Մատչելիության հղումներ

Մայիսի 29-ի մամուլ


«Ժամանակ»-ի խմբագիրը գրում է. - «Երեկ ամբողջ Հայաստանը նշում էր Առաջին հանրապետության օրը, պատմական անդրադարձեր էին կատարվում իշխանության բոլոր խոսափողերից, պատմություն էր գնահատվում ու արժեվորվում, ներկայիս եւ անցյալի սրբազան կապի, Առաջին հանրապետության սաղմերի եւ հետագա ծիլերի եւ այլնի մասին հուզիչ համեմատություններ էին արվում։ Եվ նախախնամության կամքով, նույն այդ երեկվա օրը Երեւանում քանդվում էր պատմամշակութային արժեքներից մեկը հռչակված Մաշտոցի պողոտայի «Փակ շուկայի» կամարակապ տանիքը։ Երեւանի քաղաքապետարանը հայտարարեց, թե տանիքին ձեռք տալու իրավունք չկա եւ ձեռք չի տրվելու։ Երեկ առավոտյան, սակայն, «Փակ շուկայի» տանիքը քանդվում էր։ Հետո արվեցին ինչ-որ բացատրություններ այն մասին, թե տանիքի կառուցվածքը անվտանգ չէր եւ այլն, եւ այլն։ Սակայն այդ ամենը եղավ միայն այն բանից հետո, երբ քաղաքացիները, քաղաքացիական ակտիվիստները ահազանգ բարձրացրին տեղի ունեցածի հետ կապված։ Երեւանի քաղաքապետարանն էլ որեւէ պարզաբանում տալիս է միայն այն ժամանակ, երբ տեսնում է, որ հասարակական պահանջն աճում է ձնագնդի նման։ Ահա սա է տվյալ պարագայում ամենամեծ խնդիրը, որ ձեռք-ձեռքի տված հասունացնում են քաղաքապետարանն ու օլիգարխիան։ Եվ այստեղ, մեծ հաշվով, առաջնային պլանում ոչ թե «Փակ շուկայի», այլ փակ համակարգը բացելու, այդ համակարգին բացություն պարտադրելու խնդիրն է, որ պետք է լուծի հասարակությունը»։

«Ժողովուրդ»-ը գրում է. - «Մայիսի 6-ի խորհրդարանական ընտրություններից հետո երկրում ձեւավորված փաստացի անիշխանությունը շարունակվում է: Եթե Հայաստանում ներքաղաքական գործընթացները ծավալվեին` իրենց հիմքում ունենալով իրապես քաղաքական կողմնորոշիչներ, ապա նույն ԲՀԿ-ի` կոալիցիա կազմելու որոշումը նախ` այդքան ուշ եւ այդքան հանելուկային կերպով չէր կայացվի, եւ ապա` դրան հետեւած բոլոր կողմերի մեկնաբանություններն այդքան հակասական չէին լինի: Տպավորությունն այնպիսին է, թե անգամ այսօրվա իշխող քաղաքական էլիտայի ներկայացուցիչները, բացառությամբ 3-4 հոգու, չեն հասկանում, թե ինչ է կատարվում երկրում, եւ քամին որ ուղղությամբ է փչում: Սակայն այս դեպքում կարեւոր է ոչ միայն քամու ուղղությունը, այլեւ դրա ուժգնությունը, որի դրսեւորումները, այսպես թե այնպես, առաջիկա ամիսներին արդեն տեսանելի կդառնան»:

«Հրապարակ»-ը զրուցել է Հայ ազգային կոնգրեսի Գյումրիի կառույցի նախկին ղեկավար Աշոտ Զաքարյանի հետ: Լրագրողը հարցնում է. - «ԲՀԿ-ն հրաժարվեց ՀՀԿ-ի հետ կոալիցիա կազմելուց, այսինքն չի՞ կարելի ասել, որ ՀԱԿ-ը չէր սխալվել իր հաշվարկներում եւ կարողացավ սեպ խրել ՀՀԿ-ԲՀԿ հարաբերություններում»: Պատասխան. - «Ես չեմ հավատում այն իրավիճակին, որը ստեղծվել է կոալիցիայի շուրջ, չեմ հավատում նաեւ այն խոսակցություններին, թե խորը հակասություններ կան ՀՀԿ-ի եւ ԲՀԿ-ի միջեւ»: Հարց. - «Ձեր նախկին համախոհները կարծես ողջունեցին ԲՀԿ քայլը, Դուք Ձեր տեսակետն ինչպե՞ս կհիմնավորեք»: Պատասխան. - «Դե, ՀԱԿ-ի նման քայլը տարօրինակ չէ, ՀԱԿ-ը վերջին շրջանում կարծես թե դարձել է ԲՀԿ-ի PR-ն իրականացնողը: Այս առումով ո’չ զարմանալի է, ո’չ տարօրինակ: Իսկ ես հակված եմ, որ ԲՀԿ-ի քայլն իրականում միտված է 2013թ. նախագահական ընտրություններին»: Հարց. - « Ուզում եք ասել, որ ՀՀԿ-ԲՀԿ պայմանավորվածության արդյունքո՞ւմ են ԲՀԿ-ին ընդդիմադիր դաշտ ուղարկում կամ հեռացնում իշխանականից»: Պատասխան. - «Ես կասեի՝ կառուցողական եւ կառավարելի ընդդիմադիր դաշտ, որը, հակիրճ ասեմ, պարզապես շատ օգտակար է լինելու ՀՀԿ-ի համար 2013թ. նախագահական ընտրություններին»:

«Չորրորդ ինքնիշխանություն»-ը գրում է. - «Մայիսի 6-ի ընտրությունների վերաբերյալ ԵԽԽՎ դիտորդական առաքելության զեկույցը կարգին վշտացրել է Հայաստանի իշխանություններին: Դավիթ Հարությունյանը ԵԽԽՎ-ի զեկույցի մասին տարավ-բերեց ու ասաց, թե այդ զեկույցը երեւի Ադրբեջանի պատվերն է: Եվ այսպես, երկու տարբերակ կա. ԵԽԽՎ զեկույցում ներկայացված փաստերը ճիշտ են կամ սխալ: Սկսենք առաջին տարբերակից. ենթադրենք զեկույցը իսկապես կողմնակալ է եւ խեղաթյուրում է իրականությունը: Ստացվում է, որ մենք իդեալական ընտրություններ ենք կազմակերպել, բայց ԵԽԽՎ-ն Ադրբեջանից կաշառք է վերցրել եւ դրա դիմաց չարամտորեն զրպարտում է Հայաստանի իշխանություններին: Երկրորդ տարբերակ. դիտորդների զեկույցը լավ էլ ներկայացնում է իրականությունը, այսինքն` ընտրողների ցուցակները իսկապես ուռճացվել են, ընտրողների նկատմամբ իսկապես զանգվածային ճնշումներ են եղել եւ այլն, բայց այդ գործառույթները ամենեւին էլ ադրբեջանական լրտեսները չեն իրականացրել»:

«Հայկական ժամանակ»-ը զրուցել է ԿԸՀ-ի նախագահ Տիգրան Մուկուչյանի հետ: Հարց. - «Ինչո՞վ է պայմանավորված, որ մայիսի 30-ին եք մանդատները տալու»: Պատասխան. - «Որովհետեւ մայիսի 31-ին նոր խորհրդարանի առաջին նիստն է»: Հարց. - «Բայց նոր պատգամավորները կարող էին ցանկանալ նիստից մեկ օր առաջ գնալ ԱԺ եւ ծանոթանալ իրենց նոր աշխատավայրին, ինչո՞ւ մանդատներն ավելի շուտ չեք հանձնել»: Պատասխան. - «Մենք որոշել ենք մայիսի 30-ին մանդատները հանձնել` դրանով չխախտելով ոչինչ»: Հարց. - « Բայց կարող էիք, չէ՞, նախօրոք տալ, գոնե մեկ օր պատգամավորները չունենա՞ն` նոր աշխատավայրին ծանոթանալու համար»: Պատասխան. - «Դե, հիմա ի՞նչ ասեմ: Նման օրենսդրական պարտադիր պահանջ մենք չունենք»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG