Մատչելիության հղումներ

Երեւանի կենտրոնում կառուցապատողը ծառեր հատեց


Ծառահատում եւ քաշքշուկ՝ Երեւանի կենտրոնում
please wait

No media source currently available

0:00 0:06:05 0:00
Չորեքշաբթի առավոտնից կռիվ էր սկսվել Երեւանի կենտրոնի բակերից մեկի բնակիչների եւ այդ բակում կառուցապատում իրականացնող ընկերության ներկայացուցիչների միջեւ: Նրանք միմյանց հասցեին վիրավորանքներ էին հնչեցնում, քաշքշում իրար, մինչեւ ոստիկանությունը ժամանեց:

Երեւանի կենտրոնում Թումանյան, Նալաբանդյան, Ավագ Պետրոսյան փողոցներով եւ Սայաթ-Նովայի պողոտայով պարփակված տարածքի շենքերի հենց մեջտեղում «Ավագշին» ՍՊԸ-ն բազմաֆունկցիոնալ էլիտար շենք է կառուցում: Նախկին մանկապարտեզի եւ մասնավոր տների տարածքում վեր է խոյանալու յոթ հարկանի չորս շենք: Բնակիչներն ասում են՝ չորս շենքերի մեջտեղում յոթ հարկանի եւս չորս շենքերի հայտնվելը պարզապես անընդունելի է՝ ազատ տարածություն չի մնա:

«Օդ չի մնում շնչելու, մեզ լույսից են զրկում, օդից են զրկում, նորմալ միջավայրից են զրկում, ծառերն են կտրում», - թվարկում էր բնակչուհիներից մեկը:

Կառուցապատողն այսօր եկել էր, որպեսզի կտրեր տարածքում գտնվող ծառերը. պիտանիները տեղափոխելու էին, իսկ ոչ պիտանները՝ պարզապես ոչնչացնելու էին: Բնակիչներից ոմանք փակել էին ծառերը տեղափոխելու համար բերված ավտոմեքենայի ճանապարհը, բայց երբ եկավ ոստիկանությունը, կառուցապատողը կարողացավ եւ չորացած, եւ կանաչ ծառերը հատել:

Ծառահատումը դադարեցվեց, երբ բնակիչներից մեկը պարզապես չթողեց տեխնիկային աշխատել:

Այդ ընթացքում «Ավագշին» ըներության նախագահ, մոսկվաբնակ Գեւորգ Մարդանյանն ու նրա ներկայացուցիչները լրագրողներին ցույց էին տալիս այն փաստաթղթերը, որոնց հիման վրա էլ կառուցում են շինությունը: Կա կառավարության 2010 թվականի որոշումը, ըստ որի այդ տարածքը հատկացվել է ընկերությանը: Կա թույլտվություն տարածքում երկրաբանական հետազոտություններ անցկացնելու համար, որպեսզի պարզ դառնա՝ կարելի՞ է այդտեղ շենք կառուցել, թե՝ ոչ: Կա նաեւ քաղաքապետարանի կողմից նախագիծ՝ ծառերի հատման ու տեղափոխման մասին:

Նախկին մանկապարտեզի տեղում փոս է փորված: Այստեղ երկրաբանական ուսումասիրություններ են կատարվելու, որից հետո հատկացվելու է շինարարության թույլտվությունը, որը դեռ կառուցապատողը չունի: Ուսումնասիրություններ կատարելու համար տարածքը պետք է ազատվի ծառերից: Մինչ քաղաքապետարանի ներկայացուցիչը պնդում էր, թե թույլտվությունը կտրվի տարածքի ուսումնասիրության արդյունքում, «Ժառանգություն» կուսակցության ներկայացուցիչ Ստյոպա Սաֆարյանը հակառակն էր պնդում: Նա ասում էր՝ քանի դեռ չկա շինթույլտվություն, ծառահատումներ չպետք է լինեն: Հակառակ դեպքում հնարավոր է շինթույլտվություն չտրվի, բայց արդյունքում կստացվի, որ տարածքը զրկվեց ավելի քանի տաս ծառերից:

Կառուցապատողը սակայն, պնդում էր, թե ինքը ծառերի հատման թույլտվություն ունի: Երբ բնակիչները պահանջեցին այն ներկայացնել ու բացատրել, թե ուր են տեղափոխվելու առողջ ծառերը, կառուցապատողը քաղաքապետարանից համապատասխան փաստաթուղթ բերեց: Մայիսի 25-ի թվագրությամբ փաստաթղթով քաղաքապետարանի բնապահպապանական վարչությունը թույլ էր տալիս առողջ ծառերը տեղափոխել տնկարանային տնտեսություն:

Կառուցապատողը խոստանում է տարածքը բարեկարգել, կանաչապատել, ինչպես նաեւ պարտավորվել է բնակարաններ հատկացնել տարածքի մասնավոր տների տերերին: Այդ պատճառով էլիտար շենքում տուն ստացողներն էլ բարկացած էին կառուցապատման դեմ հանդես եկող հարեւանների դեմ:

Այսօրվա վեճն այսքանով ավարտվեց: Ի վերջո, տեխնիկան մտավ տարածք: Այս ամենն ուղեկցվեց քաշքշոցներով ու վիրավորանքներով: Ոստիկանների նյարդերը տեղի տվեցին, եւ նրանք բերման ենթարկեցին երկու կողմերից երկու հոգու՝ միմյանց քաշքշելու համար: Ոստիկանությունից «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեցին, որ նրանք հարցաքննվելուց հետո ազատ են արձակվել: Ոստիկանությունը ճշտում է կատարվածի մանրամասները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG