Մատչելիության հղումներ

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանն երեքշաբթի օրը Սահմանադրական դատարանին խնդրեց մերժել մայիսի 6-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու՝ ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի դիմումը:

Մուկուչյանը, ով Սահմանադրական դատարանում հանդես է գալիս որպես պատասխանող կողմ, կարծում է, որ ընդդիմադիր դաշինքի դիմումում ներկայացված դատողությունները «խիստ սուբյեկտիվ բնույթ են կրում» եւ հիմնված են «բացառապես դիմողի ենթադրությունների վրա»:

«Ազգային ժողովի համամասնական ընտրակարգով ընտրության արդյունքները լիովին համապատասխանում են իրականությանը, եւ չկան հանգամանքներ, որոնք կարող են ազդել ընտրության արդյունքի վրա», - ՍԴ-ում հայտարարեց Մուկուչյանը:

ՀԱԿ-ը իր դիմումում նշել էր, որ ընտրական գործընթացն անցել է Սահմանադրության ու օրենսդրության զանգվածային խախտումներով, պետությունը չի ապահովել կրկնաքվեարկությունների բացառման պահանջը, այս ընտրությունների արդյունքը չի արտացոլում ընտրողների ազատ կամքը, կոպտորեն խախտվել է քաղաքական ուժերի միջեւ հավասար մրցակցության սահմանադրական եւ օրենսդրական պահանջը: Որպես վերջինիս հիմնավորում` Սահմանադրական դատարանում ՀԱԿ-ի ներկայացուցիչ Վահե Գրիգորյանը անցյալ նիստում վկայակոչել էր քարոզարշավին նախագահ Սերժ Սարգսյանի եւ վարչապետ Տիգրան Սարգսյանի ակտիվ մասնակցությունն ու հօգուտ Հանրապետականի քարոզչությունը` իրենց պաշտոնական լիազորությունների իրականացմանը զուգընթաց, ինչպես նաեւ այն հանգամանքը, որ ՀՀԿ-ի ցուցակում ընդգրկված թեկնածուների առնվազն 36 տոկոսը գործադիր իշխանությունում ու տեղական ինքնակառավարման մարմիններում պաշտոններ զբաղեցնող անձինք են, որոնք քարոզարշավի ընթացքում օգտվել ենի պաշտոնե իրենց բոլոր հնարավորություններից: ՀԱԿ-ը սա համարում է Սահմանադրության 4-րդ հոդվածի եւ Ընտրական օրենսգրքի 1-ին եւ 3-րդ հոդվածների խախտում, որոնք սահմանում են ընտրությունների` հավասար իրավունքի հիման վրա անցկացումը:

Մուկուչյանը հայտարարեց, որ այստեղ օրենքի որեւէ խախտում չկա` Ընտրական օրենսգիրքը չի արգելում պաշտոնյաների մասնակցությունը քարոզարշավին եւ ժողովուրդը կարողացել է իրացնել Սահմանադրության 2-րդ հոդվածով վերապահված իր իրավունքը, ըստ որի իշխանությունը պատկանում է ժողովրդին, եւ ժողովուրդն իր իշխանությունն իրականացնում է ազատ ընտրությունների միջոցով:

«Քաղաքական պաշտոններ զբաղեցնող անձանց կողմից ընտրություններին մասնակցելը որեւէ հիմնավորմամբ չի կարող որակվել որպես Սահմանադրության 2-րդ հոդվածին հակասող», - ասաց նա:

Մուկուչյանը անդրադարձավ նաեւ ընտրակեղծիքների եւ կրկնաքվեարկությունների լայն հնարավորություն ստեղծած փաստերի մասին ՀԱԿ-ի պնդումներին, մասնավորապես, քվեարկած անձանց ցուցակները չհրապարակելուն եւ քվեարկության առաջին ժամերին անձնագրերի դրոշմակնիքների թանաքի շատ արագ անհետացմանը: Ցուցակների կապակցությամբ Տիգրան Մուկուչյանը հայտարարեց, որ դրանք թղթե ցուցակներ են եւ էլեկտրոնային տարբերակով հրապարակելը աշխատատար գործընթաց էր, մանավանդ, որ դիմումատուն եւ դիտորդները ցուցակների քաղվածքները վերցնելու եւ ուսումնասիրելու որեւէ խոչընդոտ չեն ունեցել, եւ այդ պայմաններում քվեարկության օրը ցուցակների հետ կապված ընդամենը մեկ բողոք է եղել: Իսկ ինչ վերաբերում է թանաքանյութի արագ անհետացմանը, Մուկուչյանի կարծիքով` «դա չէր կարող որեւէ ազդեցություն ունենալ քվեարկության արդյունքի վրա, որովհետեւ դա ընդամենը կրկնաքվեարկությունը բացառելու լրացուցիչ միջոց էր»:

«Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովներում, ինչպես նաեւ Կենտրոնական ընտրական հանձնաժողովում, որեւէ դիմում-բողոք չի ներկայացվել ընտրատեղամասերում մեկից ավելի անգամ քվեարկելու դեպքերի վերաբերյալ: Դիմումատուի այս մասում առկա եզրահանգումները, որոնք վերաբերում էին առավոտյան ընտրողների կուտակումներին, սոսկ ենթադրությունների տիրույթից են, եւ բնական է, որեւէ իրավական հիմք կամ փաստարկում չեն կարող ունենալ: Չնայած նոր անձնագրերի թողարկման մասին շրջանառվող բազմաթիվ լուրերին, առկա չէ գեթ մեկ դեպք, երբ որեւէ անձի ապօրինի ճանապարհով տրամադրվել է անձնագիր», - ասաց ԿԸՀ-ի նախագահը:

Տիգրան Մուկուչյանը իր խոսքում անընդհատ շեշտում էր այն հանգամանքը, որ ընտրատեղամասերում ՀԱԿ-ի 2200-ից ավելի վստահված անձանց ընդամենը 2 տոկոսն է օգտվել տեղամասում քվեարկության արդյունքը բողոքարկելու կամ վերահաշվարկ պահանջելու իր իրավունքից, մյուսները չեն բողոքել:

ՀԱԿ-ի ներկայացուցիչ Վահե Գրիգորյանը Մուկուչյանի ուշադրությունը հրավիրեց մի քանի կոնկրետ փաստերի վրա. մասնավորապես, վկայակոչելով հենց ԿԸՀ-ի պաշտոնական տվյալները, նա հայտարարեց, որ 1222 ընտրատեղամասերում ընտրողներին տրված քվեաթերթիկների թիվը ավելին է եղել քվեատուփից դուրս բերվածներից: 1222 տեղամասերը հանրապետության բոլոր տեղամասերի 62 տոկոսն են, եւ սա «կարուսելի» մեթոդի ռեալ վտանգ է, շեշտեց փաստաբանը:

Վահե Գրիգորյանը նաեւ հարցրեց Մուկուչյանին` արդյո՞ք հնարավոր է քվեարկություն 14 վայրկյանում, քանի որ «Թրանսփերենսի ինթերնեյշնլ» կազմակերպության ուսումնասիրությունների համաձայն` եղել են տեղամասեր, որ 3 ժամվա կտրվածքով նման պատկեր է արձանագրվել. սա, փաստաբանի կարծիքով, կարող է լցոնման մասին վկայել:

«14-ը բազմապատկեք երկուսով, որ ճիշտ թիվ ստանաք, որովհետեւ այդ բոլոր տեղամասերի ընտրողների թիվը ավելի է 1000-ից, եւ այնտեղ սահմանված կարգով երկու սեղան է աշխատում», - արձագանքեց Մուկուչյանը:

«14 վայրկյանում անձը մոտենում է սեղանին, ճշտում են նրա համարը, ստուգում են նրա անձնագիրը, գրանցում են անձնագիրը, նա ստորագրում է, մոտենում է մյուս սեղանին, ստանում է երկու քվեաթերթիկ, մոտենում քվեախցին, քվեախցում կատարում է քվեարկություն, ծալում, դնում է ծրարների մեջ, մոտենում է քվեատուփին: Ըստ Ձեզ` այս ողջ ցիկլը 14 վայրկյան է տեւո՞ւմ», - հարցրեց Գրիգորյանը:

«Ես ասացի` 14 չէ, 28, դա բավարար է», - պատասխանեց Մուկուչյանը:

Իսկ փաստաբանի դիտարկմանը, թե ԿԸՀ նախագահը նորմա՞լ է համարում որոշ տեղամասերում ընտրություններին ընտրողների 95 տոկոսի մասնակցությունը, Մուկուչյանը պատասխանեց, որ տեղամասերում ընդդիմությունը ունեցել է ներկայացուցիչներ, թող ժամանակին իրենց դիրքորոշումն արտահայտեին:

Վահե Գրիգորյանը նիստից հետո, «Ազատություն» ռադիոկայանի հարցին ի պատասխան, հայտարարեց, որ Մուկուչյանի դիրքորոշումն իր համար անակնկալ չէ: Փաստաբանի խոսքով` Մուկուչյանը Հայաստանի նախագահի նշանակած մարդն է, ԿԸՀ-ն վերածվել է «գործադիր իշխանության հանձնաժողովի եւ պետք է արդարացնի գործադիրում ներգրավված անձանց վերընտրվելը»:

Կողմերը եզրափակիչ խոսքով հանդես կգան վաղը, որից հետո ՍԴ-ն կկայացնի իր որոշումը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG