Մատչելիության հղումներ

logo-print

Հարությունյանը օբյեկտիվ չի համարում ընտրությունների վերաբերյալ ԵԽԽՎ-ի զեկույցը


ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյան

ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյան

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում հայաստանյան պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանը շաբաթ օրը Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայից «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց, որ նախօրեին ԵԽԽՎ-ի բյուրոյի ժամանակավոր հանձնաժողովի՝ հայաստանյան ընտրությունների վերաբերյալ հրապարակած զեկույցը օբյեկտիվ չի համարում: Հարությունյանը զեկույցը գնահատեց որպես «աճպարարության» արդյունք:

«Իսկապես որոշակի աճպարարություն է տեղի ունեցել՝ բառախաղ, բառեր կորցնել... եւ ի վերջո զեկույցի մի մասը, եւ դա զեկուցողը նույնպես ընդունում է, վերցրել է ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ զեկույցից, սակայն անգամ վերցնելով չի բարեհաճել ճշգրիտ արտացոլել այնտեղ առկա նախադասությունները, եւ որոշ բառեր մոռանալով, որոշ բառեր բաց թողնելով, որոշ բառեր փոխելով, կարծում եմ՝ ավելի բացասական տպավորություն է փորձել ստեղծել, քանի իրականում պետք է լիներ», - ասաց Հարությունյանը:

Ինչպես ներկայացրեց Հարությունյանը, քննարկման ժամանակ ժամանակավոր հանձնաժողովի անդամները շեշտել են, որ զեկույցում հնչած գնահատականները ավելի շատ ուղղված են Հայաստանում ժողովրդավարության հետագա զարգացման խթանմանը: Հայաստանյան պատվիրակության ղեկավարը, սակայն, անընդունելի է համարում այս գործելաոճը:

«Իմ գնահատմամբ, այս զեկույցը պարունակում է կոշտ գնահատականներ: Զեկուցողի գնահատմամբ, զեկույցը չի պարունակում կոշտ գնահատականներ, չնայած նա բառացի ասել է, որ հաշվի առնելով ժողովրդավարության այն առաջընթացը, որն առկա է Հայաստանում, ավելի ճիշտ է ներկայացնել զեկույցը այս ձեւով, որպեսզի խթանենք հետագա զարգացումը: Ես նման մոտեցման հետ համաձայն չեմ», - ասաց հայաստանյան պատվիրակության ղեկավարը:

Զեկույցում անդրադարձ կա իշխող կուսակցության կողմից վարչական ռեսուրսի օգտագործմանը, այդ թվում՝ ուսուցիչներին եւ դպրոցականներին քարոզչական միջացառումներում ակտիվ ներգրավելը նաեւ դասերի ժամանակ: Եղել են նաեւ ընտրողների վրա լուրջ ճնշում գործադրելու դեպքեր, օրինակ, պետական աշխատողներին Հանրապետական կուսակցության հանրահավաքներին մասնակցելու պարտադրանքը եւ նրանց ընդդիմության հանրահավաքներից զերծ պահելու քայլերը, գրում է ԵԽԽՎ բյուրոյի ժամանակավոր հանձաժողովը:

Հարությունյանը ուշադրություն է հրավիրում, որ արմատական տարբերություն կա զեկուցողների գրավոր եւ բանավոր խոսքի միջեւ՝ պնդելով, որ բանավոր զրույցներում բազմիցս նշվում էր, թե ընտրությունները շատ լավ են ընթացել, իսկ գլխավոր թերություններից մեկն այն է եղել, որ, օրինակ, հաշմանդամները դժվարություններ են ունեցել մուտք գործել ընտրատեղմասեր:

Հարցին, այդ դեպքում ի՞նչը կարող էր այսպիսի գնահատականների պատճառ դառնալ, Հարությունյանը պատասխանեց. - «Կարող են դեր խաղալ բազմաթիվ փաստեր, սակայն կարծում եմ՝ վերջերս ԵԽԽՎ-ի վարկանիշի հետ կապված ի հայտ են եկել մի շարք հրապարակումներ, որոնք բացահայտում են, որ այն, ինչ տեղի է ունենում անդրկուլիսյան ԵԽԽՎ-ում, շատ հեռու է բուն ժողովրդավարությունից: Դրա վառ օրինակը այն է, որ զեկույցը, որ ներկայացվել է ժամանակավոր հանձնաժողովի անունից, իրականում ժամանակավոր հանձնաժողովի գրեթե որեւէ մի անդամի հետ չի քննարկվել»:

Զեկույցում հնչող հիմնական մտահոգություններից մեկը վերաբերում է ընտացուցակներին՝ դրանցում տեղ գտած անճշտությունները որակելով որպես ամենավիճահարույց խնդիրը: Անդրադարձ կան նաեւ այն հանգամանքին, որ վերջին երկու տարիներին մեծ թվով անձնագրեր են տպագրվել: Պատասխան ելույթում հայաստանյան պատվիրակության ղեկավարը եվրոպացի դիտորդներին հրավիրել է հետընտրական դիտարկումների: Հակառակ պատկերը տեսնելու դեպքում, ինչպես Դավիթ Հարությունյանը ձեւակերպեց, նրանք պետք է ներողություն խնդրեն հայ հասարակությունից:

«Քանի որ շատ դիտորդներ, հենվելով ընդդիմության մեղադրանքների վրա, ասում են, որ մտահոգություն է առաջացնում ընտրացուցակների անճշտությունը, ես հրավիրել եմ, որպեսզի գան, ստուգեն եւ համոզվեն, որ Հայաստանյան ընտրացուցակները թերեւս ամենաորակյալներից մեկն են Եվրոպայի ողջ տարածքում», - ասաց Հարությունյանը:

Բավական կոշտ գնահատական է տրված ընտրողների անձնագրերում քվեարկությունը հաստատող կնիքի արագ անհետացմանը՝ ողջ այդ գործընթացը որակելով կատարյալ ֆիասկո: Հիշեցնելով, որ խնդիրն ընդամենը եղել է այն, որ թանաքանյութն օգտագործելուց առաջ չի թափահարվել, Հարությունյանը այս որակումը համարեց վիրավորական հայ ժողովրդի նկատմամբ:

«Այստեղ փորձ է արվել հուզական բառեր օգտագործելով մեզ դրդել մի ուղղությամբ, որը ճիշտ ուղղություն չէ», - ասաց նա:

Հարությունյանի փոխանցմամբ՝ բյուրոն ընդամենը իր քվեարկությամբ հաստատում է, որ փաստաթուղթն ընդունում է ի գիտություն, եւ հետագայում այն չի դառնա վեհաժողովի քննարկման առարկա: Պաշտոնական Երեւանը չի արձագանքի զեկույցին:

Ուղիղ հեռարձակում

Ցույց տալ մեկնաբանությունները

XS
SM
MD
LG