Մատչելիության հղումներ

Երիտասարդները պահանջում են ետ բերել Կարաբալայի արձանը


Արդեն մի քանի օր է, ինչ մի խումբ երիտասարդներ պահանջում են Կարաբալայի արձանը Տերյան փողոցից վերադարձնել Աբովյան փողոց, որտեղ այն տեղադրված էր: Ակցիային միացել է նաեւ արձանի հեղինակ Լեւոն Թոքմաջյանը:

«Սիրելի երեւանցիներ: Ամեն օր տեսնելով Կարաբալայի արձանը «Մոսկվիչկա» սուպերմարկետի դիմացը լքված կանգնած, ափսոսում եմ, որ իբր թե արձանի լինելիությամբ հարգանք ենք մատուցում իրեն... Եկեք փորձենք նրան տեղափոխել Աբովյան փողոցի իր նախկին տեղը, որտեղ նա անցորդներին իրոք կբաժանի իր վարդերը... Այս փոքր քայլով փորձենք մի փոքրիկ դետալ մեր հին քաղաքից ետ բերել», - նշված է «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում:

Արձանի պաշտոնական բացումը տեղի է ունեցել 1991 թվականին դեկտեմբերի 31-ին Աբովյան փողոցում:

Երկար ժամանակ արձանը նույն տեղում էր գտնվում, մի քանի տարի անց տեղափոխեցին փողոցի մյուս կողմը, իսկ հետո` «Մոսկվիչկա» խանութի մոտ:

«Երկու տարի առաջ էր: Տղաս` Հայկը, թե` այ պապ, դու գիտե՞ս, որ այնտեղ չի: Մյուս օրը առավոտյան նայեցի` Կարաբալան չկա: Գնամ տենամ «Մոսկվիչկայի» առաջ է: Ինձ համար անհայտ մնաց` ով է վերցրել տարել, ինչի համար: Կարելի էր հեղինակին հարցնել», - ասում է քանդակագործը:

Լեւոն Թոքմաջյանը մի քանի անգամ փորձել է լուծել խնդիրը` դիմելով քաղաքապետարան, սակայն արդյունքի չի հասել:

Նախաձեռնողներից Կարեն Առուստամյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց, որ Լեւոն Թոքմաջյանի դիմումից իրենք ի սկզբանե տեղյակ չէին. - «Զուգադիպել է: Այսօր մենք պարզեցինք, որ մեկ շաբաթ առաջ Լեւոն Թոքմաջյանն էլ է նամակով դիմել քաղաքապետին այդ հարցով: Մենք դրանից ընդհանրապես տեղյակ չէինք: Մենք նախաձեռնել ենք ակցիա, նպատակ ենք դրել հասնել արդյունքի»:

Նախաձեռնողներից Արմեն Սարգսյանը ասաց, որ հին մայրաքաղաքից լավ հիշողություններ ունեն եւ ուզում են վերականգնել դրանք:

Երեկ «Ֆեյսբուք»-ում քաղաքապետի` Տարոն Մարգարյանի անհատական էջում նախաձեռնողները տարածեցին` «Կարաբալայի արձանը սխալ տեղում է կանգնած» վերնագրով հաղորդագրություն, որին ի պատասխան քաղաքապետը պատասխանեց. - «Հարգելի համաքաղաքացիներ, Երեւանի քաղաքապետարանն արդեն քննարկում է Կարաբալա արձանի տեղափոխման հարցը: Առաջիկայում իմ կողմից այս հարցը կդրվի քննարկման քաղաքաշինության գեղարվեստական խորհրդում: Արդյունքների մասին կտեղեկացվի հանրությանը»:

Իսկ նախաձեռնողների այն նամակին, որ իրենք ուզում են արձանը ոչ թե հերթական անգամ տեղափոխել, այլ նախկին տեղը վերադարձնել, քաղաքապետը պատասխանեց. - «Շատ բարի, մենք ձեր կարծիքը հաշվի կառնենք»:

Այսօր Լեւոն Թոքմաջյանը այցելել է քաղաքապետարան: «Ազատություն» ռադիոկայանին քանդակագործը փոխանցեց հետեւյալը. - «Դե, ինձ մի քիչ տարօրինակ է թվում: Որ հանվեց, ապօրինի ձեւով տարվեց, ինչո՞ւ ոչ ոք չհետաքրքրվեց, որ այսքան ժամանակ օտարության մեջ է Կարաբալան: Ես նոր տեղ չեմ առաջադրվում, ես ասում եմ միայն ու միայն` բերեք իր տեղը` այնտեղ, որտեղ իր մշտական տեղն է»:

please wait

No media source currently available

0:00 0:04:29 0:00
Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG