Մատչելիության հղումներ

Հայաստանի կառավարությունը հրաժարական է ներկայացրել: Այդ մասին հինգշաբթի օրը գործադիրի նիստում հայտարարեց վարչապետ Տիգրան Սարգսյանը:

«Այսօրվա մեր նիստը ես ուզում եմ սկսել ընթերցելով մեր երկրի Սահմանադրության 55-րդ հոդվածի պահանջը, որը վերաբերում է Հայաստանի Հանրապետության կառավարությանը։ «Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 4-րդ կետը եւ հաշվի առնելով, որ 2012 թվականի մայիսի 31-ին գումարվել է Հայաստանի Հանրապետության նորընտիր Ազգային ժողովի առաջին նիստը, ես Հանրապետության Նախագահին եմ ներկայացրել կառավարության հրաժարականը: Միեւնույն ժամանակ մենք ձեզ հետ միասին պարտավոր ենք շարունակել կատարել մեր պարտականությունները մինչեւ նոր կառավարության կազմավորումը», - ասաց վարչապետը:

Հայաստանի Սահմանադրության 55-րդ հոդվածում նաեւ նշված է. «Հանրապետության Նախագահը վարչապետ է նշանակում կառավարության հրաժարականի ընդունումից հետո՝ տասնօրյա ժամկետում: Կառավարությունը կազմավորվում է վարչապետի նշանակումից հետո` քսանօրյա ժամկետում»:

Երբ սպառվեց կառավարության այսօրվա նիստի օրակարգը, խոսք խնդրեց քաղաքաշինության նախարար, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ Վարդան Վարդանյանը:

«Պարոն վարչապետ, հաշվի առնելով, որ կառավարությունը արդեն հրաժարական տվեց, եւ գիտեք, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունն էլ քաղաքական որոշում է կայացրել, ես օգտվելով առիթից ուզում եմ շնորհակալություն հայտնել մեր բոլոր գործընկերներին այս հինգ տարվա համատեղ աշխատանքի համար, բոլորին առողջություն եւ հաջողություն ցանկանալ», - ասաց Վարդանյանը:

«Ես էլ ուզում եմ շնորհակալություն հայտնել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության մեր գործընկերներին, ովքեր մեզ հետ այս տարիների ընթացքում կառավարության ծանր լուծը տարել են իրենց ուսերի վրա», - պատասխանեց վարչապետը:

Կառավարության նիստից հետո, երբ գործադիրի անդամները հեռանում էին կառավարության շենքից, ԲՀԿ-ական նախարարներից փորձեցինք ճշտել, թե հետայսու իրենք ինչո՞վ են զբաղվելու (ԲՀԿ-ի` կոալիցիային մաս չկազմելու որոշումից հետո կուսակցությունը նախարարական պորտֆելներ այլեւս չի ունենա կառավարությունում):

«Դեռ որոշված չէ, թե հետագայում ինչ ենք անելու: Կհանգստանանք, հետո կորոշենք», - ասաց քաղաքաշինության նախարար Վարդան Վարդանյանը:

Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արթուր Գրիգորյանն էլ ասաց, որ առաջիկա երեք ամիսների ընթացքում պատրաստվում է հանգստանալ, որից հետո կորոշի ինչով զբաղվել:

«Համենայնդեպս, գործազուրկ չեմ լինի», - ասաց նա:

Լրագրողներից մեկը հարցրեց, թե հնարավո՞ր է, որ ԲՀԿ-ական չորս նախարարներից որեւէ մեկը դուրս գա կուսակցությունից` փոխարենը պահելով պաշտոնը:

«Ես իմ փոխարեն կարող եմ պատասխանել. Ո’չ, դուրս չեմ գա», - ասաց Գրիգորյանը` հավելելով, թե ընթացքը ցույց կտա` ինչպիսի կուրս կընտրի ԲՀԿ-ն:

Նշենք, որ նախորդ տարիներին նման նախադեպեր եղել են: 2006 թվականի մայիսին «Օրինաց երկիր» կուսակցությունը դուրս եկավ իշխող քաղաքական կոալիցիայից, կուսակցության ղեկավար Արթուր Բաղդասարյանն էլ հրաժարական տվեց Ազգային ժողովի նախագահի պաշտոնից, եւ ընդամենը օրեր անց այն ժամանակ քաղաքաշինության նախարար Արամ Հարությունյանը դիմում ներկայացրեց ՕԵԿ-ից դուրս գալու մասին: Այդ դիմումից հետո Հարությունյանը քաղաքաշինության նախարարի պաշտոնում մնաց եւս մոտ մեկ տարի: 2007 թվականի հունիսից մինչ օրս Հարությունյանը, ով արդեն Հանրապետական կուսակցության անդամ է, զբաղեցնում է բնապահպանության նախարարի պաշտոնը:

Ուղիղ հեռարձակում

Ցույց տալ մեկնաբանությունները

XS
SM
MD
LG