Մատչելիության հղումներ

Նոր Ազգային ժողովի պատգամավորները այսօր կստանան մանդատները


Ազգային ժողովի շենքը
Ազգային ժողովի շենքը

Հանդիսավոր արարողությանը խորհրդարան անցած ուժերից ոչ բոլորը կմասնակցեն։

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը չորեքշաբթի օրը կհանձնի նոր գումարման Ազգային ժողովի 131 պատգամավորների մանդատները։

Այս կապակցությամբ հանձնաժողովը հանդիսավոր արարողություն է ծրագրել։

«Հայ ազգային կոնգրեսը ընտրակեղծարարների խրախճանքին չի մասնակցի», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում փոխանցեց Կոնգրեսի համակարգող Լեւոն Զուրաբյանը` հավելելով, որ որոշել են մանդատները ստանալ ավելի ուշ։

Մանդատների հանձնման հանդիսավոր արարողությանը մասնակցել-չմասնակցելու հարցը դեռ չեն որոշել մեկ համամասնական ցուցակում ընդգրկված «Ժառանգության» եւ «Ազատ դեմոկրատների» ներկայացուցիչները։ Այս տեղեկությունը «Ազատություն» ռադիոկայանի փոխանցեց «Ազատ դեմոկրատների» ղեկավար Խաչատուր Քոքոբելյանը։

Հայաստանի հանրապետական, «Բարգավաճ Հայաստան», Դաշնակցություն եւ «Օրինաց երկիր» կուսակցությունների ներկայացուցիչները Կենտրոնական ընտրական հանձնաժողովից կվերցնեն իրենց պատգամավորական մանդատները։

Թե ովքեր կղեկավարեն խորհրդարան անցած ուժերի խմբակցությունները` վեցից միայն «Օրինաց երկիր»-ն է որոշել, մյուսները դեռ պետք է քննարկեն։ Ազգային ժողովում «Օրինաց երկիր» խմբակցությունը կղեկավարի Հեղինե Բիշարյանը, քարտուղարը կլինի Խաչիկ Հարությունյանը։

Հինգերորդ գումարման Ազգային ժողովում վեց խմբակցություններ կձեւավորվեն։ 131 տեղերի կեսից ավելին` 69 տեղ կզբաղեցնի Հանրապետական կուսակցությունը, 37-ը` «Բարգավաճ Հայաստան»-ը, 7-ը` Հայ ազգային կոնգրեսը, 6-ը` «Օրինաց երկիր»-ը, 5-ական` «Ժառանգություն»-ը եւ Դաշնակցությունը։

Նոր խորհրդարանի առաջին նիստը կգումարվի մայիսի 31-ի առավոտյան ժամը 10-ին։

Պատգամավորները այդ նիստում նաեւ երդվելու են` «հանուն համազգային նպատակների իրականացման եւ Հայրենիքի հզորացման ու բարգավաճման բարեխղճորեն կատարել ժողովրդի առաջ ունեցած պարտավորությունները, պահպանել Հայաստանի Սահմանադրությունն ու օրենքները, նպաստել Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության եւ շահերի պահպանմանը, անել ամեն ինչ քաղաքացիական համերաշխության, ազգային ու համամարդկային արժեքների պահպանման համար»։

Նոր Ազգային ժողովի առաջին նիստում պատգամավորները կազմակերպելու են նաեւ խորհրդարանի նախագահի, երկու տեղակալների ընտրություններ։ ՀՀԿ-ն հայտարարել է, որ Ազգային ժողովի ղեկավարը հանրապետական է լինելու, բայց թե ով` դեռեւս չի բարձրաձայնել։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG