Մատչելիության հղումներ

Գյուղացիները մտավախություն ունեն, որ ցորենի բերք չեն ստանա


Ցորենի բերքահավաք, արխիվային լուսանկար
Ցորենի բերքահավաք, արխիվային լուսանկար
Գյուղատնտեսության նախարարությունը ցորենի էլիտար սերմացուի բերքի մասին բողոքներ ստացել է Հայաստանի գրեթե բոլոր մարզերից:

2010 թվականին Ռուսաստանից ներկրված շուրջ 1000 տոննա ցորենի էլիտար սերմացուն հատկացվեց գյուղատնտեսներին: Նրանք դրանից բերք ստացան ու համաձայն պայմանավորվածության` վերադարձրեցին կառավարությանը: Կառավարությունն էլ էլիտար ցորենի սերմացուից ստացված ցորենը որպես սերմացու հատկացրեց այլ գյուղատնտեսներին: Նրանք ցորենը ցանեցին աշնանը: Հիմա արդեն գյուղացիները բողոքում են, թե բերք չեն կարող հավաքել: Ցորենի հասկի երկարությունը նախատեսվածից մի քանի անգամ կարճ է ստացվել, արտը լի է մոլախոտերով, եւ այդ պատճառով այն հնձել հնարավոր չէ:

Արարատի մարզի Ջրահովիտ գյուղում չկա մի գյուղացի, որ անցած աշնանը կառավարության հատկացրած սերմացուի բերքից գոհ լինի:

Սիրակ Նավասարդյանը զայրացած ու ափսոսանքով ցույց է տալիս ցորենի իր արտը: Ասում է, որ հասկերն այնքան կարճ են ու անորակ, որ հնձել չի լինի, ու հողի մշակման համար ծախսած ավելի քան 100 հազարը դրամը ջուրը գցեց:

«Մեզ խաբել են... անորակ սերմ է, թող ուրիշ ոչ մի բան չասեն` կլիման է, հողի շերտն է… Արարատյան դաշտավայրի ամենաբերրի հողերից է, առաջին կարգի հող է, ջուրը տեղը, պարարտանյութը տեղը, բայց տեսեք` ինչ բերք է տալիս», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում դժգոհեց Նավասարդյանը:

Մյուս ջրահովիտցիները եւս դժգոհ են: Նրանք հերթով ցույց են տալիս իրենց արտերն ու ասում, թե իզուր հավատացին կառավարությանն ու հատկացված սերմացուի որակին: Գյուղացիները պնդում են, թե գյուղնախարարությունն իրենց խաբել է եւ որակյալի փոխարեն անորակ սերմ է հատկացրել: Նրանք ասում են` այդ ամենի հետեւանքով հեկտարից 6 տոննայի փոխարեն հազիվ 200 կիլոգրամ բերք ստացվի:

Ջրահովիտի գյուղատնտես Հայկ Ստեփանյանն ասում է, որ իրենց գյուղին է հատկացվել Սիսիանում ստացված ցորենի սերմացուն, որը Սիսիանում լավ բերք է տվել, իսկ Արարատյան դաշտում` վատ:

«Դա արդեն ապացուցում է, որ մաքրազտված չի», - ասում է նա:

Գյուղատնտեսության նախարարության տվյալներով, 2011 թվականին գրեթե բոլոր մարզերի գյուղատնտեսներին է հատկացվել ավելի քան 3 հազար տոննա էլիտար ցորենից ստացված սերմացու: Հայաստանի կառավարությունը գյուղական համայնքների հետ կնքած պայմանագրում ֆորս մաժորային իրավիճակներ չի նախատեսել, եւ անկախ բերքի լինել-չլինելուց, գյուղացիները պարտավոր են կառավարությանը վճարել հատկացված սերմնացուի քանակի կրկնապատիկը` մեկ կիլոգրամի դիմաց վճարելով 80 դրամ: Այն մեկ ընտանիքի համար կազմում է առնվազն 16 հազար դրամ: Գյուղացիները, սակայն հրաժարվում են վճարել:

«Ոչ չկա, որտեղի՞ց տանք», - հարցնում են նրանք:

Գյուղատնտեսության նախարարության բուսաբուծության, անտառային տնտեսության եւ բույսերի պաշտպանության վարչության պետի պաշտոնակատար Գեւորգ Հարությունյանը պնդում է, որ գյուղացիներին հատկացվել է որակյալ ու մաքուր սերմացու: Նրա խոսքով` ցածրահասակ ցորենի ստացման պատճառը անցած աշնան եղանակային վատ պայմաններն են եղել:

«Անցած տարի աշնանը մենք ունեցանք համեմատաբար չորային եղանակ եւ ցուրտ, այսինքն սերմացուն ցանելուց հետո այն չհասցրեց նորմալ ծլարձակել ու նորմալ չձեւավորվեց, եւ այդ հանգույցը մնաց հողի մակերեւույթին բավականին մոտիկ: Իսկ հետագայում արդեն ձնածածկը չեղավ, եղանակային պայմանները բավականին ցրտեցին, ցուրտ եղավ, ինչի արդյունքում ցրտահարվեցին այդ սերմերը», - ասաց Հարությունյանը:

Մինչդեռ Հայաստանի ագրարագյուղացիական միավորման նախագահ Հրաչ Բերբերյանն ասում է, որ կառավարությունը խաբել է գյուղացուն` հատկացնելով էլիտար սերմացուի հետ կապ չունեցող անորակ սերմացու: Բերբերյանն ասում է, որ անհնար է եղանակային վատ պայմանների պատճառով համատարած վատ բերք ստանալ:

«Այստեղ եւ կարող է լինել ստվերային տնտեսություն… այսինքն լավ սերմացուն ուղղակի փոխել են վատի հետ, լավը վաճառել են: Միգուցե եւ լավ սերմացուն ֆերմերը պահել է իրեն, վատն է վերադարձել: Համենայնդեպս, դրա պատասխանատուն գյուղատնտեսության նախարարությունն է, որը պարտավոր էր սերմերը ստանալ ախտահանված, զտված», - ասում է Բերբերյանը:

Մինչ գյուղացիները խիստ հոռետես են, որ բերք կստանան, գյուղատնտեսության նախարարությունն ասում է, թե այդ մասին դեռ վաղ է խոսել:

please wait

No media source currently available

0:00 0:05:04 0:00
Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG