Մատչելիության հղումներ

Լեռնային Ղարաբաղի մայրաքաղաքի դրամատիկական թատրոնի բեմը կհարմարեցվի օպերային ներկայացումներ խաղալու համար:

Երեւանի պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր Հովհաննես Հովհաննիսյանի կարծիքով, այդ ուղղությամբ աշխատանքները կավարտվեն 2.5-3 տարվա ընթացքում:

Ստեփանակերտի համերգային դահլիճներից մեկում վերջին երկու տարիների ընթացքում երկու անգամ բեմադրվել է Արմեն Տիգրանյանի «Անուշ» օպերան: Հետո Ստեփանակերտի դրամատիկական թատրոնի բեմում բեմադրվեց իտալացի կոմպոզիտոր Ջովաննի Բատիստա Պերգոլեզիի «Սպասուհին՝ տիրուհի» օպերան՝ նվագախմբին հատկացնելով հանդիսատեսի նստատեղերի առաջին երկու շարքերը: Եվ քանի որ դահլիճները հարմարեցված չէին օպերային ներկայացումների համար, օպերային թատրոն ունենալու պահանջը գաղափարից վերածվեց առաջարկների:

Հովհաննես Հովհաննիսյանի խոսքով, Ստեփանակերտի բնակիչները սիրեցին օպերային ժանրը, թեեւ պատմության ընթացքում Լեռնային Ղարաբաղում ոչ միայն չի եղել օպերային թատրոն, այլեւ օպերային ներկայացումներ չեն խաղացվել. - «Շուշին մեծ մշակութային կենտրոն է եղել, դրամատիկ թատրոն է ունեցել, բայց օպերային թատրոն չի եղել»:

Օպերային ներկայացումների համար նոր շենք չի կառուցվի, փոխարենը կվերանորոգվի եւ կձեւափոխվի Ստեփանակերտի դրամատիկական թատրոնի շենքը: Հովհաննիսյանի խոսքով, աշխարհում ընդունված է, որ միեւնույն շենքը ծառայում է թե՛ ֆիլհարմոնիկ համերգների, թե՛ դրամատիկ, թե՛ բալետային եւ թե՛ օպերային ներկայացումների համար:

Օպերային թատերախումբը գրեթե ձեւավորված է, քանի որ ե՛ւ Հովհաննես Հովհաննիսյանի, ե՛ւ դիրիժոր, պրոֆեսոր Հովհաննես Միրզոյանի խոսքով, լավ ձայներ կան. արտիստներից ոմանք սովորում են Երեւանի պետական կոնսերվատորիայում, ոմանք դեռ սովորելու են:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG