Մատչելիության հղումներ

logo-print
Ազգային ժողովի հանրապետական պատգամավոր, գործարար Սամվել Ալեքսանյանը հինգշաբթի օրը լրագրողների հետ զրույցում հայտարարեց, որ օրեր առաջ Երեւանի Փակ շուկայի կամարները ինքնափլուզվել են:

«Իրան իրան քանդվել է, որովհետեւ 52 թվի կառույց է: Հիմա հանձնաժողով է ստեղծվել, որ նայեն, թե ինչից է քանդվել: Գիշերը տեխնիկա չէր մտել, գիշերը ընդամենը որ [կամարը] պատին հենված էր, կարող է վնաս տար, փուլ գար ժողովրդի վրա, ընդամենը նենց ենք արել, որ ոչ մի բան չլինի», - ասաց Ալեքսանյանը:

Հիշեցնենք, Երեւանի պատմամշակութային հուշարձանների ցանկում ներառված Փակ շուկայի կամարները փլուզվել էին մայիսի 27-ի գիշերը տարածքում կատարված շինարարական աշխատանքների արդյունքում: Շուկայի ճակատագրով մտահոգված ակտիվիստների ահազանգից հետո աշխատանքները դադարեցվել էին:

Սամվել Ալեքսանյանն այսօր ասաց` չգիտի, թե ինչի պատճառով են փլուզվել կամարները:

«Երբ էդ հանձնաժողովը եզրակացությունը կտա, իրենց հարցրեք: Ինքը [շենքը] շատ վատ էր, սենց թե նենց սեյսմիկները ասել էին, որ ինքը պետք է քանդվեր: Բայց թե էդ վախտ խի քանդվավ, ես չեմ իմանում», - ասաց նա:

Ալեքսանյանը նաեւ վստահեցրեց, որ Փակ շուկան չի վերածվելու մեծ, բազմահարկ «Երեւան Սիթի» սուպերմարկետի, ինչպես պնդում է մամուլը:

«Պատերի տակ ինչ ասես խոսում են: Դառնալու է շուկա, շուկա` ոնց որ հիմա կա: Ոչ մի բազմահարկ շենք էլ չի լինելու: Մեկ հարկանի շուկա: Ոչ թե «Երեւան Սիթի», այլ «Երեւան շուկա»: Կամարները վերականգնվելու են», - ասաց նա:

Ալեքսանյանը նաեւ հաստատեց, որ իրենք միայն ստորգետնյա ավտոկայանատեղիի շինարարության համար թույլտվություն ունեն. - «Մենք ստայանկի համար թույլատվություն ունենք, էդ ստայանկի գործերն էինք անում, մնացածը… վերեւի մասը թղթերը երբ որ կլինի, կանենք»:

Ուղիղ հեռարձակում

Ցույց տալ մեկնաբանությունները

XS
SM
MD
LG