Մատչելիության հղումներ

logo-print

Ապամոնտաժող բրիգադի գործը հասավ Վարչական դատարան


Հայաստան - Ապամոնտաժող բրիգադը՝ Մաշտոցի պուրակում, 4-ը ապրիլի, 2012թ․

Հայաստան - Ապամոնտաժող բրիգադը՝ Մաշտոցի պուրակում, 4-ը ապրիլի, 2012թ․

Ոստիկանությունն այսօր Վարչական դատարանից պահանջեց Մաշտոցի այգու ապամոնտաժող բրիգադի երկու ակտիվիստների՝ Կարեն Շիկոյանին եւ Մանվել Սարգսյանին վարչական պատասխանատվության ենթարկել։

Որպես ակտիվիստներին պատասխանատվության ենթարկելու պահանջը հիմնավորող փաստ՝ ոստիկանությունը նշում է, որ այս տարվա ապրիլի 15-ին նրանք անցել են տեղադրված մետաղյա արգելապատնեշներից եւ մուտք գործել ոստիկանության կողմից պահպանվող տարածք։

«Տեղում մեզ [ոստիկանները] ասում էին, որ օրինախախտումներ չկան, բայց դրանից հետո, այս հայցերը ներկայացրեցին դատարան», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ավելի ուշ մեկնաբանեց Մանվել Սարգսյանը՝ հավելելով, թե գործով ամենակարեւոր իրեղեն ապացույցները՝ այսինքն կրպակները, այլեւս չկան։

Ապամոնտաժող բրիգադի անդամ, քաղաքագետ Մանվել Սարգսյանը վստահ է, որ այս դատական գործընթացը ձեւական բնույթ է կրում։

«350 ոստիկան մի ամիս մեր հաշվին պահել այդ տարածքում՝ ինչ-որ տեղ պիտի փորձեն արդարացնել դա», - կարծիք հայտնեց քաղաքագետը։

Հիշեցնենք, ավելի վաղ, երբ դեռ Մաշտոցի պուրակի կրպակների ապամոնտաժման հորդոր չէր եղել նախագահի կողմից, ոստիկանությունը հաղորդագրություն էր տարածել, որտեղ վերահաստատել էր իր դիրքորոշումները խնդրի վերաբերյալ՝ հայտարարելով, որ լիազորված չէ կասկածի տակ դնել քաղաքապետի կողմից արձակված եւ չվիճարկված շինարարական թույլտվության իրավաչափությանը։ Հետեւաբար, ոստիկանությունը պարտավոր էր թույլ չտալ միջամտություն հիշատակված շինարարական աշխատանքներին, իսկ նման գործողությունները կարող են որակվել որպես ինքնիրավչություն եւ առաջացնել վարչական պատասխանատվություն։

Մանվել Սարգսյանն այսօր դատարանում եւ դրանից դուրս հայտարարեց, որ եթե կրպակների քաղաքացիական ապամոնտաժումը ոստիկանությունը համարել է օրինախախտում, ապա նախագահի հրամանով դրանց ապամոնտաժումը նույնպես պետք է համարել ապօրինի գործողություն։

«Մենք կապացուցենք, որ անօրինական ձեւով ոնց որ կառուցում էին, անօրինական ձեւով ապամոնտաժել են դա, եւ ոստիկանությունը մասնակցել է այդ անօրինական գործողություններին ե՛ւ շինարարության ժամանակ, ե՛ւ ապամոնտաժման», - ասում է քաղաքագետը։

Երկու ակտիվիստների՝ Կարեն Շիկոյանի եւ Մանվել Սարգսյանի մասով դատարանն իր վճիռը կհրապարակի հունիսի 8-ին։

XS
SM
MD
LG