Մատչելիության հղումներ

Մաշտոցի պողոտայի Փակ շուկայի մոտ այսօր հավաքվել էին տասնյակ ակտիվիստներ, ճարտարապետներ` մտավախությամբ, որ կշարունակվեն երեկ սկսված աշխատանքները, երբ քանդվել էին շուկայի տանիքը պահող կամարներից մի քանիսը:

Սակայն այսօր շուկայի տարածքում աշխատանքներ չէին կատարվում:

Ճարտարապետ Սարհատ Պետրոսյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում համոզմունք հայտնեց, որ նախապես ծրագրված է եղել կամարների քանդել գիշերով, հաշվի է առնվել, որ այսօր Հայաստանում ոչ աշխատանքային օր է:

«Իրականում կատարվում է գողություն: Բնականաբար, գողի հոգեբանություն ունեցող մարդը, որ պետական չինովնիկների ձեռքով անօրինականություն է անում, աշխատում է գիշերով: Որի համար մեղավոր են Մշակույթի նախարարությունը` հանձինս փոխնախարարի, քաղաքապետարանը` հանձինս գլխավոր ճարտարապետի ու վարչության պետերի, եւ կառուցապատողը, ով քաղաքապետի ցուցմանը դեմ գնալով` իրականացնում է շինարարություն», - հավելեց Պետրոսյանը:

«Ժառանգություն» կուսակցության ղեկավար անդամ Ստյոպա Սաֆարյանը տեղում նախաձեռնեց ստորագրահավաք եւ կազմեց հաղորդում հանցագործության մասին, որը ներկայացնելու է ոստիկանություն:

«Մշակույթի նախարարությունը թող պատճառաբանի եւ հանրությանը բացատրի, թե ինչ հիմնավորումներով եւ ում գեղագիտական ճաշակի համապատասխան է ավերվում այս ճարտարապետական կոթողի տանիքը», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց Սաֆարյանը:

Շուկայի հարեւանության գտնվող սեփական տների բնակիչները, որոնցից շատերը նաեւ առեւտրով են զբաղվել Փակ շուկայում, վիճաբանության մեջ մտան ակտիվիստների հետ` պնդելով, թե շենքի սեփականատեր Սամվել Ալեքսանյանը իրենց խոստացել է, որ շուկան պահպանվելու է, չի վերածվելու սուպերմարկետի, ինչպես պնդում են լրատվամիջոցները. - «Ինքը ընտիր շուկա է բացելու` ԳՈՒՄ-ի շուկայից լավ»:

Քաղաքապետարանը թույլտվություն չի տրամադրել


Երեւանի քաղաքապետարանը մայրաքաղաքի Մաշտոցի պողոտայում գտնվող թիվ 1 փակ շուկայում շինարարական աշխատանքներ իրականացնելու թույլտվություն չի տրամադրել: Այս մասին Ֆեյսբուք սոցիալական ցանցի իր էջում այսօր ավելի ուշ հայտարարել է Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը։

«Կատարվածն առնչվում է շինարարական կառուցվածքների փլուզմանը, որոնց ամրացման նպատակով տնտեսվարողի կողմից սեփական նախաձեռնությամբ միջոցներ են ձեռնարկվել ամրացման աշխատանքներ իրականացնելու` վթարային իրավիճակներից եւ փլուզումից խուսափելու նպատակով», - նաեւ ասված է քաղաքապետի հայտարարությունում։

Տարոն Մարգարյանը նշել է, որ օրվա ընթացքում շուկայի տարածքում աշխատել է Երեւանի քաղաքապետարանի եւ ՀՀ մշակույթի նախարարության ներկայացուցիչների մասնագիտական խումբը, որի ուսումնասիրությունների արդյունքում տրված եզրակացությունից հետո կորոշվեն հետագա քայլերը:


XS
SM
MD
LG