Մատչելիության հղումներ

Նոր զարգացումներ «Ազատության նավատորմիղի» գործում


Իսրայելական ռազմանավը մոտեցել է Գազայի հատված ուղեւորվող «Ազատության նավատորմիղի» նավերից մեկին, 31-ը մայիսի, 2010թ.

Իսրայելական ռազմանավը մոտեցել է Գազայի հատված ուղեւորվող «Ազատության նավատորմիղի» նավերից մեկին, 31-ը մայիսի, 2010թ.

Թուրք փաստաբան Ռամազան Արիթուրքի ասելով` Իսրայելը առաջարկել է 6 միլիոն դոլար վճարել 2010 թվականի միջադեպի ժամանակ զոհվածների ընտանիքներին` առանց ընդունելու մեղադրանքը:

Երկու տարի առաջ Գազայի հատված մարդասիրական օգնություն տանող «Ազատություն նավատորմիղի» անձնակազմի ու Իսրայելի զինվորականների միջեւ բախում տեղի ունեցավ, թուրքական նավի վրա 9 մարդ սպանվեց:

Այս միջադեպից հետո լարվեցին ու մինչեւ հիմա լարված են են մնում թուրք - իսրայելական հարաբերությունները: Թուրքական կողմը Իսրայելից պահանջում էր պաշտոնապես ներողություն խնդրել, Իսրայելը մերժում է, վարչապետը միայն ափսոսանք է հայտնել:

Զոհերի եւ նրանց հարազատների` ընդհանուր առմամբ 450-ից ավելի տուժածների շահերը ներկայացնող փաստաբանների խմբից Ռամազան Արիթուրքը Reuters լրատվական գործակալությանը ասել է, որ Իսրայելի կառավարությունը Անկարայում օտարերկրյա դեսպանության միջնորդությամբ այս առաջարկը փոխանցել է իրեն մոտավորապես մեկ ամիս առաջ:

Նրա խոսքերով` գումարը վճարելու են Թուրքիայի հրեական հիմնադրամները, իսկ դրան հաջորդելու է նավատորմիղի վրա հարձակվելու համար Իսրայելի կառավարության «ափսոսանքը»:

Բայց փաստաբանը ասել է, թե զոհերի հարազատներն ու ընկերները այս առաջարկը չեն ընդունում: Թուրքիայի արտգործնախարարությունը եւս համաձայն չէ առաջարկին` ասելով, որ Իսրայելը պետք է ոչ թե միջնորդավորված, այլ ուղղակի կապ հաստատի խնդիրը քննարկելու համար:

Փաստաբանի ասածների կապակցությամբ պաշտոնական արձագանքներ դեռ չկային: Hurriyet Daily News-ը գրում է, որ Թուրքիայի արտգործնախարարությունը հասանելի չէր անմիջապես մեկնաբանություններ ստանալու համար, իսկ Իսրայելի վարչապետի մամուլի խոսնակը հրաժարվել է մեկնաբանել փաստաբանի հայտարարությունները:

Անցյալ տարի սեպտեմբերին հրապարակվեց ՄԱԿ-ի հանձնաժողովի զեկույցը, ուր նշված էր, որ Իսրայելը անհամարժեք ուժ է կիրառել, բայց գործողությունը անօրինական չհամարվեց, քանի որ Իսրայելը Գազայի հատվածը ծովից շրջափակում է` կանխելու համար զենքի մատակարարումը ծայրահեղական խմբավորումներին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG