Մատչելիության հղումներ

logo-print

Իվանիշվիլին սկսեց նախընտրական արշավը


«Վրացական երազանք» դաշինքի հանրահավաքը Թբիլիսիի Ազատության հրապարակում, 27-ը մայիսի, 2012թ.

«Վրացական երազանք» դաշինքի հանրահավաքը Թբիլիսիի Ազատության հրապարակում, 27-ը մայիսի, 2012թ.

Վրաստանի ամենահարուստ մարդն ու աշխարհի հարուստների մեջ 153-րդը՝ Բիձինա Իվանիշվիլին, կիրակի օրը Թբիլիսիում տվեց նախընտրական արշավի մեկնարկը՝ հոկտեմբերին կայանալիք խորհրդարանական ընտրություններից առաջ։

Միլիարդատիրոջ «Վրացական երազանք» կոչվող ընդդիմադիր դաշինքը հանրահավաք անցկացրեց մայրաքաղաքի կենտրոնում, որը, ըստ տեղական լրատվամիջոցների, ամենամարդաշատն էր 2003 թվականի Վարդերի հեղափոխությունից հետո։

«Այս պայքարը ավարտվելու է մեր հաղթանակով», - դիմելով հազարավոր աջակիցներին՝ հայտարարեց Բիձինա Իվանիշվիլին, ով մի քանի տարի առաջ դեռեւս որեւէ կերպ չէր միջատում երկրի քաղաքական անցուդարձին եւ մեկուսացած կյանք էր վարում ծննդավայրում՝ Ճորվիլա գյուղում գտնվող առանձնատանը։

«Մեր երկիրը կանգնած է անկման շեմին, ես տեսա, որ Վրաստանը կարող է կործանվել, եւ այդ պատճառով որոշեցի քաղաքականություն մտնել», - հայտարարեց Բիձինա Իվանիշվիլին՝ ընդգծելով. - «Այդ որոշումն այլեւս ցանկություն չէ, այլ պարտք՝ հայրենիքի առջեւ»:

«Սա նախընտրական արշավի մեկնարկն է, մենք հայտարարում ենք մեր պայքարի, վրացական երազանքի իրագործման սկիզբը», - «Ռոյթերզ» լրատվական գործակալությանը ասել է ընդդիմադիր կոալիցիայի անդամ Թինա Խիդաշելին՝ ընդգծելով. - «Հուսով եմ՝ այս հանրահավաքը նոր թափ կտա, կարթնացնի Վրաստանը՝ հոկտեմբերին կայանալիք ընտրություններից առաջ»։

Ընդդիմադիր դաշինքում այսօր ընդգրկված է վեց կուսակցություն, այդ թվում՝ նախագահ Միխեիլ Սահակաշվիլիի երբեմնի դաշնակից, ՄԱԿ-ում Վրաստանի նախկին դեսպան Իրակլի Ալասանիայի ղեկավարած «Ազատ դեմոկրատները»։ Թեեւ խորհրդարանի նախկին խոսնակ Նինո Բուրջանաձեն դեռեւս պաշտոնապես չի միացել կոալիցիային, այդուամենայնիվ, երեկ նաեւ նա էր Ազատության հրապարակ դուրս եկել՝ ընդդիմադիր ուժերին աջակցելու։

«Վրաստանում փոփոխություններ են սկսվում. սա է մեր ժողովրդի կամքը, որը մենք մեծ հաղթանակի կվերածենք խորհրդարանական ընտրություններում։ Վրաստանն անկասկած ավելի լավ դիրքերում է լինելու հոկտեմբերին», - պնդում է Իրակլի Ալասանիան։ - «Մենք ավելի մոտ կլինենք եվրոպական եւ եվրոատլանտյան կառույցներին եւ կկարողանանք փոփոխություն արձանագրել նախ եւ առաջ մեզնից յուրաքանչյուրի մեջ»։

«Սահակաշվիլին որեւէ փաստարկ չունի՝ ստից ու բռնությունից բացի», - իր հերթին, հայտարարեց կոալիցիայի առաջնորդ Բիձինա Իվանիշվիլին, ով իշխող վարչակազմի քննադատությունից խուսափելու համար անցած ամիս վաճառքի հանեց Ռուսաստանում ունեցած ողջ կարողությունը։ Այժմ միլիարդատերը ակնարկում է, թե աջակցություն ունի Արեւմուտքում։

«Մեր կողքին են այն երկրները, որոնք պետության հիմքում դրել են ժողովրդավարությունն ու ազատությունը, իսկ մեր դեմ ընդամենը մեկ մարդ է, այն էլ` վախկոտ», - հարթակից հայտարարեց ընդդիմադիր առաջնորդը։

Հանրահավաքում ելույթ ունեցավ նաեւ վրացի թերեւս ամենահայտնի ֆուտբոլիստը՝ Կախա Կալաձեն՝ կոչ անելով Սահակաշվիլիին հրաժարական ներկայացնել։ Իսկ հանրահավաքի վերջում հարթակ բարձրացավ Բիձինա Իվանիշվիլիի որդին՝ վրացի հայտնի ռեփեր Բերան, որի երգն էլ դարձել է հոր «Վրացական երազանքի» հիմնը։

Արեւմտյան լրատվամիջոցները փաստում են, որ Սահակաշվիլին առայժմ սառնասրտորեն է արձագանքում ֆինանսական լուրջ միջոցներ եւ հավակնոտ ծրագրեր ունեցող ընդդիմությանը, թեեւ պարբերաբեր ակնարկում է Իվանիշվիլիի՝ ռուսների հետ ունեցած սերտ կապերի մասին։ Հանրահավաքից ընդամենը մեկ օր առաջ՝ Քութայիսիում, գործող նախագահը հայտարարել է, թե հիմա «Ռուսաստանից լուրջ ֆինանսական միջոցներ են հոսում Վրաստան՝ հոկտեմբերյան ընտրությունների ժամանակ երկիրը ապակայունացնելու եւ զարգացման ճանապարհից շեղելու համար»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG