Մատչելիության հղումներ

Գյումրիում ընտրություններին առնչվող 9 քրեական գործ է հարուցվել


Շիրակի մարզի դատախազ Դավիթ Սարգսյանը:
Շիրակի մարզի դատախազ Դավիթ Սարգսյանը:
Անցած խորհրդարանական ընտրությունները լարված էին հատկապես Գյումրիում: Շիրակի մարզի դատախազությունը 22 հաղորդում է ստացել, որոնց մի մասի վերաբերյալ հարուցվել են քրեական գործեր:

«22 նյութերից 9 նյութով հարուցվել է քրեական գործ, 11-ը մեժվել են հանցադեպի բացակայության պատճառով, 2 նյութեր նախապատրաստական փուլում են» - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց մարզի դատախազ Դավիթ Սարգսյանը` շարունակելով. - «22 հաղորդումներից 7-ը վերաբերում են ընտրակաշառքներին: 7 դեպքերից 6-ով հարուցվել է քրեական գործ ՀՀ Քրեական օրենսգրքի 154 հոդվածի հատկանիշներով (ընտրողի կամքի ազատ արտահայտմանը խոչընդոտելը) եւ ուղարկվել Հատուկ քննչական ծառայություն` նախաքննություն կատարելու համար: 3 նյութերով հարուցվել է քրեական գործ ՀՀ Քրեական օրենսգրքի 149 հոդվածի հատկանիշներով` զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցչին լիազորությունների իրականացմանը խոչընդոտելու վերաբերյալ, որոնք նույնպես ուղարկվել են Հատուկ քննչական ծառայություն»:

Քրեական գործերը հարուցվել են ինչպես քաղաքացիների հայտարարությունների, այնպես էլ քվեարկության օրը ԶԼՄ-ների լուսաբանումների հիման վրա:

Ամենաաղմկոտը թերեւս Գյումրիում 3 ընտրատեղամասերում «Կենտրոն» հեռուստաընկերության օպերատորներից տեսախցիկները խլելու մասին «Բարգավաճ Հայաստան» կուսակցության վստահված անձանց ներկայացված հայտարարություններով քրեական գործերն են:

Թիվ 34/25 ընտրատեղամասում «Բարգավաճ Հայաստան»-ի վստահված անձ Նազելի Յարալյանը «Ազատություն» ռադիոկայանին պատմել էր. - «Կամերան վերցրեց, պոկեց տարավ»:

Իսկ ընտրատեղամասային հանձնաժողովի նախագահ Սուսաննա Մկրտչյանը ասել էր. - «Երիտասարդ տղաներ մտան, կամերա էր դրված, որը ընթացքը նկարահանում էր: Վերցրեցին կամերան: Հետո հայտնեցինք որտեղ պետքն է, վերադարձրեցին կամերան»:

Որպես կատարող անձ շրջանառվում էր Գյումրիի քաղաքապետի որդու` Սպարտակ Ղուկասյանի անունը: Քաղաքապետը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում հերքել էր այդ լուրերը:

Այդ առնչությամբ մարզի դատախազն ասաց. - «Ես նշեցի, որ երեք դեպքերով հարուցվել է քրեական գործ փաստի առթիվ: Իսկ քննության մանրամասները դուք կարող եք ճշտել Հատուկ քննչական ծառայությունից»:

Գյումրիի ԳԱԼԱ հեռուստաընկերությունը տեսանյութ էր հեռարձակել ընտրակաշառքի բաժանման մասին, որտեղ պարզորոշ երեւում էին ե'ւ միկրոավտոբուսի համարանիշը, որի մեջ նստած մարդիկ բաժանում էին ընտրակաշառքը, ե'ւ ստացողների դեմքերը: Տեսանյութի հիման վրա առայժմ ընդամենը նյութեր են նախապատրաստվում:

«Առ այսօր քրեական գործ հարուցելու առիթները, հիմքերը չկան: Նյութերի նախապատրաստման գործընթացը շարունակվում է», - փոխանցեց Դավիթ Սարգսյանը` նշելով, որ ընտրակաշառքի վերաբերյալ քաղաքացիներից հայտարարություն չի ստացվել. - «Եթե բացակայում են առիթներն ու հիմքերը, բնականաբար, գործ հարուցել չենք կարող»:

Դատախազը հիշեցրեց, որ Գլխավոր դատախազությունը ընտրություններից առաջ հայտարարել էր, որ եթե ընտրակաշառք վերցրած անձը ինքնակամ ներկայանա եւ հայտարարություն տա, կազատվի քրեական պատասխանատվությունից: Իսկ ԳԱԼԱ հեռուստաընկերությամբ հեռարձակված տեսանյութում երեւացող անձանցից որեւէ հայտարարություն չի ստացվել:

please wait

No media source currently available

0:00 0:04:34 0:00
Ուղիղ հղում
XS
SM
MD
LG