Մատչելիության հղումներ

5-րդ գումարման ԱԺ խոսնակը Հովիկ Աբրահամյանն է


5-րդ գումարման Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյան

5-րդ գումարման Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյան

Հովիկ Աբրահամյանը խորհրդարանի խոսնակ ընտրվեց 5-րդ գումարման Ազգային ժողովի առաջին նիստում` պատգամավորների փակ գաղտնի քվեարկությամբ (102 կողմ եւ 4 դեմ):

Քվեարկությանը չմասնակցած ՀՅԴ պատգամավորներից Արմեն Ռուստամյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց, որ հասկանում են, որ իրենց 5 ձայներով չէին կարող ազդել արդյունքի վրա, ուստի որոշեցին չքվեարկել:

«Բարգավաճ Հայաստան»-ը ազատ քվեարկության որոշում էր կայացրել:

Խորհրդարանի նախագահի առոթը նախորդ հրաժարականից 7 ամիս հետո կրկին զբաղեցնելով` Աբրահամյանն անակնկալ հայտարարություն արեց. - «Դժբախտությունը հիվանդանում է, բայց չի մահանում»:

Աբրահամյանը առաջադրված միակ թեկնածուն էր: ՀՀԿ-ի փոխնախագահ Գալուստ Սահակյանը, ով առաջադրեց իր գործընկերոջ թեկնածությունը, ասաց, որ Հովիկ Աբրահամյանը «կյանքի բովով անցած մարդ է», գալիս է Ազգային ժողով` «հանդուրժողական մթնոլորտ ստեղծելու»:

«Եկել է աշխատելու ժամանակը», - խորհրդարանի ամբիոնից հայտարարեց նորընտիր խոսնակը:

Լրագրողների հետ զրույցում Աբրահամյանն ասաց, որ Հանրապետության նախագահի գլխավորությամբ քննարկում են անցկացրել, որոշվել է, որ բացակայություններ չեն լինի: Նախորդ գումարման խորհրդարանի նիստերից, հիշեցնենք, հիմնականում բացակայում էին գործարար պատգամավորները:

«Դա եղել է առաջին պայմանավորվածությունը այն բոլոր թեկնածուների հետ, ովքեր ցանկացել են դառնալ Ազգային ժողովի պատգամավոր», - հավելեց նա:

5-րդ գումարման Ազգային ժողովի առաջին նիստին մասնակցում էին Հայաստանի նախագահը, Ամենայն հայոց կաթողիկոսը, կառավարության ողջ կազմը:

Բացակա էին Հայ ազգային կոնգրեսի, «Ժառանգության» ներկայացուցիչները: Ուշադրություն գրավեց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի բացակայությունը:

Մանդատները վերցնելու եւ Ազգային ժողովի աշխատանքներին մասնակցելու հարցը «Ժառանգություն»-ը կքննարկի շաբաթ օրը կայանալիք համագումարում:

ՀԱԿ-ը խորհրդարանի առաջին նիստին չէր մասնակցում` նաեւ Սերժ Սարգսյանի ներկայության պատճառով:

Չնայած ընդդիմադիրները բացակա էին, իր խոսքում երկրի նախագահ Սերժ Սարգսյանն ասաց, թե ուրախ է, որ նախորդ գումարման խորհրդարանում ներկայացված բոլոր քաղաքական ուժերը ներկա են նոր Ազգային ժողովում:

Նա հատուկ շնորհավորեց Հայ ազգային կոնգրեսի մուտքը օրենսդիր մարմին. - «Կարծում եմ, մենք ունենք ակտիվ խորհրդարան, որտեղ ամբիոն ունեն քաղաքական դաշտի հիմնական ազդեցիկ ուժերը»:

Մայիսի 6-ից հետո առաջին անգամ Սերժ Սարգսյանը ներկայացրեց նաեւ իր գնահատականը անցած ընտրություններին` «հասուն» բնորոշելով դրանք:

«Հայաստանում յուրաքանչյուր ընտրություն պետք է էապես լավը լինի, քան նախորդներն են եղել: Մեզ հաջողվեց այդպիսի ընտրություններ անցկացնել եւ մեզ կհաջողվի նաեւ էապես բարձրացնել մեր աշխատանքի արդյունավետությունն ու հասցեականությունը: Անձամբ ես տրամադրված եմ աշխատելու, եւ աշխատելու բոլորի հետ», - ասաց Սերժ Սարգսյանը:

Վեհափառ հայրապետ Գարեգին Երկրորդը օրհնեց նորընտիր Ազգային ժողովը:

Այսօր ընտրվեցին նաեւ Ազգային ժողովի փոխնախագահները` ՀՀԿ խմբակցության անդամներ Հերմինե Նաղդալյանն ու Էդուարդ Շարմազանովը: Ընտրվեցին նաեւ խորհրդարանի 12 մշտական հանձնաժողովների նախագահները: Բոլոր պաշտոններում ընտրված անձինք առաջադրված միակ թեկնածուներն էին: Հանձնաժողովներից 8-ը կղեկավարեն ՀՀԿ-ի ներկայացուցիչները, 4-ը` «Բարգավաճ Հայաստան»-ի:

XS
SM
MD
LG