Մատչելիության հղումներ

22-ամյա Հրանտ Հարությունյանը սկսել է նկարել երեք տարեկանից: Վերջին իր նկարի վրա Հրանտը աշխատել է շուրջ մեկ տարի. գեղանկարչությունն ու քանդակագործությունն է համատեղել «Աստվածային կատակերգությունը» պատկերելիս:

Հրանտին նկարելու տաղանդը իրեն փոխանցվել է սերնդեսերունդ: Հրանտի պապիկը նկարչի որդի է եղել, պապիկն է եղել նրա առաջին ուսուցիչը:
Սկզբում Հրանտը հաճախել է Իգիթյանի նկարչական խմբակ: Այնուհետեւ Կոջոյանի անվան կրթահամալիրում է սովորել: 2006 թվականին ընդունվել է Գեղարվեստի ակադեմիայի 0 կուրս, պրոֆեսոր Մկրտիչ Սեդրակյանն է եղել նրա ուսուցիչը:

Վերջին իր նկարի վրա Հրանտը աշխատել է շուրջ մեկ տարի՝ գեղանկարչությունն ու քանդակագործությունն է համատեղել այդ աշխատանքում: Մոտ 2 մետր երկարություն ունեցող կտավի վրա պատկերված է իտալացի փիլիսոփա բանաստեղծ Դանթե Ալիգիերիի գլուխգործոցը՝ «Աստվածային կատակերգությունը»: Իսկ քանդակների միջոցով պատկերել է մահացու 7 մեղքերը՝ կենդանակերպերով: Քանդակները ձուլել է բրոնզից, որոնց վրա ծախսել է մոտ 1000 դոլլար:

«Սկսվում է պատմությունը հենց քանդակներից՝ մահացու յոթ մեղքերը: Կոնցեպտը, որը հիմք է հանդիսացել, Ֆրանսիայում գտնվող Նոտր Դամ դե Ֆուրֆյեր եկեղեցու մոզայիկ հատակն է, որտեղ պատկերաված են մահացու յոթ մեղքերը իրենց կենդանակերպերով: Եվ այդ կենդանակերպերը միասին խառնելով, մարդկանց եւ կենդանիներին միասին ձուլելով՝ ես ստացել եմ հենց սյուռռեալիստական այս քանդակները», - պատմում է Հրանտը:

7 մեղքերի երեքփեղկանի աշխատանքը Հրանտը պատրաստվում է ներկայացնել Թիֆլիսում, Սանկտ-Պետերբուրգում, Մոսկվայում տեղի ունենալիք ցուցահանդեսներին: Նրա կարծիքով, աշխատանքը վերջնական հանգրվանը Եվրոպայում կգտնի՝ կաթոլիկ միջավայրում:

«Հայաստանում շատ անգամ միջոցներ չեն գտնվում: Հայ մեծահարուստներին հիմնականում հետաքրքրում է սպորտը, շոուբիզնեսը, եւ այն, ինչ մեծ գումարների ու բիզնեսի հետ է կապված: Արվեստը չի կարող համեմատվել բիզնեսի հետ, այդ իսկ պարզ պատճառով այն չի գնահատվում եւ զարգացվածությունն է պակասում հովանավորի՝ նա պետք է հասկանա այդ ամենը, ընկալի, որ կարողանա մեծ գումարներ ծախսել», - նշում է Հրանտը:

Հրանտն ունի մոտավորապես 800-ից ավելի աշխատանք: Նրա խոսքով՝ գրաֆիկաներն այնքան մանր են ու շատ, որ դրանք էլ ավելացնենք այդ 800-ին, թիվը 1000-ից էլ կանցնի: Հրանտի նկարները տեղ են գտել Գերմանիայում, Ֆրանսիայում, Բելգիայում, ԱՄՆ-ում, Ռուսաստանում: Դրանց մեջ մտնում են ե՛ւ հեղինակային ստեղծագործությունները, ե՛ւ նկարիչների ստեղծագործությունների կրկնօրինակներ:

Ամենից շատ Հրանտը չի սիրում աշխատել ինքնադիմանկարի վրա. - «Իմ կերպարին անդրադառնալը ինձ գուցե անհետաքրքիր է, չեմ կարող բառերով բացատրել, քանզի ինքադիմանկար նկարելիս ես ինձ մի քիչ ավելի վատ եմ զգում: Երեւի թե ես ինքս ինձ այդքան հետաքրիր չեմ, ես ինձ անգիր գիտեմ, ինձ ավելի հետաքրքիր է այն, ինչ ես չգիտեմ, գտնում եմ, տեսնում եմ»:

Հրանտը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում նշեց, որ օրերով կարող է մնալ արվեստանոցում, հարազատներն արդեն սովորել են այդ ռեժիմին, իսկ ընկերները չեն հարմարվում, անձնական կյանքն էլ, ինչպես շատ արվեստագետների մոտ, դեռ չի հաջողվում.

«Եթե մենք նայենք ամբողջ արվեստի պատմության մարդկանց, տարբեր նկարիչների եւ երաժիշտների, ապա կտեսնեք, որ իրենց անձնական կյանքը շատ բարդ է ընթացել: Ես բացառություն չեմ: Իմ ցավոտ կողմերից մեկն է: Մուսա կոչեցյալ չկա այժմ», - ասում է նա:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG