Մատչելիության հղումներ

Միացյալ Նահանգների պետքարտուղար Հիլարի Քլինթոնը հունիսի 4-ից 7-ը կայցելի Հայաստան, Վրաստան, Ադրբեջան եւ Թուրքիա։

ԱՄՆ-ի պետքարտուղարության հապարակած պաշտոնական հաղորդագրության համաձայն, բոլոր այդ երկրներում Հիլարի Քլինթոնը քննարկելու է տարածաշրջանային անվտանգությանը, ժողովրդավարությանը, տնտեսական զարգացմանն ու հակաահաբեկչական պայքարին վերաբերող հարցեր։

Հունիսի 4-ին ժամանելով Հայաստան՝ պետքարտուղարը հանդիպումներ կունենա Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի եւ այլ բարձրաստիճան պաշտոնյաների հետ։ Հիլարի Քլինթոնը նաեւ կհանդիպի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ։ 2010 թվականի հուլիսի 4-ի այցից հետո սա ԱՄՆ-ի պետքարտուղար Հիլարի Քլինթոնի երկրորդ այցելությունն է Հայաստան։

Հունիսի 5-ին Վրաստանում ԱՄՆ-ի պետքարտուղարը հանդիպումներ կունենա նախագահ Միխեիլ Սահակաշվիլիի եւ Վրաստանի քաղաքական կյանքում կարեւոր դերակատարություն ունեցող տարբեր գործիչների հետ, կհանդիպի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին։

Ադրբեջանում Քլինթոնը հունիսի 7-ին կհանդիպի նախագահ Ալիեւի, ինչպես նաեւ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ։

Հունիսի 7-ին Ստամբուլում պետքարտուղարը կմասնակցի Համաշխարհային հակաահաբեկչական ֆորումի նախարարների հանդիպմանը, ինչպես նաեւ խորհրդակցություններ կանցկացնի թուրք պաշտոնյաների հետ՝ արտաքին քաղաքականության բնագավառի մի շարք խնդիրների, այդ թվում՝ Սիրայի եւ Իրանի վերաբերյալ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG