Մատչելիության հղումներ

Երեւանում համայնքային ոստիկանություն է ներդրվում


Հայաստանի մայրաքաղաքում հունիսի 1-ից համայնքային ոստիկանության նոր մոդել է ներդրվում։

Նախատեսվում է ստեղծել համայնքային ոստիկանական ստորաբաժանումներ քաղաքում, որտեղ կներգրավվեն մոտ 300 ոստիկաններ: ԵԱՀԿ-ի երեւանյան գրասենյակի աջակցությամբ այս տարվա մարտ ամսին կազմակերպվել են երեքշաբաթյա գործնական դասընթացներ համայնքային ոստիկանությունում ներգրավված ոստիկանների համար:

Այսօր Ոստիկանությունում ԵԱՀԿ-ի գրասենյակի աջակցությամբ կազմակերպվել է հանդիպում նոր մոդելի վերաբերյալ։ Միջոցառման ընթացքում Երեւանի ոստիկանական բաժինների եւ լրատվամիջոցների ներկայացուցիչներին է ներկայացվել «Համայնքային ոստիկանության ոլորտում ներգրավված ոստիկանության աշխատակիցների համար ուղեցույցը»` մշակված Միացյալ Թագավորությունից համայնքային ոստիկանության փորձագետ Դեյվիդ Այենսոնի կողմից, ԵԱՀԿ-ի աջակցությամբ:

«ԵԱՀԿ-ի երեւանյան գրասենյակն արդեն մի քանի տարի աջակցում է Հայաստանում համայնքային ոստիկանության մոդելի` որպես ժողովրդավարական ոստիկանական պրակտիկայի ներդրմանը եւ իրագործմանը: ԵԱՀԿ-ի գրասենյակը կշարունակի իր աջակցությունը Երեւանում նոր մոդելի կիրառման գործում», - նշել է գրասենյակի ռազմաքաղաքական ծրագրերի ղեկավար Լիլիան Շալառուն:

«Համայնքային ոստիկանությունը ոստիկանական գործունեության յուրահատուկ ուղղություն է, որը հիմնված է ոստիկանության եւ համայնքի սերտ համագործակցության վրա եւ նպատակ ունի արդյունավետորեն լուծելու համայնքի խնդիրները եւ նրան մատուցել որակյալ ոստիկանական ծառայություն», - ԵԱՀԿ-ի երեւանյան գրասենյակի հաղորդագրության համաձայն` ասել է Հայաստանի ոստիկանության պետի տեղակալ գեներալ-մայոր Արթուր Օսիկյանը։

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG