Մատչելիության հղումներ

Իրավապաշտպանները կարծում են` զեկույցն արտացոլում է իրականությունը


Իրավապաշտպան Արթուր Սաքունց

Իրավապաշտպան Արթուր Սաքունց

Հայաստանի իրավապաշտպանները ԱՄՆ պետդեպարտամենտի մարդու իրավունքների 2011 թվականի զեկույցը համարում են հայաստանյան իրականությունն արտացոլող փաստաթուղթ:

Զեկույցում նշվում է, որ Հայաստանում խախտվում է իշխանությունը ընտրությամբ փոխելու, խոսքի եւ մամուլի ազատություն, ինչպես նաեւ դատական անկախ համակարգ ունենալու` քաղաքացիների իրավունքները:

Իրավապաշտպան Արթուր Սաքունցի կարծիքով` զեկույցն անդրադառնում է այն բոլոր խնդիրներին, որոնք առկա են եւ որոնց մասին իրենք մշտապես խոսել են: Բայց այն, ըստ Սաքունցի, կարող էր ավելի սուր շեշտադրումներ ունենալ: Նրա գնահատմամբ, մարտյան իրադարձությունների հետեւանքով բանտերում հայտնված եւ համաներմամբ ազատ արձակված քաղաքացիներին հիշատակելիս, ԱՄՆ-ը չի անդրադառնում ազատ արձակման իրավական հիմքերին: Նրանք ազատ արձակվեցին համաներմամբ, ոչ թե արդարացման վճիռներով, այս տարբերությունը կարեւոր է, կարծում է իրավապաշտպանը: Սաքունցը մատնանշում է նաեւ զեկույցի այն հատվածը, ըստ որի գործադիր իշխանության համար դատարանները ծառայում են որպես քաղաքական ճնշման գործիք:

«Զեկույցում անդրադառնում են արդարադատության խնդրին, որ դատարանները դեռեւս արդարադատության իրականացման տեսակետից չեն ապահովում արդար դատաքննություն: Կարելի էր հենց այդ օրինակը բերել, որ տեսեք, քաղբանտարյակալները ազատ արձակվեցին, բայց դա արդար դատաքննության, դատական վճիռների կամ մեղադրանքների վերանայման կամ դրանց բացառման փոփոխման արդյունքում չեղավ», - ասում է Սաքունցը:

Իրավապաշտպան Վարդան Հարությունյանի գնահատմամբ, Պետդեպարտամենտի զեկույցը մի ձեւակերպմամբ բնորոշել է այն կարեւոր խնդիրը, որն առկա է Հայաստանում եւ որից էլ բխում են մնացած խնդիրները: Զեկույցում նշվում է, որ 2008 թվականին Սերժ Սարգսյանը դարձավ Հայաստանի նախագահ` բավականին թերի ընտրությունների արդյունքում: Զեկույցի համաձայն` ամենակարեւոր խնդիրը Հայաստանում այն է, որ խախտվում է ընտրությունների միջոցով իշխանություն փոխելու հայաստանցիների իրավունքները:
Հարությունյանն, անդրադառնալով այս գնահատականին, ասում է, որ սա ամենակարեւոր գնահատականն է, որ տրվել է ԱՄՆ իշխանությունների կողմից:

Հարությունյանը կարծում է, որ նման զեկույցները պիտակավորում են Հայաստանին:

«Սրանք ստեղծում են համապատասխան վերաբերմունք Հայաստանի նկատմամբ: Չի կարող ԱՄՆ-ի դիվանագետը իր դիվանագիտական գործունեության ընթացքում դուրս գալ այս զեկույցի շրջանակներից կամ չենթարկվել այս զեկույցի ոգուն: Այս բոլոր զեկույցները, իհարկե, թելադրում են համապատասխան գործելաոճ, որը ուղղված է ոչ թե Հայաստանի իշխանությունների, այլ Հայաստանի դեմ», - ասում է Հարությունյանը:

«Ասպարեզ» լրագրողական ակումբի խորհրդի նախագահ Լեւոն Բարսեղյանն անդրադառնում է զեկույցի հետեւանքներին` գնահատականները համարելով կոշտ ու ճշմարտությանը մոտ: Նա նշում է, որ Հայաստանն այս դեպքում կդիմի ԱՄՆ իշխանություններին` աջակցություն խնդրելով զեկույցում ներառված խնդիրների լուծման համար: Բարսեղյանը շեշտում է` Հայաստանը, սակայն, զրկանքներ չի կրի այնպես, ինչպես եղավ «Հազարամյակների մարտահրավերների» ծրագրի պարագայում: Հիշեցնենք, ծրագրի ճանապարհաշինության բաղադրիչը ԱՄՆ կառավարությունը դադարեցրեց ֆինանսավորել Հայաստանում ժողովրդավարության, մասնավորապես, արդար կառավարման ոլորում առկա խնդիրների պատճառով:

«Հայաստանը այն երկիրը չէ եւ այն դեպքը չէ, որ սկսեն զրկանքներ կիրառել: Այն զրկանքը, որ ունեցանք, բավականին լուրջ էր: 60 միլիոն դոլար … դրանով պիտի վերականգնվեր մոտ 900 կմ ճանապարհ, մենք չունեցանք այդ վերականգնված ճանապարհը` նվերի դիմաց: Դրա մի մասը վերականգնվեց մասնակիորեն վարկերի դիմաց», - ասում է Բարսեղյանը:

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանի գնահատմամբ, զեկույցում տեղ են գտել այն խնդիրները, որոնք ավելի վաղ մատնանշել են իրենց զեկույցում: Անդրեասյանը նշում է սակայն, որ որոշ դրվագներ իրենց զեկույցում տեղ չեն գտել այն պատճառով, որ իրենք ահազանգեր այդ մասին չեն ստացել:

«2011 թվականի դրությամբ հատուկ խտրական վերաբերմունք, որը եղել է ոստիկանությունում առանձին քաղաքական գործիչների նկատմամբ, մեզ մոտ գրանցված չի եղել եւ մենք հետեւելով, ուսումնասիրելով չենք ստացել նման ահազանգեր», - ասաց օմբուդսմենը:

Իրավապաշտպանները այս զեկույցում էական դրական միտումներ նախորդ զեկույցների համեմատությամբ չեն տեսնում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG