Մատչելիության հղումներ

Սահմանադրական դատարանը (ՍԴ) այսօր մերժեց ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի (ՀԱԿ) դիմումը` մայիսի 6-ի խորհրդարանական ընտրությունների պաշտոնական արդյունքները չեղյալ հայտարարելու պահանջով։

Սահմանադրական դատարանը որոշեց ուժի մեջ թողնել ընտրությունների արդյունքների վերաբերյալ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի մայիսի 13-ի որոշումը։

«Համադրելով դիմող եւ պատասխանող կողմերի ապացուցողական նշանակություն ունեցող փաստարկները, գնահատելով գործում առկա նյութերը, ՀՀ սահմանադրական դատարանը գտնում է, որ ընտրությունների արդյունքների վերաբերյալ ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի տրամադրության տակ եղած օրենքով նախատեսված հիմքերն իրենց ամբողջության մեջ օբյեկտիվ իրավական նախադրյալ են հանդիսացել մայիսի 13-ի որոշումն ընդունելու համար», - հայտարարեց Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանը։

Հիշեցնենք՝ մայսիսի 25-ից Սահմանադրական դատարանում ընթացող դատաքննության ընթացքում Հայ ազգային կոնգրեսը ներկայացրել էր իր փաստարկները եւ հիմնավորումները առ այն, որ ընտրությունների արդյունքը չի արտացոլում ընտրողների ազատ կամքը, ընտրական գործընթացն անցել է Սահմանադրության ու օրենսդրության զանգվածային խախտումներով, պետությունը չի երաշխավորել կրկնաքվեարկությունների բացառման պահանջը, կոպտորեն խախտվել է քաղաքական ուժերի միջեւ հավասար մրցակցության սահմանադրական եւ օրենսդրական պահանջը։

Անդրադառնալով Կոնգրեսի այն պնդումներին, որ քարոզչությանը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի, վարչապետ Տիգրան Սարգսյանի եւ այլ պաշտոնյաների մասնակցության արդյունքում խախտվել է հավասար ընտրական իրավունքը, Սահմանադրական դատարանն արձանագրել է, որ «նախընտրական քարոզչության ժամանակահատվածում պաշտոնատար անձանց կողմից ԸՕ-ով սահմանված սահմանափակումների խախտման վերաբերյալ ընտրություններին մասնակցող կուսակցությունների եւ դիմող կուսակցությունների դաշինքի կողմից որեւէ դիմում չի ներկայացվել եւ Վարչական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով քննության առարկա չի դարձել»։ ՍԴ-ն միաժամանակ նշել է, որ հավասար ընտրական իրավունքը ենթադրում է հնարավորությունների հավասարություն, իսկ դա ներառում է «լրատվամիջոցների կողմից լուսաբանումը, եթերաժամերի տրամադրումը, ընտրարշավի անկաշկանդ իրականացումը, խոսքի եւ արտահայտվելու ազատության երաշխավորումը. ընտրարշավի ֆինանսավորոման թափանցիկությունը եւ այլն»։ Ըստ այդմ՝ ՍԴ նախագահը հայտարարեց, որ մայիսի 6-ի ընտրությունների ժամանակ այս պահանջի կատարումը բոլոր դիտորդական առաքելությունների կողմից հիմնականում դրական է գնահատվել:

Իսկ Կոնգրեսի այն պնդման առնչությամբ, որ ընտրացուցակներում պետք է ընդգրկված լինեն միայն Հայաստանում բնակվող քաղաքացիները, քանի որ դա բնակչության պետռեգիստրի մասին օրենքի պահանջն է, Սահմանադրական դատարանը նշում է. նախ՝ Սահմանադրության 30 հոդվածով սահմանված է Հայաստանի՝ 18 տարին լրացած քաղաքացիների ընտրելու իրավունքը, եւ երկրորդ․ - «Սահմանադրաիրավական ներկա կարգավորումները չեն նախատեսում ընտրողների այնպիսի ցուցակների կազմում, որում չեն ներառվել ընտրական իրավունք ունեցող, հաշվառումից դուրս չեկած եւ Հայաստանի Հանրապետությունից բացակայող Հայաստանի Հանրապետության քաղաքացիները»։

Ցուցակների ուռճացման, կրկնաքվեարկությունների, լցոնման հնարավորություններին առնչվող Հայ ազգային կոնգրեսի փաստարկներին ի պատասխան էլ Սահմանադրական դատարանը վկայակոչում է այն փաստը, որ հատուկենտ ընտրատեղամասերում են ընտրության արդյունքները բողոքարկվել. 1982 տեղամասերից ընդամենը 6 դիմում է ներկայացվել քվեարկության արդյունքներն անվավեր ճանաչելու վերաբերյալ, իսկ վերահաշվարկի դիմումներ ներկայացվել են միայն 11 ընտրատեղամասերում, որը կազմում է ընդհանուր թվի 0.55 հարյուրերորդական տոկոսը, այն դեպքում, երբ միայն համասնական ընտրակարգով ընտրական գործընթացը վերահսկել են 19493 վստահված անձ, որից 9760-ը ներկայացրել են ընտրական գործընթացի վերահսկման միասնական շտաբում ընդգրկված կուսակցությունները։

Իսկ Կոնգրեսի այն փաստարկը, որ բողոքարկման իրավունքից չեն օգտվել՝ համակարգը ոչ արդյունավետ համարելու պատճառով՝ դատարանի կարծիքով հիմնավոր չէ։

«Սահմանադրական դատարանը նման փաստարկը հիմնավոր չի համարում տվյալ գործընթացին մասնակցողի համար, եւ արձանագրում է, որ առանձին տեղամասերում, այնուամենայնիվ, եղել են նման դիմումներ», - նշեց Գագիկ Հարությունյանը։

ՀԱԿ-ի դիմումի վերաբերյալ Սահմանադրական դատարանի ծավալուն որոշումը դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանն ընթերցեց մեկ ժամ:

Նիստից հետ դատարանում ՀԱԿ ներկայացուցիչ Վահե Գրիգորյանը չմեկնաբանեց որոշումը, հայտարարելով, որ մեկնաբանություններով հանդես կգա որոշմանը մանրամասն ծանոթանալուց հետո:

Իսկ ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանը մեզ փոխանցեց, որ իրենք այլ որոշում չէին էլ սպասում։

«Բացարձակ կանխատեսելի էր։ Ակնհայտ է, որ եթե այս ընտրակեղծարարությունը կատարվում է պետականորեն կազմակերպված ձեւով, այսինքն՝ այս ամբողջը կրում է համակարգված բնույթ, պարզ չէ՞, որ այս ամբողջ համակարգի մի մասը պիտի լինի Սահմանադրական դատարանը», - նշեց Զուրաբյանը, հավելելով, որ ՍԴ են դիմել ուղղակի իրենց ձեռքի տակ եղած փաստարկները հանրությանը բարձր դատարանի դահլիճից ներկայացնելու համար:

XS
SM
MD
LG