Մատչելիության հղումներ

Լեռնային Ղարաբաղի կառավարությունը երեքշաբթի օրը օդագնացության ոլորտի վերաբերյալ երկու որոշում ընդունեց:

Հաստատվեցին Լեռնային Ղարաբաղի օդանավակայանային եւ թռիչքների աերոնավիգացիայի սպասարկման սակագները, ինչպես նաեւ թռիչքային կանոնները: Այսպիսով, մոտեցավ Ստեփանակերտի օդանավակայանի վերաբացումը: Ամենայն հավանականությամբ, ամռանը կսկսվի Ստեփանակերտ-Երեւան թռիչքի իրականացումը: Այս մասին «Ազատություն» ռադիոկայանին տեղեկացրեց ԼՂ քաղավիացիայի վարչության աշխատակազմի ղեկավար Տիգրան Գաբրիելյանը:

«Այսօրվա դրությամբ զբաղված ենք փաստաթղթավորմամբ, օդանավակայանի սերտիֆիկացման աշխատանքներն են ընթանում, աերոնավիգացիոն ծառայության սերտիֆիկացման աշխատանքներն են ընթանում, այսինքն մենք փորձում ենք ստեղծել այն իրավական դաշտը, որը թույլ կտա միջազգային ստանդարտներին համապատասխան իրականացնել թռիչքները: Փորձում ենք անել ամեն ինչ, որպեսզի ընդունված իրավական ակտերը, նորմատիվ հրամանները լիարժեքորեն համապատասխանեն ICAO-ի (International Civil Aviation Organization) կողմից սահմանված պահանջներին եւ սահմանափակումներին, եւ գրեթե ավարտական փուլում ենք», - ասաց Գաբրիելյանը:

Այս պահի դրությամբ թռիչքների սակագինը դեռեւս հստակեցված չէ, սակայն Գաբրիելյանը համոզմունք հայտնեց, որ դրանք կլինեն բավականին մատչելի:

«Բնականաբար, սակագինը չի կարող ավելի էժան լինել, քանի տաքսիով փոխադրումը, սակայն հաշվի առնելով այն հանգամանքը, որ ավելի արագ այստեղ կհասնես եւ մեկ օրվա ընթացքում կարող ես ավարտել քո աշխատանքը եւ հետ գալ, այսինքն մնալու, սնվելու ծախսերը դուրս են գալիս մեջտեղից, ինձ թվում է` ուղեւորի համար ավելի հարմար կլինի օգտվել օդանավից», - ասաց նա:

Գաբրիելյանի խոսքով` թռիչքները կիրականացվեն ամեն օր, իսկ որոշ ժամանակ անց` օրական մի քանի անգամ:

«Դա կապված է ուղեւորահոսքից, սակայն մենք համոզված ենք, որ ուղեւորահոսքը կարողանալու ենք ապահովել: Ուսումնասիրելով ներկա դրությամբ Ստեփանակերտ-Երեւան ուղեւորահոսքը, կարող ենք հստակ ասել, որ մոտ 3-4 ամիս հետո մենք խնդիր ենք ունենալու օրական մի քանի անգամ թռիչք իրականացնելու», - համոզված է պաշտոնյան:

Ստեփանակերտի օդանավակայանը կառուցվել է 1974 թվականին եւ հիմնականում չվերթեր է ընդունել Երեւանից եւ Բաքվից: 1992 թվականից օդանավակայանը մատնվել է պարապուրդի: 2008-ին սկսվեց օդանավակայանի նոր` գլխավոր մասնաշենքի կառուցումը, որը նման է թեւերը մեկնած արծվի:

Օդանավակայանի վերաբացումը նախատեսված էր 2011-ի մայիսի 9-ին, սակայն դա անորոշ ժամանակով հետաձգվեց` պաշտոնական վարկածով զուտ տեխնիկական պատճառներով: Այս ընթացքում լայնացվել է թռիչքուղին, ինչպես նաեւ հարթեցվել է թռիչքուղուն հարակից մի քանի բլուրների գագաթները, որպեսզի հնարավոր դառնա ժամանակակից մեծ ինքնաթիռների ընդունումը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG