Մատչելիության հղումներ

Արդարադատության նախարարության «Գորիս» քրեակատարողական հիմնարկում գտնվող զրինվոր Սուրեն Կիրակոսյանը գանգատվել է տարբեր հիվանդություններից եւ պահանջել համապատասխան բժշկական օգնություն, ինչը չստանալու պատճառով հայտարարել է հացադուլ:

Մեկ ամսից ավելի ձգված հացադուլից հետո նրա մայրը` Զվարթ Կիրակոսյանը, դիմել է «Ժառանգություն» կուսակցության գրասենյակ, որից հետո քրեակատարողկան հիմնարկ են այցելել պատգամավորներ Րաֆֆի Հովհաննիսյանն ու Զարուհի Փոստանջյանը: Ապա նրանք դիմել են Հայաստանի վարչապետին, արդարադատության եւ պաշտպանության նախարարներին՝ դիմումում նշելով, որ զինվորի «հացադուլի շարունակությունը կարող է ոչ միայն անդառնալի հետեւանքներ թողնել նրա առողջության վրա, այլեւ լուրջ սպառնալիք լինել կյանքի համար»:

51 օր տեւած հացադուլից հետո զինվորին վերջապես տեղափոխել են հիվանդանոց:

Սուրեն Կիրակոսյանը բանակ զորակոչվելուց 24 օր հետո արդեն սկսել է գանգատվել առողջական խնդիրներից, մասնավորապես, մարմնին առաջացած նորագոյացություններից ու հեռացել է զորամասից, որի համար կրել է իր պատիժը քրեակատարողական հիմնարկում, ապա կրկին վերադարձել է զորամաս: Ինչպես հայտնում է Կիրակոսյանի մայրը` Զվարթ Կիրակոսյանը, մեկ ամիս ծառայելուց հետո Սուրենը կրկին տեղափոխվել է զինվորական հոսպիտալ, որտեղ առաջարկել են առողջության համար ռիսկային վիրահատություն:

Զինվորը հրաժարվել է վիրահատությունից, նրան վերադարձրել են զորամաս` որպես շարային զինվոր: Որոշ ժամանակ անց մոր դիմումով նրան արձակուրդ են տվել, եկել է Երեւան բժշկական ստուգումների ու անհանգստացած առողջական վիճակով` կրկին չի վերադարձել զորամաս: Նրան այս անգամ էլ գտել է Ռազմական ոստիկանությունը, մեկ ամիս հետազոտվել է, նորից առաջարկել են վիրահատություն, որից զինվորը կրկին վախեցել է, եւ նրան վերադարձրել են «Գորիս» քրեակատարողական հիմնարկ:

Ապրիլի 5-ին Կիրակոսյանը հայտարարել է հացադուլի մասին` պահանջելով համապատասխան բուժօգնություն ու զննում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG