Մատչելիության հղումներ

logo-print

ՕԵԿ անդամ. Ընտրակաշառք են բաժանել այն ուժերը, որոնք «առավելագույն ձայները տարան»


Իշխան Խաչատրյան

Իշխան Խաչատրյան

Ազգային ժողովի «Օրինաց երկիր» խմբակցության պատգամավոր Իշխան Խաչատրյանը երկուշաբթի օրը լրագրողների հետ հանդիպմանը համոզմունք էր հայտնել, որ անցած խորհրդարանական ընտրություններին ընտրակաշառք են բաժանել այն քաղաքական ուժերը, որոնք «առավելագույն ձայները տարան»:

Հիշեցնենք, ընտրությունների վերջնական արդյունքներով համամասնական ընտրակարգով ամենաշատ ձայներ հավաքել են Հանրապետական եւ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունները` համապատասխանաբար 44 եւ 30 տոկոս:

Իշխան Խաչատրյանը հենց ընտրակաշառքի գործոնով բացատրեց, թե ինչու ընտրությունների արդյունքում ՕԵԿ-ը ստացավ մոտ 83 հազար ձայն, մինչդեռ կուսակցության ղեկավարները պնդում են, թե ՕԵԿ-ն ունի մոտ 170 հազար անդամ:

«Շատ լավ գիտեք, թե ով է ընտրակաշառք բաժանել, եւ ով է վերցրել: «Օրինաց երկիր» կուսակցությունը երբեք ընտրակաշառքներ չի բաժանել եւ չի պատրաստվում բաժանել: Դուք ինձանից շատ լավ գիտեք` ով է բաժանել. նկատի ունեմ այն քաղաքական ուժերին, որոնք առավելագույն ձայները տարան: Հետեւությունը թողնում եմ ձեզ, անուններ չեմ տալիս… միայն նշում եմ, որ երբ մեր ձայները պակասեցին, դա միայն եւ միայն ընտրակաշառքներն էին…», - լրագրողներին ասաց Խաչատրյանը:

Լրագրողներից մեկի այն հարցին, թե ընտրակաշառք բաժանելու մեջ ՕԵԿ ներկայացուցիչը, փաստորեն, մեղադրո՞ւմ է կոալիցիոն իր գործընկերոջը, Իշխան Խաչատրյանը պատասխանեց. - «Ոչ, չեմ մեղադրում: Այսօր մենք արձանագրում ենք, որ ընտրությունը մեկ քայլ առաջ էր: Տեղամասերում խախտումների վերաբերյալ ոչ մի արձանագրություն չգրանցվեց: Այսինքն ընտրական տեղամասում անցկացվեց թափանցիկ ընտրություն: Իսկ ինչ տեղի ունեցավ, մինչեւ ընտրական տեղամաս տեղի ունեցավ»:

Ավելի վաղ «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ՕԵԿ խորհրդարանական խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը նույնպես հայտարարել էր, ընտրակաշառքն է եղել հիմնական պատճառը, որ ՕԵԿ-ը իր անդամների թվից ավելի քիչ ձայն է ստացել: Սակայն Բիշարյանը խուսափեց նշել, թե ովքեր են ընտրակաշառք բաժանել:

Այսօր «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում Ազգային ժողովի հանրապետական պատգամավոր Հովհաննես Սահակյանը, արձագանքելով Իշխան Խաչատրյանի խոսքերին, վերջինիս խորհուրդ տվեց խոսել փաստերով:

«Այն քաղաքական ուժերը, որոնք որոշակի առումով խնդիրներ են ունենում կապված քվեների թվաքանակի հետ, եւ այն քաղաքական ուժերը, որոնք չէին կարող կանխատեսել, որ նման արդար ընտրությունների պարագայում կունենանք նման դասավորվածություն Ազգային ժողովում, եւ հատկապես Հանրապետական կուսակցությունը կկազմեր բացարձակ մեծամասնություն, հղում անում են ընտրակաշառքներին, քանի որ ընտրակաշառքը ամենադժվար ապացուցվող խախտումն է», - ասաց Սահակյանը:

«Ազատություն» ռադիոկայանի դիտարկմանը, արդյո՞ք տարօրինակ չէ այն, որ նման հայտարարությունը է անում մի քաղաքական ուժի ներկայացուցիչ, որը ցանկանում է կոալիցիա կազմել ՀՀԿ-ի հետ, Սահակյանը արձագանքեց. - «Մեր քաղաքական դաշտում երբեմն այնպիսի տարօրինակ երեւույթների դրսեւորման ականատեսն ենք լինում, որ այս մեկը բացառություն չէ, եւ դրա վրա պետք չէ զարմանալ»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG