Մատչելիության հղումներ

logo-print

8 դուստրերով հարուստ՝ խիստ աղքատության մեջ


Ղարաբաղյան պատերազմի վետերան Ջոզեֆ Կարապետյանի ընտանիքը ապրում է ծայրահեղ կարիքի մեջ՝ Արմավիրի մարզի Մայիսյան գյուղում։

Էլենայի փոքրիկ մատները բավականացնում են 7 քույրերին հաշվելու համար, բայց հողով ամրացված ու կիսախարխուլ տան սենյակներն ու մահճակալները, մեղմ ասած, բավարար չեն:

«Սյու-զի՜, Ռու-զա՜ն, Մարի-ա՜մ, Գա-յա՜ն, Ան-նա՜, Լիան-նա՜ ու... Է-լենա», - ծոր տալով մեծ քույրերի անուններն է թվարկում 4 տարեկան աղջնակը՝ վերջում թեթեւացած շունչ քաշելով ու հավելելով իր անունը։ - «Իրանց տեղ չկա, որ պառկեն», - մեզ պատմում է փոքրիկը։

Բազմանդամ ընտանիքն ապրում է Արմավիրի մարզի Մայիսյան գյուղում՝ նեղլիկ ու խոնավ տնակում: Ընտանիքը հավաքվում է ճաքճքված նախասրահում, կամ ինչպես երեխաներն են ասում՝ «բալկոնում»։ Այստեղ են հաց ուտում, դաս անում, հյուր ընդունում․․․

8 երեխաներից բացի այս փոքրիկ տանը տեղ է գտնվել շան ու կատվի համար։ Վերջերս նաեւ նոր բնակիչներ են հայտնվել․ ծիծեռնակները որոշել են բույն դնել հենց նրանց ծածկի տակ:

«Առավոտը շուտ՝ ժամը 6-ից, երգում են», - պատմում է տանտիկինը՝ Թագուհին:

Մասամբ ճերմակած մազերով 40-ին մոտ այս կինը կարիքների ու հոգսերի մասին խոսելիս հաշիվը կորցնում է։ Հիշում է, որ 4 տարի ապրել են վրանում, հետո նվեր ստացել այս տնակը ու հիմա այն նույնպես հոգեվարք է ապրում:

«94 թվից մնում ենք էս դոմիկի մեջ։ Առաջ ոչ լույս ունեինք, ոչ ջուր ունեինք։ Օրերով սոված էին մնում էրեխեքս․․․ ոչ ոք չէր օգնում», - ասում է բազմազավակ մայրը։

Դուստրերով շրջապատված տիկին Թագուհին հոգսերի մասին առանց արցունքի խոսել չի կարողանում։ Փոքրիկը մոր աչքերն է սրբում։

Մի քանի հավ, մի կով ու պետությունից ստացած նպաստ` սա է այս բազմանդամ ընտանիքի գոյատեւման հիմնական աղբյուրը:

«Հաշվի էին առել, որ տուն չունենք, աշխատանք չունենք, ապրուստ չունենք․․․ գումարել էին՝ 58 հազար 500 էր։ Հետո, Մարիամս դարձավ չափահաս՝ կտրեցին, էղավ 48 հազար 500։ Լույս ու ջրի վարձը վերցնում են՝ մնումա 35 հազար», - ընտանեկան բյուջեն է նկարագրում տիկին Թագուհին։

10-րդ դասարանում սովորող Գայանեն մաթեմատիկայի խնդիրները լուծելու փոխարեն տանը հացի խնդիր է լուծում: 15-ամյա աղջկա մատները վարպետորեն են խմոր հունցում․ 6 աման ալյուրից օրական 6 հաց է թխում: Արեւի տակ, հոսող սառը ջրով Գայանեն աման է լվանում ու ասում, թե ջուրը սառը չէ իր մատների համար, արդեն վարժվել է ինչպես սառը ջրին, այնպես էլ կենցաղային մյուս՝ գոյություն չունեցող պայմաններին։

«Ճիշտ ա՝ տեղը փոքր ա, բայց ես շատ ուրախ եմ, որ իմ ծնողների նման ծնող ունեմ, ու քույրերիս նման քույրեր», - ասում է նա։

Այս բազմանդամ ընտանիքում մեծից փոքր տուն են երազում:

«Տան ներսից դուրսը երեւում է», - կատակում է 8 դուստրերի հայր Ջոզեֆը։

Ղարաբաղյան պատերազմի վետերանը այդպես էլ արու զավակ չունեցավ, բայց, ասում է՝ մեծացրեց խիզախ աղջիկների։ Իր աղջիկներով հպարտ Ջոզեֆը պատմում է, որ հենց նրանց օգնությամբ վերջերս տեր դարձավ մեկ այլ հարստության: 12 տարի այս տարածքում ոռոգման ջուր չի հոսել։ Այսօր, սակայն, հոր եւ դուստրերի 5 տարի տեւած քրտնաջան աշխատանքի արդյունքում 25 մետր խորությամբ ջրհորից ջուր է բարձրանում: Տարիներով անմշակ մնացած հողակտորում մի շաբաթ է, ինչ սածիլներ են հայտնվել:

«Ինչ ունեցել եմ, էդ էլ դրել եմ։ Մի քիչ բիբարի սածիլ կա, սմբուկ։ Հաջորդ տարի կսկսենք ծառ տնկելը», - ասում է Ջոզեֆը։

Բազմազավակ հայրը հավատում է, որ մի օր կվերականգնի իր պտղատու այգին, ու մի օր ինքը ոտքի կկանգնի:

XS
SM
MD
LG