Մատչելիության հղումներ

Գալուստ Սահակյան. «Չեմ կարծում, որ ԲՀԿ-ի հետ համագործակցության ճանապարհներ չկան»


Հայաստանի հանրապետական կուսակցության փոխնախագահ Գալուստ Սահակյան

Հայաստանի հանրապետական կուսակցության փոխնախագահ Գալուստ Սահակյան

Հայաստանի իշխող Հանրապետական կուսակցության փոխնախագահ Գալուստ Սահակյանը «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում մեկնաբանեց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի այսօրվա հայտարարությունը։

Ստորեւ ներկայացնում ենք հարցազրույցը ամբողջությամբ.

Հարց. - «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը (ԲՀԿ) հրաժարվեց կոալիցիա մտնել, ինչպե՞ս կարձագանքեք Գագիկ Ծառուկյանի այսօրվա հայտարարությանը:

Գալուստ Սահակյան.«Որեւէ արձագանքի խնդիր չկա: Յուրաքանչյուր քաղաքական ուժ ընտրություններից հետո ինքն է իր ռազմավարությունը որոշում»:

Հարց. – Արդյո՞ք Գագիկ Ծառուկյանի այսօրվա հայտարարությունը նշանակում է, որ նա այլեւս պարտավորված չէ 2013-ի նախագահական ընտրություններում սատարել Սերժ Սարգսյանին:

Գալուստ Սահակյան. - «Հայտարարության տեքստը հենց այդպիսին է: Բայց նաեւ դրականը նա է, որ համագործակցելու բազա կա համենայն դեպս: Եվ դա մենք դրական ենք համարում»:

Հարց. – Արդյո՞ք սա նշանակում է, որ «Բարգավաճ Հայաստան»-ն այլեւս դառնում է ընդդիմություն:

Գալուստ Սահակյան. - «Ընդհանուր տեքստում կա կառուցողական պատրաստակամություն: Մնացած խնդիրները արդեն առաջիկայում կա'մ կմանրամասնեն, կա'մ գործողություններից կերեւա: Ըստ իրենց հայտարարության տեքստի, ավելի շատ կառուցողական մոտեցումներ կլինեն»:

Հարց. - Արդյո՞ք այս հայտարարությունը նշանակում է, որ որեւէ պաշտոն` նախարարական, մարզպետի, այլեւս պետք է վայր դնի «Բարգավաճ Հայաստան»-ը:

Գալուստ Սահակյան. - «Եթե համատեղ ծրագրերով քաղաքական ուժերը չեն գնալու, բնականաբար, համապատասխան լծակներից էլ չեն օգտվելու»:

Հարց. - Այսինքն նաեւ Ազգային ժողովի նախագահի, փոխնախագահի պաշտոնների հետ կապված որեւիցե դերակատարություն չի՞ ունենա «Բարգավաճ Հայաստան»-ը:

Գալուստ Սահակյան. - «Դա էլ պիտի բնական համարել: Բայց նաեւ «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքը թույլ է տալիս, որպեսզի ընդդիմադիրները ունենան նաեւ հանձնաժողովի նախագահի տեղակալի կարգավիճակ»:

Հարց. - Հնարավո՞ր է, որ ԲՀԿ-ն ունենա նման կարգավիճակ:

Գալուստ Սահակյան. - «Դեռեւս որոշակի խորհրդակցություններ չեն եղել: Ես կարծում եմ, որ քաղաքական մեծամասնությունը անհրաժեշտ կհամարի ամեն ինչով աջակցել»:

Հարց. - Հնարավոր համարո՞ւմ եք, որ նախագահական ընտրություններում ԲՀԿ-ն հանդես գա սեփական թեկնածուով:


Գալուստ Սահակյան. - «Չեմ կարծում: Որովհետեւ դրա նախապայմանները չկան: Համեմայն դեպս, «Բարգավաճ Հայաստան»-ը քաղաքական իր գործունեությամբ վերջին տարիներին բնորոշիչ չի եղել հետագայում նախագահի թեկնածություն ունենալուն: Բայց հետագայում դեռեւս չեմ կարող գնահատել, որովհետեւ չի երեւում տեսակետը»:

Հարց. - Հնարավոր չե՞ք համարում, ասենք, Ռոբերտ Քոչարյանին առաջադրեն նախագահի թեկնածու:

Գալուստ Սահակյան. - «Եթե Ռոբերտ Քոչարյանը ցանկանա նախագահի թեկնածու լինի, ինքն էլ կարող է իրեն առաջարկել, ինչպես ցանկացած թեկնածու: Այսօր ես որոշակի, ընդգծված կապեր չեմ տեսնում»:

Հարց. - Կարո՞ղ ենք փաստել, որ ե'ւ վարչապետը, ե'ւ Ազգային ժողովի նախագահը կլինեն Հանրապետական կուսակցության անդամներ:


Գալուստ Սահակյան. - «Դժվարանում եմ այս պահին ասել: Ենթադրում եմ, որ այդպես կլինի: Համեմանայն դեպս պաշտոնական տեսակետ այս պահին չեմ կարող ասել»:

Հարց. – Կարո՞ղ ենք ասել, որ Հանրապետականը, ամենայն հավանականությամբ, կոալիցիա կկազմի «Օրինաց երկրի» հետ:


Գալուստ Սահակյան. - «Ենթադրելի է այս պահին: Վերջնականապես չի քննարկվել նման հարց»:

Հարց. - Ճի՞շտ են այն տեղեկությունները, որ ԲՀԿ-ն պահանջել է իրենց տալ վարչապետի պաշտոնը, եւ դա չստանալով` հրաժարվել է կոալիցիա մտնել:

Գալուստ Սահակյան. - Նման խոսակցություններ` ո'չ սովորական եւ ո'չ էլ կուլիսների ետեւում, երբեւէ չի եղել:

Հարց. - Գագիկ Ծառուկյանի այս քայլից հետո ճնշումներ չե՞ն սկսվի ԲՀԿ-ի դեմ:

Գալուստ Սահակյան. - Ոչ միայն ԲՀԿ-ի դեմ, այլ ընդհանրապես որեւէ ճնշման մասին խոսք լինել չի կարող:

Հարց. - Իսկ չի՞ տուժի Հանրապետականը` հաշվի առնելով, որ ԲՀԿ-ն կոալիցիա չմտավ:

Գալուստ Սահակյան. - Որեւէ տուժելու խնդիր չի լինի, բացի դրանից` ես չեմ էլ կարծում, որ ԲՀԿ-ի հետ համագործակցության ճանապարհներ չկան:

XS
SM
MD
LG