Մատչելիության հղումներ

Հովիկ Աբրահամյան. «ԲՀԿ-ն ընդդիմություն չէ»


Հովիկ Աբրահամյանը Ազգային ժողովի նիստի ժամանակ, արխիվային լուսանկար
Հովիկ Աբրահամյանը Ազգային ժողովի նիստի ժամանակ, արխիվային լուսանկար
Հայաստանի իշխող Հանրապետական կուսակցության (ՀՀԿ) գործադիր մարմնի նիստից հետո գործադիր մարմնի անդամ, Ազգային ժողովի նախկին նախագահ Հովիկ Աբրահամյանը պատասխանեց լրագրողների հարցերին:

«Ազատություն» ռադիոկայանի հարցին, թե ի՞նչ պաշտոն է ստանալու` Ազգային ժողովի նախագահի՞, թե՞` վարչապետի, Աբրահամյանը պատասխանեց. - «Մենք դեռ որեւէ որոշում չենք կայացրել»:

Ստորեւ ներկայացնում ենք լրագրողների հարցերը եւ Հովիկ Աբրահամյանի պատասխանները.

Հարց. - Իսկ ի՞նչ պաշտոն կցանկանայիք զբաղեցնել:

Հովիկ Աբրահամյան. - Կցանկանամ որդիս արու զավակ ունենա։

Հարց. - Դուք ասել էիք, որ Ձեզ գործադիր մարմնում եք ուզում տեսնել:

Հովիկ Աբրահամյան. - Ո՞վ է ասել, դուք ճիշտ չեք ասում, կուսակցությունով կորոշենք, եւ իրոք մինչեւ մայիսի 29-ը, 30-ը կուսակցությունը որոշում կկայացնի, եւ իմ կարծիքով՝ լավ կլինի:

Հարց. - Այնուամենայնիվ, Ձեզ օրենսդիրո՞ւմ եք տեսնում, թե՞ ՝ գործադիրում։

Հովիկ Աբրահամյան. - Օրենսդիրում:

Հարց. - Այսինքն՝ Ազգային ժողովի նախագահի՞ պաշտոնում:

Հովիկ Աբրահամյան. - Դե, կուսակցությունը չի որոշել, ոնց տենց բան ասեմ ես հիմա:

Հարց. - Ինչո՞ւ ԲՀԿ-ն հրաժարվեց մտնել կոալիցիա:

Հովիկ Աբրահամյան. - Նպատակահարմար չգտավ եւ իր հայտարարության մեջ շատ կոռեկտ, շատ չափավոր հիմնավորել էր, թե ինչու հրաժարվեց:

Հարց. - Կանխատեսելի՞ էր ԲՀԿ-ի նման պահվածքը:

Հովիկ Աբրահամյան. - Այո’:

Հարց. - Երեք շաբաթ համոզում էիք ԲՀԿ-ին, որ մտնի կոալիցա, ինչո՞ւ չհամոզվեց:

Հովիկ Աբրահամյան. - Նման բան չի եղել, ոչ մեկը ոչ մեկին չի համոզել: Դրա անհրաժեշտությունը չկա ընդհանրապես:

Հարց. - ԲՀԿ-ի կոալիցիա չմտնելը Սերժ Սարգսյանի համար 2013-ին խոչընդոտներ կստեղծի՞:

Հովիկ Աբրահամյան. - Չեմ կարծում:

Հարց. - Բացառո՞ւմ եք, որ ԲՀԿ-ն սեփական թեկնածուով հանդես կգա նախագահական ընտրություններում:

Հովիկ Աբրահամյան. - Քաղաքականության մեջ ոչինչ մի բացառեք, սիրելինե՛րս: Հարյուր անգամ ասել եմ ձեզ:

Հարց. - Ինչո՞ւ հրապարակային քաղաքականությամբ չեք զբաղվում:

Հովիկ Աբրահամյան. - Կզբաղվեմ շուտով, մեկ շաբաթ դիմացեք:

Հարց. - Ճի՞շտ են տեղեկությունները, որ ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանը առաջարկել է Ձեզ նշանակել Ազգային ժողովի նախագահի կամ վարչապետի պաշտոնում, բայց Սերժ Սարգսյանը մերժել է:

Հովիկ Աբրահամյան. - Չի համապատասխանում իրականությանը, եւ ես ճիշտ չեմ համարում բոլոր առումներով որեւէ մեկ այլ կուսակցություն ինձ առաջարկի որեւէ պաշտոնի: Դա ոչ միայն կոռեկտ չէ, այլ նաեւ ճիշտ չէ քաղաքական առումով: Ես այնքան հնարավորություններ ունեմ, ունեմ հեղինակություն մեր կուսակցությունում, եւ որեւէ մեկի անհրաժեշտությունը չկա, որ ինձ առաջարկի որեւէ պաշտոնի: Ես չեմ ընդունի նման առաջարկ` անկախ նրանից, թե ով է առաջարկողը:

Հարց. - Հնարավո՞ր համարում եք, որ ԲՀԿ-ն նախագահական ընտրություներում սեփական թեկնածուով հանդես գա` հաշվի առնելով Ծառուկյանի այսօրվա հայտարարությունը, որից կարելի է ենթադրել, որ 2013-ին ԲՀԿ-ն չի սատարի Սերժ Սարգսյանի թեկնածությունը:

Հովիկ Աբրահամյան. - Ես այդպես չեմ ընկալում:

Հարց. - Կարծում եք, որ ԲՀԿ-ն, այնուամենայնիվ, կսատարի՞ Սերժ Սարգսյանին:

Հովիկ Աբրահամյան. - Կապրենք, կտեսնենք:

Հարց. - Սեպ չի՞ խրվել ՀՀԿ-ի եւ ԲՀԿ-ի միջեւ:

Հովիկ Աբրահամյան. - Ոչ:

Հարց. - Ճնշումներ կլինե՞ն ԲՀԿ-ի վրա կոալիցա չմտնելուց հետո:

Հովիկ Աբրահամյան. - Ինչի համար պետք է լինեն, նրանք ընդդիմություն չեն, հայտարարության մեջ նշել են, որ խիստ կառուցողական են լինելու, եւ եթե իրենց խոսքը կպահեն, մենք կհամագործակցենք, շատ նորմալ է:

Ճնշում գործադրելու անհրաժեշտություն չկա, մենք որեւէ նման տրամադրություն, մտադրություն չունենք:

Հարց. - Եթե ԲՀԿ-ն կոալիցիա չի մտնելու, նախարարների պաշտոնները վայր է դնելու, եթե ընդդիմություն չէ, այդ դեպքում ի՞նչ է։

Հովիկ Աբրահամյան. - Իսկ եթե օրենսդիր մարմնում իրենք չորս հանձնաժողո՞վ են ունենալու...

Հարց. - Չեք բացառո՞ւմ, որ ԲՀԿ-ն նախարարներ ունենա կառավարությունում:

Հովիկ Աբրահամյան. - Չեմ բացառում:

Հարց. - Ամենաշատ քննարկվող հարցն այն էր, որ դուք ցանկություն ունեիք վարչապետ դառնալու, բայց այդպես էլ Ձեր ցանկությունն իրականություն չդարձավ:

Հովիկ Աբրահամյան. - Սխալվում եք, ես նույնիսկ ԱԺ նախագահ եղած ժամանակ եմ հայտարարել, որ վարչապետ լինելու ցանկություն չունեմ: Մեր վարչապետը շատ լավ աշխատում է, եւ ես նման ցանկություն չունեմ:

Հարց. - Իսկ եթե վարչապետի պաշտոն առաջարկեին, կհրաժարվեի՞ք:

Հովիկ Աբրահամյան. - Այո, կհրաժարվեի, որովհետեւ վարչապետը շատ լավ է աշխատում:

Հարց. - Ինչո՞ւ են Ձեր անունը այդքան հաճախ կապում ԲՀԿ-ի հետ:

Հովիկ Աբրահամյան. - Դե, ամեն օր գրում եք` խնամի-խնամի: Հիմա հասկացանք խնամի ենք [ԲՀԿ-ի առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հետ]: Խնամի լինելը իրենից ոչ մի բացասական բան չի ներկայացնում:

Հարց. - Միայն դա՞ է պատճառը, թե՞ միասին քաղաքական ծրագրեր եք մշակել:

Հովիկ Աբրահամյան. - Մարդիկ ցանկություն ունեն ինչ-որ տեղ հակադրություններ ստեղծել հակասություններ քաղաքական ուժերի միջեւ: Ես կողմնակից եմ համերաշխության` ե՛ւ ԲՀԿ-ի, ե՛ւ ՕԵԿ-ի, ե՛ւ «Ժառանգության», ե՛ւ ՀԱԿ-ի հետ:

Հարց. - Հնարավոր համարո՞ւմ եք Ռոբերտ Քոչարյանի վերադարձը:

Հովիկ Աբրահամյան. - Չեմ կարող պատասխանել, հարցը իրեն ուղղեք:

please wait

No media source currently available

0:00 0:05:06 0:00
Ուղիղ հղում
XS
SM
MD
LG