Մատչելիության հղումներ

Տիգրան Առաքելյանը ցուցմունք տվեց


Տիգրան Առաքելյանը ցուցմունք տվեց
please wait

No media source currently available

0:00 0:00:51 0:00
Արդեն գրեթե 10 ամիս է Հայ ազգային կոնգրեսի ակտիվիստ Տիգրան Առաքելյանը անազատության մեջ է գտնվում: Հինգշաբթի օրը նա առաջին անգամ ցուցմունք տվեց դատարանում:

Նախորդ նիստերին հարցաքննվում էին տարբեր վկաներ` տուժած համարվող ոստիկանները, ականատեսները եւ միջադեպի այլ մասնակիցները: Վկաներից մի քանիսի ներկայությունը դատարանն այդպես էլ չկարողացավ ապահովել: Իր դժգոհությունն այս առնչությամբ հայտնեց Առաքելյանի փաստաբան Ստեփան Ոսկանյանը, ում կարծիքով, Հայկ Մաթեւոսյանը` դեպքին ականատես կրպակատերը, կարող էր կարեւոր նշանակություն ունենալ դատաքննության ընթացքի համար:

«Նախաքննության սկզբնական շրջանում, երբ հարցաքննվել է այդ վկան, բնականաբար, մենք բոլորս էլ գիտենք, թե ինչպես են նրանից այդ նախաքննական ցուցմունքը վերցրել, եւ չի բացառվում, որ դատարանում նա բոլորովին այլ հանգամանքներ նշեր, այլ ցուցմունքներ տար: Եվ հենց այդ մտավախությունից ելնելով էլ, կարծում եմ, որ մեղադրող կողմը շահագրգռված չի եղել, որ այդ վկան ներկայանա դատարան, եւ վկան էլ միտումնավոր խուսափել է դատարան ներկայանալուց», - ասաց փաստաբանը:

Մեղադրող դատախազ Հակոբ Մարտիրոսյանն էլ «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում հավաստիացրեց, որ դատարանն արել է ամեն հնարավորը` վկաների ներկայությունն ապահովելու համար:

«Վկաներին չենք կարողացել ապահովել Հայաստանի Հանրապետությունից բացակայելու պատճառաբանությամբ», - ասաց Մարտիրոսյանը:

Փաստաբան Ստեփան Ոսկանյանն ասաց, որ պաշտպանական կողմի կարծիքով` բացակայող վկան հետագա նիստերին նույնպես չի ներկայանա դատարան, եւ իրենք իրենց պաշտպանական ճառում անպայման համապատասխան գնահատականներ կտան դրան:

«Վկաները հիմնականում բաժանվում են երկու խմբի. վկաներ` որոնք ոստիկանության աշխատակիցներ են, նրանք միանշանակ բոլորն էլ պնդում են, որ եղել է երիտասարդների կողմից դիմադրություն, հայհոյանքներ, խուլիգանություն, իրենց նկատմամբ բռնություն, եւ կան վկաներ, որոնք քաղաքացիական անձինք են եւ տվել են հակասական ցուցմունքներ: Մի մասը, պարտադրված լինելով նախաքննության ժամանակ իրենց տված սկզբնական ցուցմունքներով, պնդել են այդ ցուցմունքները, մի մասի ցուցմունքները հակասությունների մեջ են եղել իրենց նախաքննական ցուցմունքների հետ, ի վերջո այդ նախաքննական ցուցմունքները հրապարակելով, մեղադրող կողմը փորձել է շտկել այդ հակասությունները: Եվ վկաներ ունենք, որոնք խուսափում են ներկայանալ դատարան», - ասաց փաստաբանը:

Տիգրան Առաքելյան իր ցուցմունքում այսօր հայտնեց, որ դեպքի օրը` անցյալ տարվա օգոստոսի 9-ին, ոստիկաններն իրեն տեսնելով փոխել են վերաբերմունքը մինչ այդ իրենց հետ զրուցող Կոնգրեսի մեկ այլ ակտիվիստ Արտակ Կարապետյանի նկատմամբ` ասելով` «սրանք լեւոնական են»: Ըստ Առաքելյանին` այդ պահից սկսած իրավիճակը թեժացել է:

«Քանի որ մինչ այդ նրանք պարտադրվածություն էին զգում եւ փորձում էին պատասխանել Արտակ Կարապետյանին, իրենց մոտ մի վայրկյանում փոխվեց, որ չէ, իրենց դիմաց կանգնած չէ ինչ-որ մի վերադաս կամ ինչ-որ մի մարդ, որին իրենք պիտի պատասխանեն, դրանից հետո սկսվեց իրենց գործողությունները կամ պահվածքը փոխվեց», - պատմեց Առաքելյանը:

Հաջորդ դատական նիստը կկայանա հունիսի 5-ին: «Ազատություն» ռադիոկայանի հարցին, թե որքա՞ն է ձգվելու դատավարությունը եւ դեպի ո՞ւր է տանում դրա ընթացքը, մեղադրող դատախազ Հակոբ Մարտիրոսյանը պատասխանեց. - «Մեկ ձգտում կա` դատախազը եւ համոզված եմ, նաեւ դատարանը մեկ միտում ունեն, հնարավորության շրջանակներում արագ ավարտել եւ կատարել օբյեկտիվ բազմակողմանի քննություն, որպեսզի դատաքննությունը ավարտվի»:

Հիշեցնենք, Տիգրան Առաքելյանը մեղադրվում է խուլիգանության եւ իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու մեջ եւ արդեն մոտ 10 ամիս է ձերբակալված է:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG