Մատչելիության հղումներ

Ղարաբաղի հայտարարությունը` ՄԱԿ-ում


ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստը, արխիվային լուսանկար

ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստը, արխիվային լուսանկար

ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցչությունից տեղեկացնում են, որ կազմակերպության գլխավոր քարտուղար Բան Կի-մունին եւ Անվտանգության խորհրդի անդամ երկրներին է տրամադրվել Լեռնային Ղարաբաղի արտգործնախարարության հայտարարությունը մայիսյան Եռատոնի կապակցությամբ։

Հայտարարությունում, մասնավորապես, ասված է. - «Մայիսի 9-ը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության (Արցախի Հանրապետության) ժողովրդի համար եռակի տոն է։ Այդ օրը Արցախի ժողովուրդը մյուս ազգերի հետ միասին նշում է ազգային միասնության, հաշտության եւ ազատության տոնը՝ Երկրորդ աշխարհամարտի ավարտի կապակցությամբ: […] Մայիսի 9-ին Արցախի ժողովուրդը միաժամանակ նշում է Շուշիի ազատագրման 20-ամյակը։ […] Մայիսի 9-ը խորհրդանշում է միաժամանակ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Պաշտպանության բանակի կազմավորման տարելիցը, Արցախի ժողովրդի՝ սեփական պատիվը, անվտանգությունն ու ազատությունը պաշտպանելու կամքը»

Նշելով, որ Շուշին 18-19-րդ դարերում ձեւավորվել եւ զարգացել է որպես հայության մշակութային եւ հոգեւոր գլխավոր կենտրոններից մեկը, 20-րդ դարի սկզբին ավերվել ու հրի է մատնվել Ադրբեջանի զինված միավորումների կողմից, եւ վերջին հայկական ընտանիքները Շուշին լքել են 1980-ականների վերջերին՝ «չցանկանալով կիսել Սումգայիթում եւ Ադրբեջանի այլ բնակավայրերում սպանդի ենթարկված հայերի ճակատագիրը», Ղարաբաղի արտգործնախարարությունը շարունակում է. - «Շուշին, որ գտնվում է ԼՂՀ մայրաքաղաք Ստեփանակերտի կողքին հառնող բարձունքում, 1990-ականների սկզբին դարձավ Ադրբեջանի ռազմական ագրեսիայի, մասնավորապես, Արցախի մայրաքաղաքի ավերիչ գնդակոծության համար գլխավոր բազաներից մեկը։ Շուշիից արձակված օրական 300-400 հրթիռների վերջնակետը դարձավ Ստեփանակերտը՝ քաղաքի բնակչությանը տեղահանելով դեպի նկուղներ, առաջացնելով հարյուրավոր տուժածներ եւ զոհեր, եւ ավերելով քաղաքի շինությունների կեսից ավելին։ Շուշիի հայկական բնակչության, նրա մշակութային ժառանգության նկատմամբ Ադրբեջանի վերաբերմունքը լավագույնս արտահայտում է այն, թե ինչպես էր դարերի պատմություն եւ սրբավայր հանդիսացող Շուշիի Սուրբ Ղազանչեցոց եկեղեցին վերածվել հայկական բնակչության գլխին թափվող արկերի ռազմական պահեստի։ Ադրբեջանական բանակի կողմից շրջափակման մեջ գտնվող Արցախի բնակչությունը կանգնած էր ոչնչացման եզրին։ Այս ճակատագրական պահին Արցախի ինքնապաշտպանական ուժերի կողմից ձեռնարկված ռազմական գործողության շնորհիվ 1992 թվականի մայիսի 9-ին ադրբեջանական ուժերը լքեցին քաղաքը։ Հաջորդած գործողություններով արցախահայությունը բացեց Հայաստանի հետ կապի միջանցքը, որը հայտնի դարձավ որպես «կյանքի ճանապարհ»։

Ակնարկելով նաեւ օրեր առաջ Բան Կի-մունին ՄԱԿ-ում Ադրբեջանի մշտական ներկայացուցիչ Ագշին Մեհթիեւի հղած նամակը, որում բողոք էր արտահայտված Եռատոնի առթիվ Ստեփանակերտում անցկացված զորահանդեսի կապակցությամբ, Ղարաբաղի արտաքին քաղաքական գերատեսչությունը շեշտում է. - «Զավեշտալի է հաղթանակի օրվան նվիրված ռազմական շքերթի նկատմամբ Ադրբեջանի անհանգստությունն ու բողոքը. մի երկրի, որը ԼՂՀ ժողովրդի՝ ինքնորոշման իրավունքի իրականացմանը պատասխանեց Ղարաբաղի հարակից տարածքներում եւ բուն Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտումների քաղաքականությամբ, սանձազերծեց լայնածավալ ռազմական ագրեսիա՝ հայտնի միջազգային ահաբեկչական ցանցերի, հազարավոր վարձկան-գրոհայինների ներգրավմամբ։ Ինքնորոշված Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դեմ Ադրբեջանի ագրեսիայի հետեւանքով առ այսօր օկուպացիայի տակ են գտնվում ԼՂՀ առանձին տարածքներ, իսկ ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում գրեթե ամեն օր կազմակերպվում են սադրանքներ եւ դիվերսիոն գործողություններ։ Զուգահեռաբար, պաշտոնական Բաքուն մշտապես հանդես է գալիս ռազմատենչ հայտարարություններով, ԼՂՀ ժողովրդի նկատմամբ անմիջական սպառնալիքներով, կարծես թե «մոռանալով» 1994 թվականի կրակի դադարեցման վերաբերյալ համաձայնագիրը, որի տակ դրված են Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի ներկայացուցիչների ստորագրությունները»:

Ղարաբաղի արտգործնախարարությունը ընդգծում է, որ «միայն վերջին յոթ տարիների ընթացքում Ադրբեջանը քսանապատկել է իր ռազմական ծախսերը՝ խախտելով սպառազինությունների՝ միջազգայնորեն ստանձնած բոլոր թույլատրելի առաստաղները։ Այսպիսով, տարածաշրջանի ռազմականացման ողջ պատասխանատվությունը կրում են Ադրբեջանի իշխանությունները, որոնց քաղաքականությունը սպառնում է տարածաշրջանային անվտանգությանը»։

«Անընդունելի համարելով Ադրբեջանի ծայրահեղ ռասիստական քարոզչությունը եւ պատերազմի բացահայտ սպառնալիքները՝ Արցախի ժողովուրդը հաստատակամ է շարունակելու ժողովրդավարական արժեքների վրա հիմնված պետության ամրապնդման գործընթացը։ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը հայտարարում է, որ Ադրբեջանի Հանրապետությունն է պատասխանատու Լեռնային Ղարաբաղի հիմնահարցը՝ ի սկզբանե որդեգրած ուժային քաղաքականությամբ զինված հակամարտության վերածելու եւ այդ քաղաքականության շարունակությամբ ադրբեջանա - ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանը խոչընդոտելու համար», - ասված է հայտարարությունում։

Ղարաբաղի արտգործնախարարությունը կոչ է անում միջազգային հանրությանը «համարժեք արձագանք տալ ՄԱԿ-ի կանոնադրության եւ Հելսինկյան եզրափակիչ ակտի նպատակներին եւ սկզբունքներին հակասող Ադրբեջանի վարքագծին՝ կանխելու համար տարածաշրջանային անվտանգությանը սպառնացող հնարավոր ադրբեջանական նոր արկածախնդրությունը»:

Հայտարարությունը` որպես ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի եւ Անվտանգության խորհրդի փաստաթղթեր, պաշտոնապես կտարածվի հաջորդ շաբաթվա ընթացքում, հաղորդում է Հայաստանի արտգործնախարարության մամուլի եւ տեղեկատվության վարչությունը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG