Մատչելիության հղումներ

Անկուսակցական Բաբայանը կփոխարինի դաշնակցական Շահբազյանին


Հրանտ Վարդանյան

Հրանտ Վարդանյան

Դաշնակցությունը հերքում է լուրերը, թե իր համամասնական ցուցակի երկու անդամներ հրաժարական են տվել, որպեսզի ՀՅԴ քարոզարշավին ֆինանսական մեծ աջակցություն ցուցաբերած գործարար Հրանտ Վարդանյանի ներկայացուցիչը հայտնվի խորհրդարանում։

Դաշնակցության համամասնական ցուցակի երրորդ տեղը զբաղեցրած, արդեն նախկին պատգամավոր Արտյուշ Շահբազյանի փոխարեն խորհրդարանում կաշխատի «Գրանդ Քենդի» հայ-կանադական ձեռնարկության գործադիր տնօրեն, անկուսակցական Արմեն Բաբայանը:

«Նա տնտեսագետ է եւ «Գրանդ Քենդիի» ներկայացուցիչը չէ, այդ տեսանկյունից է պետք նայել», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում մեկնաբանեց ՀՅԴ ներկայացուցիչ Վահան Հովհաննիսյանը՝ վստահեցնելով, որ Բաբայանը անկասկած իր մասնագիտական ներդրումը կունենա նոր խորհրդարանում։

Դաշնակցական Հրայր Կարապետյանն էլ նշեց, որ որեւէ տարօրինակության չկա այն բանում, որ Հրանտ Վարդանյանի ներկայացուցիչը ներառվել է իրենց թիմում։

«Եղել են նախկին մեր խմբակցություններում դեպքեր, երբ խմբակցության անդամ եղել են ոչ միայն դաշնակցականներ, այլ նաեւ համակիրներ։ Մանավանդ որ «Գրանդ Հոլդինգի» տնօրեն Հրանտ Վարդանյանը հայտնի է իր դաշնակցականամետ հայացքներով եւ մեզ համար դաշնակից է եղել», - ասաց Կարապետյանը։

Դաշնակցությունը նոր խորհրդարանում 5 տեղ ունի: Կուսակցության համամասնական ցուցակում առաջին հինգ տեղերը զբաղեցնում են Վահան Հովհաննիսյանը, Արմեն Ռուստամյանը, Արտյուշ Շահբազյանը, Աղվան Վարդանյանն ու Արծվիկ Մինասյանը: ՀՅԴ ընտրացուցակի յոթերորդ տեղը զբաղեցնող անկուսակցական Արմեն Բաբայանի մուտքը խորհրդարան ապահովելու համար անցած շաբաթավերջին Կենտրոնական ընտրական հանձնաժողով ինքնաբացարկի դիմում են ներկայացրել դաշնակցականներ, համամասնական ցուցակի երրորդ տեղը զբաղեցնող եւ խորհրդարան անցած Արտյուշ Շահբազյանը եւ ցուցակի վեցերորդ տեղը զբաղեցնող Կարինե Հարությունյանը:

Սա չի նշանակում, թե այս ամենն արվել է «Գրանդ Քենդիի» ներկայացուցչի համար, «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ Սպարտակ Սեյրանյանը․ - «Գերագույն մարմինը որոշել է, որ ամեն մեկի աշխատանքի բնույթից ելնելով յուրաքանչյուրը ինչ աշխատանքներ է տանելու։ Նպատակահարմար գտանք, որ Արտյուշ Շահբազյանը կուսակցական աշխատանքով զբաղվի»։

Ինքնաբացարկների մասին որոշումը կայացրել է ՀՅԴ Գերագույն մարմինը եւ Շահբազյանն ու Հարությունյանը դեմ չեն գնացել կուսակցության ղեկավարության որոշմանը։

Անցած հինգ տարիներին պատգամավորի գործունեություն ծավալած Արտյուշ Շահբազյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց, որ դեռ չի որոշել, թե ինչով է զբաղվելու։

Վերջում հավելենք, որ գործարար Հրանտ Վարդանյանին սեփականությունը համարվող մեկ այլ` «Ինտերնեյշնլ Մասիս Տաբակ» ՍՊԸ գործադիր տնօրեն Մարինե Մարաբյանը մեծամասնական ընտրակարգով պատգամավոր է ընտրվել է Տավուշի մարզից: Անկուսակցական Մարաբյանին առաջադրել է Հանրապետական կուսակցությունը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG