Մատչելիության հղումներ

«Ժամանակը ցույց կտա, թե «Բարգավաճ Հայաստան»-ը ինչքանով է պատրաստ համագործակցել ընդդիմության հետ», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց ՀԱԿ-ի համամասնական ցուցակով պատգամավոր ընտրված Լյուդմիլա Սարգսյանը: Նրա հետ համամիտ է «Ազատ դեմոկրատներ»-ի նախագահ Խաչատուր Քոքոբելյանը:

Սոցիալ-դեմոկրատ հնչակյան կուսակցության ատենապետի կարծիքով, դեռ վաղ է գնահատական տալ ԲՀԿ-ի վարքագծին:

Հանրապետական կուսակցության ղեկավար անդամները (վարչապետ Տիգրան Սարգսյանը, ԱԺ նախկին նախագահ Հովիկ Աբրահամյանը), հիշեցնենք, կարծիք են հայտնել, թե «Բարգավաճ Հայաստան»-ը ընդդիմություն չի դառնա: Իսկ ԲՀԿ-ի ներկայացուցիչ Նաիրա Զոհրաբյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրուցում ասել էր. - «Մենք լինելու ենք խիստ կառուցողական դաշտում»:

Նշելով, որ իրենք պատրաստ են համագործակցության` Լյուդմիլա Սարգսյանը ասաց. - «ԱԺ-ում արդեն տեսանելի կլինեն համագործակցության եզրերը: Եթե այն նախաձեռնությունները, որ գալիս են մեզանից, որոնք միտված են բարեփոխումներին, ստանան «Բարգավաճ Հայաստան» կուսակցության աջակցությունը, ուրեմն պատրաստ ենք համագործակցության»:

Ամենակարեւոր իրադարձությունը, սակայն, ըստ Սարգսյանի, արդեն տեղի է ունեցել` ԲՀԿ-ն ՀՀԿ-ի հետ կոալիցիա չի ձեւավորել, եւ այդ հարցում, նրա համոզմամբ, շատ մեծ դեր է կատարել նաեւ Հայ ազգային կոնգրեսը:

«Նախկին իշխանությունն այլեւս չկա, եւ այդ մոնոլիտությունը արդեն քայքայված է: Դա մեծ ձեռքբերում է, որը ժամանակի ընթացքում շատ մեծ արդյունք կտա` եթե այդ գիծը, որ որդեգրել է, «Բարգավաճ Հայաստան»-ը մինչեւ վերջ տանի», - ասաց նա` շարունակելով. - «Ժամանակը ամեն ինչ իր տեղը կբերի: Չմոռանանք, որ առջեւում նախագահական ընտրություններ են, եւ սեպտեմբերից արդեն շատ բան տեսանելի կլինի: Իսկ մենք պատրաստվում ենք շատ ակտիվ պայքարի մեջ մտնել նախագահական ընտրությունների ժամանակ»:

«Ազատ դեմոկրատներ» կուսակցության նախագահ Խաչատուր Քոքոբելյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց, թե քանի դեռ «Բարգավաճ Հայաստան»-ը չի հստակեցրել իր տեղը քաղաքական դաշտում, համագործակցության մասին վաղ է խոսել:

«Ստրատեգիական խնդիրների հետ կապված, երկրի ապագային միտված, Հայաստանի զարգացման տեսլականի հետ կապված պետք է այդ մարդիկ հստակեցնեն, թե իրենք ինչպիսի Հայաստան են ուզում, ինչպիսի դատական համակարգ են պատկերացնում, ինչպիսի օրենսդրական դաշտ… Մինչեւ այդ հստակեցումը չլինի, դու չգիտես ում հետ գործ ունես: Լղոզված քաղաքական դաշտը չեն կարող տանել ո’չ Հանրապետական կուսակցությունը, ո'չ «Բարգավաճ»-ը, ո'չ էլ այլ քաղաքական ուժերը: Եվ վստահ եմ, որ իրենք ստիպված կլինեն բոլորը` թե' իշխանական կողմը, թե' «Բարգավաճ Հայաստան»-ը, շատ կարճ ժամանակում հստակեցնեն, որովհետեւ հնարավոր չէ ժողովրդին անընդհատ մոլորեցրել: Ծայրահեղ դեպքում, եթե իրենք այդ հստակությունը չմտցնեն, նկատի ունեմ իշխանություն - «Բարգավաճ» հարաբերության մեջ, հանրությունը, հասարակությունը իր հստակությունը կմտցնի»:

Հարցին, թե արդյոք իր ասածից կարելի է բխեցնել, որ ինքը չի բացառում, որ սա խաղ է` միտված նախագահական ընտրություններին, Քոքոբելյանը արձագանքեց. - «Որեւիցե կանխատեսում չեմ ուզում անել, որովհետեւ շատ կարճ ժամանակ հետո մենք կհամոզվենք… Բայց, դժբախտաբար, Հայաստանում միշտ եղել են խաղեր, որից տուժել է միշտ ժողովուրդը, հասարակությունը, եւ շահող են եղել այդ խաղի կողմերը: Հուսանք, որ այդպես չի լինի այս անգամ»:

Նրա խոսքով` ԲՀԿ-ի ղեկավարները պետք է պատրաստ լինեն ապրել ու աշխատել «ընդդիմադիրի ռեժիմով».- «Իհարկե, ես վստահ եմ, որ նրանց նկատմամբ չեն կատարվի երբեւիցե այդ ճնշումները թե' տնտեսական, թե' քաղաքական, որ կատարվել է ընդդիմադիր դաշտի այլ քաղաքական գործիչների նկատմամբ, որովհետեւ սերտաճում այնուամենայնիվ կա… Անկեղծորեն ուզում եմ ասել, որ այդքան լավ չեմ պատկերացնում «Բարգավաճ Հայաստան»-ի պատգամավորների` ընդդիմադիր ռեժիմով աշխատելու պատրաստակամությունը; Իմ խորին համոզմամբ` դա որոշակի առումով միգուցե անակնկալ էր «Բարգավաճ Հայաստան»-ում ներկայացված շատ պատգամավորների համար»:

XS
SM
MD
LG