Մատչելիության հղումներ

Դպրոցներում հնչեց «Վերջին զանգը»


Այսօր Հայաստանի 1400 դպրոցներում հնչեց վերջին դասի վերջին զանգը: Դպրոցն այս տարի ավարտեց շուրջ 40 000 աշակերտներ: Նրանք 12-ամյա դպրոցի առաջին շրջանավարտներն են:

Երիտասարդները հուզված էին, նրանք ուրախ էին, որ նոր կյանք են մուտք գործում, տխուր` որ հրաժեշտ են տալիս դպրոցին, ուսուցիչներին, անհոգ կյանքին:

Կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը ներկա եղավ թիվ 142 ավագ դպրոցի վերջին դասին: Աշոտյանը դպրոցն ավարտել է 20 տարի առաջ, սակայն ինչպես ինքն ասաց` յուրաքանչյուր տարի «Վերջին զանգին» վերապրում է այդ ամենը: Նախարարը հորդորեց շրջանավարտներին այսօր զերծ մնալ ալկոհոլ օգտագործելուց եւ չնստել մեքենայի ղեկին, ուսուցիչներին էլ` ուշադիր լինել, որպեսզի օրն անցնի առանց միջադեպերի:

Նախարարությունն ու Երեւանի քաղաքապետարանը Հանրապետության հրապարակում համերգ են նախատեսել շրջանավարտների համար:

Չնայած ոստիկանության հորդորներին` դեռ առավոտից երիտասարդները մեքենաներով շրջում էին փողոցներով, վանկարկում իրենց դպրոցն ու դասարանը:

Ուսուցիչների համար եւս օրը տոնական է, այսօր նրանց ոչ միայն հիշում են, այլեւ շնորհակալություն հայտնում տարիների կատարած աշխատանքի համար:

«Շրջանավարտները մեզ մշտապես հիշում են, այսօր էլ այստեղ կան մարդիկ, ովքեր նախորդ տարիներին են ավարտել, սակայն եկել են տեսնելու իրենց ուսուցիչներին», - ասաց թիվ 8 դպրոցի հայոց լեզվի եւ գրականություն ուսուցչուհի Աննա Ավետիսյանը:

Չնայած շրջանավարտները նշեցին, որ խնջույք են նախատեսել, 142 դպրոցի տնօրեն Արմանուշ Միրզայանը հերքեց դա. - «Ավելորդ ծախսերից խուսափելու համար խնջույքներ չեն լինելու»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG