Մատչելիության հղումներ

Ըստ նոր Ընտրական օրենսգրքի, Գյումրիի ավագանին կազմված կլինի ոչ թե 15, այլ 21 հոգուց: «Քաղաքը մերն է» խմբի նախաձեռնողները ցանկանում են, որ ավագանին` որպես ինստիտուտ, Հայաստանում սկսի նախ աշխատել, ապաեւ` կայանալ:

«Ավագանու 16 տարվա փորձառությունը մեր քաղաքում ցույց է տալիս, որ ավագանին` որպես ինքնուրույն գործոն, գոյություն չունի: Դակում է քաղաքապետի որոշումների նախագծերը, շահագրգիռ չէ քաղաքի հարցերի արմատական լուծմամբ», - այսօր Գյումրիում կազմակերպված քննարկմանը ասաց նախաձեռնող խմբի անդամներից Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լեւոն Բարսեղյանը` շարունակելով. - «Քաղաքացիական նախաձեռնությանը ոչինչ չէր մնում անելու, քան փոխել ավագանին սեփական ուժերով, սեփական անձանցով: Մենք իրավունք ունենք 16 տարվա չարչարանքից հետո քաղաքում ունենալ այնպիսի ավագանի, որը կլինի վերեւում, իսկ ներքեւում կունենա քաղաքապետ եւ քաղաքապետարան»:

«Հայաստանում, ցավոք սրտի, բացարձակապես ոչ մի կայացած ավագանի չկա: Այս նախաձեռնությունը համապետական նշանակություն ունեցող քայլ է, որ այդ ինստիտուտը ունենա այն տեղը, որը պետք է ունենա», - ասաց Սախարովի անվան Մարդու իրավունքների պաշտպանության կենտրոնի Գյումրիի մասնաճյուղի ղեկավար Սեյրան Մարտիրոսյանը` հավելելով. - «Մեզ ավելի շուտ կարելի է մեղադրել, թե ինչու ենք այսքան պասիվ, ոչ թե ինչու ենք այսքան ակտիվ»:

Նախաձեռնության ներկայացրած առաջարկների հիման վրա կազմված ավագանու նախնական ցուցակում ընդգրկված են մոտ երեք տասնյակ անուններ:

Առաջարկ եղավ, որ խումբը ունենա քաղաքապետի իր թեկնածուն կամ սատարի առաջադրվելիք թեկնածուներից որեւէ մեկին:

«Մեր նպատակը ավագանի ունենալը չէ, մեր նպատակը աշխատող ավագանի ունենալն է», - հայտարարեց Լեւոն Բարսեղյանը:

Նախաձեռնող խումբը Ֆեյսբուքում ստեղծել է «Նոր Գյումրի» խումբը, որը հարցման միջոցով ճշտում է քաղաքի գերակա խնդիրները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG