Մատչելիության հղումներ

logo-print

Ծառուկյանը չմասնակցեց Ազգային ժողովի առաջին նիստին


ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյան

ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյան

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության (ԲՀԿ) առաջնորդ Գագիկ Ծառուկյանը այսօր չմասնակցեց հինգերորդ գումարման Ազգային ժողովի առաջին նիստին։ ԲՀԿ խմբակցության նորընտրիր պատգամավորները նրան նիստից առաջ երկար սպասեցին, ապա միայնակ բարձրացան նիստերի դահլիճ:

ԲՀԿ-ի ղեկավարի մամուլի քարտուղարը դժվարացավ պատասխանել «Ազատություն» ռադիոկայանի հարցին, թե ինչո՞ւ Ծառուկյանը չմասնակցեց նոր խորհրդարանի անդրանիկ նիստին, որին ներկա էր նաեւ նախագահ Սերժ Սարգսյանը: Մինչդեռ ԲՀԿ ղեկավար անդամ Նաիրա Զոհրաբյանը Ծառուկյանի բացակայությունը բացատրեց աշխատանքային ծանրաբեռնվածությամբ: Հարցին, թե արդյո՞ք այս կերպ Ծառուկյանը բոյկոտում է խորհրդարանի առաջին նիստը, ինչպես դա արեցին ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի եւ «Ժառանգություն» խմբակցության պատգամավորները, Զոհրաբյանը պատասխանեց, թե «բոյկոտի մասին խոսք լինել չի կարող»:

«Պարզապես աշխատանքային որոշակի ծանրաբեռնվածության պատճառով այսօրվա առաջին նիստին Գագիկ Ծառուկյանը չմասնակցեց։ Բայց վստահ եղեք, որ Ծառուկյանը այնուհետեւ անպայմանորեն նիստերին մասնակցելու է։ Երեկ Ծառուկյանը հավաքել է խմբակցությանը եւ շատ բարձր տրամադրությամբ բարի աշխատանք է մաղթել եւ հորդորել է լինել ակտիվ, նախաձեռնող, հորդորել է միանալ բոլոր այն նախաձեռնություններին, որոնք բխում են ժողովրդի շահերից, անկախ նրանից, թե որ քաղաքական ուժը կներկայացնի այդ նախաձեռնությունը», - ասաց Զոհրաբյանը:

ԲՀԿ նորաթուխ պատգամավոր Վարդան Օսկանյանն էլ հորդորեց Ծառուկյանի բացակայության մեջ ինչ-որ բան չփնտրել:

«Հարմար չի գտել, չի եկել: Եթե որոշում լիներ բոյկոտելու, բոլորս չէինք գա, բայց այդպիսի խնդիր չունեինք», - ասաց նա:

Հարցին, թե ԲՀԿ-ն վերջիվերջո խորհրդարանում ընդդիմությո՞ւն է լինելու, Օսկանյան պատասխանեց, թե ամեն ինչը սեւ ու սպիտակի մեջ չպետք է նայել:

«ԲՀԿ-ն ինչպես ընտրարշավի ընթացքում, այնպես էլ այսօր իրեն համարում է այլընտրանք գործող իշխանության, խորհրդարանում քաղաքական մեծամասնության: Այնպես որ մենք այդ գիծը շարունակելու ենք», - ասաց նա:

Օսկանյանը այդպես էլ հստակ չպատասխանեց, թե արդյո՞ք ԲՀԿ-ն այլընտրանք ասելով հասկանում է ընդդիմություն. - «Ոնց ուզում եք մեկնաբանեք, մենք այսպես ենք ձեւակերպում մեր դիրքորոշումը»:

Օսկանյանը ասաց նաեւ, որ դեռ վաղ է խոսել ԲՀԿ-ի` նախագահի սեփական թեկնածուի մասին:

«Ամեն ինչ իր ժամանակին: Գիտեմ, որ բոլորին դա է հետաքրքրում, բայց այդ թեման մեր մոտ չի քննարկվել: Ժամանակը կգա, վստահ եմ, որ դրա պատասխանը մեզանից անպայման կլսեք», - ասաց Օսկանյանը:

Նա նաեւ անդրադարձավ խորհրդարանում նախագահ Սերժ Սարգսյանի ելույթին` ասելով, թե համաձայն չէ նախագահի հնչեցրած գնահատականների հետ:

«Ընտրությունների հետ կապված առհասարակ… ինչ-որ մտքեր ասվեցին նախագահի կողմից, որ, բնականաբար, գոնե այսօր Հայաստանում առկա իրավիճակը չի արտացոլում», - ասաց Օսկանյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG