Մատչելիության հղումներ

Դիվանագիտական աննախադեպ ակցիա Սիրիայի ռեժիմի դեմ


Վաշինգտոնում Սիրիայի դեսպանատունը

Վաշինգտոնում Սիրիայի դեսպանատունը

Դիվանագիտական աննախադեպ ակցիա Սիրիայի ռեժիմի դեմ. թերեւս կարելի է այսպես գնահատել աշխարհի առաջատար մի շարք երկրների համաձայնեցված որոշումը` վտարել Սիրիայի բարձրաստիճան դիվանագետներին, այդ թվում` դեսպաններին։

Նման աննախադեպ քայլի պատճառը մայիսի 25-ին Հուլա բնակավայրում իրականացված կոտորածն էր, երբ սպանվեց 108 մարդ, այդ թվում` 49 երեխա եւ 34 կին: ՄԱԿ-ը եզրահանգել է, որ սպանությունները կատարել են Սիրիայի կառավարական զորքերը։

Միացյալ Նահանգների Պետդեպարտամենտի մամուլի խոսնակ Վիկտորիա Նյուլանդը հայտարարել է. - «Մենք գտնում ենք, որ այդ անմեղ մարդկանց սպանությունների համար պատասխանատու է Սիրիայի կառավարությունը»։ Նա հաղորդագրություններ է մեջբերել, ուր ասվում է, որ շատ ընտանիքներ սպանվել են իրենց տներում` ռեժիմի ուժերի կողմից:

Պետդեպարտամենտը ԱՄՆ-ում Սիրիայի գործերի ժամանակավոր հավատարմատարին փոխանցել է, որ նա 72 ժամվա ընթացքում լքի Միացյալ Նահանգները:

Լոնդոնում, Միացյալ Թագավորության արտաքին գործերի նախարար Ուիլյամ Հեյգը երեքշաբթի օրը հայտարարել է, որ սիրիացի երեք դիվանագետի կարգադրել են յոթնօրյա ժամկետում հեռանալ Մեծ Բրիտանիայից:

Գերմանիան նույնպես 72 ժամ է հատկացրել Սիրիայի դեսպանին` հեռանալու համար, Իսպանիան եւս պահանջել է, որ նույն ժամկետում երկրից հեռանան Սիրիայի դեսպանը եւ չորս այլ դիվանագետներ:

Սիրիայի դեսպաններին վտարելու նախաձեռնությանը միացել են նաեւ Ավստրիան, Կանադան, Իտալիան, Ֆրանսիան, Շվեյցարիան:

Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի ռեժիմը սպանությունների համար մեղադրում է ընդդիմադիր սուննի մահմեդականների զինյալներին, որոնց նա ահաբեկիչներ է որակում:

Միջազգային բանագնաց Քոֆի Անանը, ով երեքշաբթի օրը հանդիպել է Սիրիայի նախագահին, Ասադին ասել է, որ հենց հիմա գործողությունների դիմի` վերջ տալու արյունահեղությանը։ Քոֆի Անանը մյուս կողմերին եւս կոչ է արել դերակատարություն ունենալ` արյունահեղությունը դադարեցնելու համար:

Հնարավոր է նաեւ, որ Սիրիայի օլիմպիական թիմը զրկվի գալիք հուլիսին Լոնդոնում անցկացվելիք Օլիմպիական խաղերին մասնակցելու իրավունքից: Չնայած Սիրիայի օլիմպիական կոմիտեի նախագահը հայտարարել է, թե Մեծ Բրիտանիան իրավունք չունի արգելել սիրիացի մարզիկներին` մասնակցելու Օլիմպիադային, այնուամենայնիվ, երեքշաբթի օրը Մեծ Բրիտանիայի արտգործնախարարն ասել է. - «Դա կախված կլինի մեր որոշումից` նայած, թե ով է գալիս Միացյալ Թագավորություն»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG