Մատչելիության հղումներ

ԲՀԿ-ն չի մասնակցի կոալիցիոն կառավարության ձեւավորմանը


«Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյան

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյան

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության (ԲՀԿ) նախագահ Գագիկ Ծառուկյանը հինգշաբթի օրը հայտարարությամբ է հանդես եկել, համաձայն որի` իր կուսակցությունը «նպատակահարմար չի գտնում մասնակցել կոալիցիոն կառավարության ձեւավորմանը»։

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության 6-րդ համագումարում իմ եւ իմ թիմակիցների ելույթների առանցքը կազմում էր երկրում եւ ժողովրդի կյանքում էական փոփոխությունների անհրաժեշտության գաղափարը: Քարոզարշավի ողջ ընթացքում մենք հանդես ենք եկել նույն դիրքերից: ԲՀԿ-ն ժողովրդի դատին էր ներկայացրել համապարփակ ծրագիր: Ես իմ բոլոր հանդիպումների ժամանակ հայտարարել եմ, որ, մտնելով քաղաքականություն՝ չեմ հետապնդում որեւէ անձնական շահ: Ավելին, ես հայտարարել եմ, որ պատրաստ եմ ունենալ կորուստներ, սակայն ժողովրդի վստահությունը սրբորեն պահպանելու եմ», - ասված է հայտարարությունում, որը «Ազատություն» ռադիոկայանին է տրամադրել «Բարգավաճ Հայաստան»-ի նախագահի խոսնակ Խաչիկ Գալստյանը։

«Խորհրդարանական ընտրությունների արդյունքում «Բարգավաճ Հայաստանը» ստացավ մոտ կես միլիոն ձայն: Այդ մարդիկ քվեարկել են ԲՀԿ-ի օգտին` վստահելով մեզ եւ պահանջելով երկրի սոցիալ-տնտեսական կյանքում իրական, տեսանելի փոփոխություններ», - նշում է Ծառուկյանը` շարունակելով. - «Ընտրությունների արդյունքներով` ԲՀԿ-ն չունի կառավարություն ձևավորելու եւ իր ծրագրերը իրականացնելու սահմանադրական հնարավորություն: Ելնելով վերը նշյալից` ես պաշտոնապես հայտարարում եմ, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը նպատակահարմար չի գտնում մասնակցել կոալիցիոն կառավարության ձեւավորմանը»:

«ԲՀԿ-ն շարունակելու է ունենալ ծանրակշիռ դերակատարում մեր երկրի քաղաքական կյանքում: Մենք ունենալու ենք խիստ կառուցողական, հավասարակշռող դերակատարություն եւ մասնակցություն երկրի հասարակական-քաղաքական կյանքում։ Ազգային ժողովում ԲՀԿ-ն ունենալու է շատ ակտիվ եւ գործունյա խմբակցություն: Ես խոստանում եմ, որ մեր պատգամավորները մշտապես լինելու են ժողովրդի կողքին, բոլոր հնարավոր միջոցներով պաշտպանելու են մեր քաղաքացիների իրավունքներն ու շահերը», - հայտարարում է կուսակցության առաջնորդ` հաջողություն եւ արդյունավետ աշխատանք մաղթելով Հայաստանի նոր ձեւավորվելիք կառավարությանը` ի բարօրություն երկրի եւ ժողովրդի:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG