Մատչելիության հղումներ

Երեւանի Շարուրի 37 հասցեում գտնվող «էլեկտրոն» գործարանում այսօր տեղի ունեցած պայթյունի եւ փլուզման հետեւանքով երկու մարդ է զոհվել:

Զոհվածներն են 67-ամյա Ջանիբեկ Մարտիրոսյանը ու 64-ամյա Ազիզբեկ Բարսամյանը:

Արտակարգ իրավիճակների նախարարության փոխանցմամբ, Ջանիբեկ Մարտիրոսյանը ծանր վիճակում տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն, որտեղ ավելի ուշ մահացել է: Իսկ Ազիզբեկ Բարսամյանի դին փրկարարները դուրս են բերել փլատակների տակից:

Եռահարկ շինության ձախ հատվածը փլուզվել էր, ինչից կարելի է ենթադրել, որ հուժկու պայթյուն է տեղի ունեցել: Պայթյունի պատճառները, ըստ դեպքի վայր ժամանակ Արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանի, դեռեւս պարզ չեն:

Նախարարի փոխանցմամբ, զոհվածներից մեկը գործարանի արտադրամասի պետն է եղել, մյուսը` տեղակալը:

«Այստեղ եղել է պայթյուն: Դուք տեսնում եք, որ շենքի որոշ մասը փլուզվել է: Փրկարարներին հաջողվեց մեկ անձի հանել փլատակների տակից, տեղափոխել հիվանդանոց, բայց 5 րոպե առաջ ինֆորմացիա ստացանք, որ մահացել է: Երկրորդի դին էլ նոր հանեցին տղաները: Այնտեղ եղել են երկու մարդ եւ երկուսն էլ զոհվել են:»,- լրագրողներին ասաց նախարարը` շարունակելով. - «Ես կարծում եմ, որ փաստի առիթով արդեն ոստիկանությունը հարուցել է քրեական գործ… Ոստիկանությունը կհայտնի, թե ինչ է եղել… համապատասխան գնահատական կտա»:

Հարցին, թե ինչ էր արտադրվում այդ արտադրամասում, Արմեն Երիցյանը արձագանքեց. - «Դեռ պարզ չէ ինչ է արտադրվել: Քանի որ ոստիկանության տղաները այնտեղ արդեն աշխատանք են կատարում, շատ կարճ ժամանակում փորձագետները կասեն պայթյունը ինչի հետեւանքով է եղել»:

Հարցին, թե ինչից են մահացել Մարտիրոսյանն ու Բարսամյանը, նախարարի պատասխանեց. - «Փլուզվել է, քարերի տակ էին մնացել իրենք: Երեւի դրանից էլ հենց մահացել են»:

Նախարարը չմանրամասնեց, թե այդ մասնաշենքում ինչ արտադրամաս էր գործում, սակայն հաստատեց, որ դեպքի վայր էր ժամանել նաեւ Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:

«Պաշտպանության նախարարը այստեղ եղել է, որովհետեւ պաշտպանության նախարարությունը նույնպես պայմանագիր ունի, լիցենզիայով այստեղ որոշակի բաներ է արտադրվում», - ասաց Երիցյանը:

Դեպքի վայրում էր նաեւ Ոստիկանության գլխավոր քննչական վարչության պետ Վահագն Հարությունյանը:

Հարցին` կա՞ն նախնական վարկածներ, թե ինչը կարող էր պայթյունի պատճառ դառնալ, Հարությունյանը պատասխանեց. - «Այս պահի դրությամբ չկան»:

Նոր պայթյունի վտանգ, նրա խոսքով` այս պահին չկա. - «Դրա համար կգան մասնագետներ, կստուգեն` այդ ամեն ինչը բացառելու համար: Երբ անվտանգ լինի, գործողությունները կվերջացնենք, ձեզ էլ տեղեկատվություն կտրամադրենք»:

XS
SM
MD
LG