Մատչելիության հղումներ

Մարզիչը առաջիկա խաղերում կարեւորում է տակտիկական հնարքների փորձարկումը


Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյան

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյան

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը ուրբաթ օրը կայացած ասուլիսում հայտարարեց, որ առաջիկա երկու ընկերական հանդիպումներում առաջին հերթին կարեւորում է տակտիկական հնարքների փորձարկումը, որոնք պետք է կիրառվեն աշխարհի առաջնության ընտրական փուլում:

«Այս տարի մենք արդեն երկու խաղ ունեցանք, եւ եթե հիշում եք, ես ասացի, որ այդ երկու խաղը ինձ համար ավելի շատ նոր խաղացողներին տեսնելու համար է, իսկ այս երկու խաղը կլինի ավելի շատ տակտիկական ուղղվածության», - ասաց հավաքականի գլխավոր մարզիչը:

Դաշտում տարբեր սխեմաների փորձարկումից զատ, Վարդան Մինասյանը չբացառեց, որ գուցե 1-2 երիտասարդ ֆուտբոլիստների էլ հնարավորություն տա դրսեւորվելու:

Հիշեցնենք, մայիսի 31-ին Հայաստանի ընտրանին Ավստրիայում ընկերական հանդիպում կանցկացնի Հունաստանի հավաքականի հետ. մի թիմ, որը այս տարի մասնակցելու է Եվրոպայի առաջնությանը եւ դրանով ամեն ինչ ասված է, կարծում է Վարդան Մինասյանը: Հայաստանի հավաքականի երկրորդ մրցակիցը կլինի Ղազախստանի թիմը, որը կհյուրընկալվի Երեւանում հունիսի 5-ին:

«Ինձ ավելի շատ հետաքրքրում է հիմա այն, ինչ մենք մտածում ենք անել այս խաղերի ընթացքում: Հակառակորդին այդքան չենք նայում, բացի դրանից ընկերական խաղերում միշտ էլ այդքան հաշվի վրա չենք կենտրոնանում: Ճիշտ է, հաճելի կլինի հաղթելը, մեզ պետք է նայել այն, ինչ ուզում ենք տեսնել», - ասաց Մինասյանը:

Հավաքական հրավիրված 20 ֆուտբոլիստները արդեն վաղը մարզում կանցկացնեն Երեւանում: Մինչ այդ մարզիչը դժվարանում է գնահատել նրանց ֆունկցիոնալ վիճակը: Առաջիկա խաղերին ֆուտբոլասերները չեն տեսնի Արազ Օսբիլիսին եւ Էդգար Մանուչարյանին, երկուսն էլ` առողջական խնդիրների պատճառով են բացակայում:

Երեւանում է նաեւ հոլանդացի հանրահայտ մասնագետ Ռայմոնդ Վերհեյենը, ով սկսում է իր աշխատանքը Հայաստանի ազգային հավաքականում որպես ֆիզպատրաստության մարզիչ: Ըստ Վարդան Մինասյանի` հավաքականն իսկապես ունի մասնագիտացված մարզչի կարիք:

«Նախ նա ստուգելու է այն ֆուտբոլիստների ֆունկցիոնալ վիճակը, որոնք ժամանում են հավաքականում խաղալու: Քանի որ նրանք տարբեր թիմերից են գալիս եւ վիճակը տարբեր է լինում, մեկը շատ է խաղում, մեկը քիչ է խաղում, եւ շատ կարեւոր է ավելի կոնկրետ իմանալ այդ ֆուլբոլիստի վիճակը: Երկրորդը` որը ես ամենաշատն եմ կարեւորում, քանի որ մենք չորս օրվա ցիկլով ենք խաղում, վերականգնվելն է, քանի որ դժվար է երեք օրում վերականգնվել: Երրորդ նրա ֆունկցիան կլինի խաղերի վերլուծությունը, որը նույնպես սպեցիֆիկ աշխատանք է», - ասաց մարզիչը:

Վարդանի Մինասյանի փոխանցմամբ, Վերհեյենը ամբողջությամբ Հայաստանի հավաքականի տրամադրության տակ է, Ռուսաստանի ազգային ընտրանու հետ աշխատելու է հեռակա` միայն խորհրդատվական բնույթի հարցերի դեպքում:

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան գնել է մի ծրագիր, որը հնարավորություն կտա հետեւել մրցակիցների խաղին տարբեր դիտակետերից, հաշվարկել առավելությունները, թույլ կողմերը: Առաջիկա խաղերին այս ծրագիրն արդեն կփորձարկվի:

Հայաստանից 12 հոգանոց մարզչական խումբը մեկնելու է Եվրոպայի առաջնությանը, հիմնական նպատակը ուսումնասիրել աշխարհի առաջնության ընտրական փուլում Հայաստանի մրցակիցների խաղային որակները: Իր գլխավորած թիմի շանսերը, ըստ Վարդան Մինասյանի, Եվրոպայի առաջնությունից հետո ավելի իրատեսական կլինի գնահատել:

«Վեց խաղ ենք դիտելու, որի մեջ մտնում է Իտալիայի, Չեխիայի խաղերը, այսինքն կունենանք ավելի թարմ ինֆորմացիա, ավելի լավ տպավորություն», - ասաց գլխավոր մարզիչը:

Երկրորդ դարպասապահի խնդիրը, որը ինչպես հայտնի է հավաքականի համար կարող է դժվարություններ առաջացնել, Վարդան Մինասյանի խոսքով օպտիմալ լուծում կգտնի:

«Ես միշտ հետեւելու եմ, ու այն դարպասապահը, ով կոնկրետ այդ ժամանակահատվածում կլինի օպտիմալ վիճակում, ինքը կհրավիրվի: Հիմա` Բերեզովսկի, Կասպարով», - ասաց նա:

Նորայր Մամեդովից բացի այլ նոր անուններ առայժմ չեն համալրի ազգային հավաքականը, բայց, ինչպես գլխավոր մարզիչն ասաց, ուշադրության կենտրոնում են հայազգի բոլոր ֆուտբոլիստները:

«Ես այս տարի, որ ժամանակ ունեմ, բոլոր խաղերին հետեւում եմ: Հաստատ եթե մի ֆուտբոլիստ աչքի ընկնի, կհրավիրվի հավաքական», - ասաց Մինասյանը:

Այսօր այցելեցինք Հանրապետական մարզադաշտի տոմսարկղ, որտեղ արդեն սկսվել է Հայաստան-Ղազախստան հանդիպման տոմսերի վաճառքը: Ի տարբերություն Եվրո 2012-ի ընտրական փուլի հանդիպումների, այս անգամ երկրպագուների մեծ հետաքրքրություն չկա: Տոմսերի գները չեն փոխվել` արժեն 3-8 հազար դրամ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG