Մատչելիության հղումներ

logo-print

Մայիսի 25-ի մամուլ


«Հայոց Աշխարհ»-ը գրում է. - « Կոալիցիոն կառավարության ձեւավորմանը չմասնակցելու մասին ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի երեկվա հայտարարությունը որոշակիորեն հստակություն մտցրեց ընտրություններից հետո ներքաղաքական կյանքում տիրող սպասողական-կանխատեսումային կացության մեջ։ Ըստ այդմ, ակնհայտ է, որ ներքաղաքական դաշտում, պայքարում եւ հիմնական դերակատար քաղաքական ուժերի փոխհարաբերություններում այսուհետ միանգամայն նոր իրավիճակ է ստեղծվում՝ հնարավոր զարգացումների տարբերակների բազմացմամբ ու դրանցից բխող ենթադրություններով եւ հետեւություններով հանդերձ։ Գագիկ Ծառուկյանի երեկվա հայտարարությունից տրամաբանորեն բխում է, որ «Բարգավաճ Հայաստանն» առանձին է մասնակցելու նախագահական ընտրություններին։ Չմտնենք հնարավոր թեկնածուների անուններ շրջանառելու գայթակղիչ ճահճուտը։ Տվյալ պարագայում էականն այն է, որ ԲՀԿ-ն որպես առանձին ուժ է ներգրավվելու նախագահական ընտրություններին»։

Մեկնաբանությունը շարունակում է «Ժողովուրդ»-ը. - «ԲՀԿ-ի այս քայլը շատ հարցերի տեղիք է տալիս. մասնավորապես, ի՞նչ է լինելու նախորդ տարվա փետրվարին ստորագրված կոալիցիոն հայտարարության հետ, որով ՀՀԿ, ԲՀԿ-ն եւ «Օրինաց երկիր»-ը պայմանավորվել էին 2013 թվականի ընտրություններում սատարել գործող նախագահի թեկնածությունը, արդյո՞ք կոալիցիայից դուրս գալով ու իշխանության մաս չլինելով` ԲՀԿ-ն պարտավորված է լինելու պաշտպանել Սերժ Սարգսյանի թեկնածությունը: Ու սա այն դեպքում, երբ այսուհետեւ այդ կուսակցությունը պետք է համարվի ընդդիմություն: Բանն այն, որ եթե այս կուսակցությունը իշխանության մաս չի կազմում, ապա ինքնըստինքյան դառնում է ընդդիմություն: Դեռ ավելին` Ազգային ժողովի նիստում ԲՀԿ խմբակցությունը պետք է հայտարարի ընդդիմադիր լինելու մասին, քանի որ նման ընթացակարգ է նախատեսում կանոնակարգ-օրենքը, որտեղ գործունեության երաշխիքներ կան խորհրդարանական ընդդիմության համար»:

«Հանրապետություն» կուսակցության քաղաքական խորհրդի անդամ Սուրեն Աբրահամյանը «Առավոտ»-ի այն դիտարկմանը, թե ԲՀԿ-ի կոալիցիայի մեջ չմտնելով` փաստորեն ստացվեց, որ Լեւոն Տեր-Պետրոսյանին այնուամենայնիվ հաջողվեց սեպ խրել ԲՀԿ-ՀՀԿ-ի մեջ ու ազատվել կոալիցիայից, այսպես է պատասխանել. - «Բացարձակապես, որովհետեւ, ըստ իս, «Բարգավաճ Հայաստանն» ավելի շատ ձայն էր հավաքել, ինքը ոչ թե պիտի գնար, որ կառավարությանը հաջողություն մաղթեր, այլ ինքը պիտի կառավարությունը ձեւավորեր: Այ այդ ժամանակ կասեին, որ համարձակ ու գնահատելի քայլ է արված»: «Հանրապետություն» կուսակցության` ՀԱԿ-ից դուրս գալու որոշման հիմնավորումներից մեկը կապված էր հենց ԲՀԿ-ի հետ ՀԱԿ-ի համագործակցության հետ: Այս առնչությամբ թերթի դիտարկմանը, որ ԲՀԿ-ն փաստորեն ընդդիմության դաշտում է այս քայլով իրեն տեսնում` Սուրեն Աբրահամյանը չի համաձայնել. - «Այդքան դյուրահավատ մի’ եղեք: Բացառվում է, որ իրենք ընդդիմություն դառնան: Հասկանում են ապագա դժվարությունները հանրապետության գլխին կանգնած, դրա համար իրենք իրենց ապահովագրում են ընդամենը»:

Քննարկումը շարունակում է «Երկիր»-ը. - «Կոալիցիոն կառավարության ձեւավորմանը չմասնակցելու որոշմամբ դրսեւորելով հստակ քաղաքական կեցվածք` ԲՀԿ-ն ցույց տվեց, որ չի ուզում դառնալ ֆորմալ մի գործընթացի մասնակից, որի ողջ իմաստը Սերժ Սարգսյանի անայլընտրանքայնության երաշխավորում է եւ կայացած խորհրդարանական ընտրությունների կեղծված արդյունքների վավերացումը: Եթե ՀՀԿ-ի` բացարձակ մեծամասնություն ստանալը ձեւականի էր վերածում նրա կողմից ստեղծվելիք կոալիցիան ԲՀԿ-ի մասնակցությամբ, ապա այն կրկնակի ձեւական է դառնում իշխանություն ձեւավորելու գործընթացից վերջինիս դուրս գալու պարագայում: Եվ չնայած դրան` ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը կուսակցության գործադիր մարմնի նիստից հետո երեկ հայտարարել է, հիմք ընդունելով ՕԵԿ-ի պաշտոնապես ներկայացված հայտը, որ իրենք որոշել են կոալիցիա ձեւավորել վերջինիս հետ: Սա խիստ անտրամաբանական որոշում է, որովհետեւ հասկանալի չէ` ի՞նչ նպատակի պետք է ծառայի բացարձակ մեծամասնություն ունեցող, ըստ էության` իշխանության համար միանձնյա պատասխանատվություն կրող ուժի` որեւէ ձեւաչափով միավորումը հինգ տոկոսանոց վստահության քվե ունեցող ՕԵԿ-ի հետ, որը ոչ մի կշիռ քաղաքական դաշտում, հասարակությունում չունի, և որի միակ արժանիքը, ՀՀԿ-ի համար դժբախտաբար, թե բարեբախտաբար, Սերժ Սարգսյանի թեկնածությունը պաշտպանելու տված երդումն է»:

«Իրավունք»-ի թղթակիցը պատգամավոր Հերմինե Նաղդալյանին (ՀՀԿ) հարցնում է. - «Շատերը խոսում են ընտրակաշառքների մասին, ընդ որում` նրանք, ովքեր կաշառել են ընտրողներին»: Պատասխան. - «Ընդհանրապես Հանրապետական կուսակցությունը խնդիր էր դրել, որ մենք անցկացնենք օրինակելի, արդար, ազատ, թափանցիկ ընտրություններ, եւ մեր երկրի քաղաքացին վստահ լինի, որ ինքն իրականում արդար ընտրության ճանապարհով քվե է տվել այս կամ այն ուժին: Դրա հետ մեկտեղ, իհարկե, կյանքի սոցիալական պայմանները կբարելավվեն ու կունենանք այն քաղաքացին, որն իրականում ժողովրդավարական հասարակության անդամ է, քաղաքացի եւ հասկանում է իր ձայնի արժեքը, իր քվեի ուժը ու երբեք չի գայթակղվի ու չի վաճառի իր ձայնը»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG