Մատչելիության հղումներ

Moody’s վարկանիշային գործակալությունը ղարաբաղյան հակամարտության վերսկսման հավանականությունը բնութագրել է որպես Ադրբեջանին սպառնացող «չափավոր» վտանգ։

«Ադրբեջանին շնորհված Baa3 վարկանիշը հիմնականում հիմնված է այդ երկրի կառավարության ֆինանսական բարձր ներուժի վրա, որի հիմքում ընկած է վերջին տարիներին նավթային եկամուտների աննախադեպ աճը», - ասված է Ադրբեջանի վերաբերյալ տարեկան վարկանիշային զեկույցում, որը Moody’s գործակալությունը հրապարակել է անցած շաբաթավերջին։

Ադրբեջանի վարկանիշային հեռանկարը գնահատելով որպես «կայուն»՝ գործակալությունը, այնուհանդերձ, նշում է, որ այդ երկիրը շարունակում է տնտեսապես եւ ինստիտուցիոնալ առումով թույլ մնալ։

Զեկույցում «շատ բարձր» է գնահատված Ադրբեջանի ֆինանսական ներուժը՝ շուրջ 40 միլիարդ դոլարի հասնող արտասահմանյան ակտիվների եւ ՀՆԱ-ի ընդամենը 10.5 տոկոսը կազմող «ցածր» արտաքին պարտքի շնորհիվ (4.8 միլիարդ դոլարի)։

Միեւնույն ժամանակ, գործակալությունը «թույլ» է գնահատում Ադրբեջանի տնտեսական ներուժը ՀՆԱ-ի «համեմատաբար համեստ» ծավալի (2011 թ.-ին Ադրբեջանի ՀՆԱ-ն կազմել է 63.4 միլիարդ դոլար) եւ դիվերսիֆիկացման ցածր մակարդակի, ինչպես նաեւ նավթային եկամուտներից կախվածության պատճառով։

Moody's գործակալությունը «թույլ» է գնահատում նաեւ Ադրբեջանի ինստիտուցիոնալ ներուժը՝ հիմնվելով Համաշխարհային բանկի կողմից հրապարակվող՝ կառավարման արդյունավետության եւ օրենքի գերակայության ցուցիչների վրա։

Հնարավոր վտանգների շարքում գործակալությունը անդրադառնում է հայ - ադրբեջանական հակամարտությանը՝ Լեռնային Ղարաբաղը բնութագրելով որպես «Ադրբեջանին պատկանող օկուպացված անկլավ»։

«Հայաստանի հետ Ադրբեջանին պատկանող Լեռնային Ղարաբաղի օկուպացված անկլավի շուրջ լարվածությունը, եւ, մասնավորապես, երկու երկրների միջեւ հակամարտության վերսկսման հավանականությունը չափավոր վտանգ է ներկայացնում Ադրբեջանի համար։ Թեեւ հակամարտության կարգավորումը այս պահին հավանական չի թվում, միջազգային հանրությունը մեծապես շահագրգռված է տարածաշրջանում կայունության պահպանմամբ, քանի որ Ադրբեջանի նշանակալի էներգետիկ ռեսուրսները հատկապես կարեւոր են Ռուսաստանի եւ Եվրոպայի համար, ինչի արդյունքում շատ ցածր է դառնում հակամարտության վերսկսման հավանականությունը», - մասնավորապես ասված է զեկույցում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG