերժ Սարգսյանը Ձեզ «դատարկ դհոլ» էր անվանում, Ձեր լավն էր ուզո՞ւմ»:

«Անշուշտ սթափեցնող արտահայտություններ էին. Սերժ Սարգսյանը ինձ է քննադատել, ես` իրեն, բայց այսօր, ի հեճուկս մեր երկրի թշնամիների, մենք բարեկամություն ենք անում եւ ոչ միայն բարեկամություն ենք անում, այլ ես, ի հեճուկս մեծարգո պարոն Ռոբերտ Քոչարյանի, գտնվում եմ Ազգային ժողովում: Ջերմ բարեւներ Ռոբերտ Սեդրակիչին: Եվ խնդրում եմ, հուշեք, չխանգարի Ազգային ժողովի բնականոն աշխատանքներին, իր գնացքը գնացել է», - պատասխանեց Գեղամյանը:

Հանրապետական մեկ այլ պատգամավոր` Ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը, անդրադառնալով ընդդիմադիրների որոշմանը, նշեց, որ եթե ժողովուրդը նրանց ձայն է տվել, ապա պետք էր գալ, մասնակցել նիստին:

«Թող գային իրենց ելույթներով, եթե դժգոհություններ ունեն, ասեին: Ճիշտ չէ: Կտեսնենք այս ընթացքում, որ Սերժ Սարգսյանը ներկա կլինի, իրեն շատ տեղեր երազելով, վազելով գնալու են: Ուղղակի հիմա իրենք հերթական քաղաքական ինտրիգն են ուզում անել, որը չի ստացվում իրենց մոտ», - ասաց Հայրապետյանը;

Այսօր Ազգային ժողով էր եկել նաեւ ՀՀԿ-ի ցուցակով պատգամավոր դարձած «Երկրապահ կամավորների միության» նախագահ Մանվել Գրիգորյանը: Նա երբեք պատգամավոր չի եղել եւ նոր պետք է իր ուժերը փորձի օրենսդիր աշխատանքում: Փորձեցինք Գրիգորյանից ճշտել, թե արդեն որոշե՞լ է` ինչ օրենսդրական նախաձեռնություններով է հանդես գալու:

«Նոր ենք եկել, դու գիտե՞ս, հեսա կիմանամ, կասեմ», - ասաց նա:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG