Մատչելիության հղումներ

Amnesty International-ը Հայաստանի առնչությամբ մտահոգիչ է համարում երեք խնդիր


Ոստիկանությունը կարգուկանոն է պահպանում Երեւանի կենտրոնում ընդդիմության բողոքի ցույցի ժամանակ, ապրիլ, 2011թ.

Ոստիկանությունը կարգուկանոն է պահպանում Երեւանի կենտրոնում ընդդիմության բողոքի ցույցի ժամանակ, ապրիլ, 2011թ.

Իրավապաշտպան Amnesty International կազմակերպությունը այսօր հրապարակել է հերթական ամենամյա զեկույցը՝ աշխարհում ազատությունների ու մարդու իրավունքների պաշտպանության վերաբերյալ, որտեղ, անդրադառնալով Հայաստանին, մտահոգիչ է համարել հատկապես երեք խնդիր՝ հավաքների ազատությունը, ձերբակալվածների նկատմամբ դաժան վերաբերմունքն ու կրոնական հայացքների պատճառով զինծառայությունից խուսափողների ազատազրկումը։

Անդադառնալով հավաքների ազատությանը՝ իրավապաշտպան կազմակերպությունը փաստում է, որ այս ոլորտում 2011 թվականին որոշակի առաջընթաց է արձանագրվել. ընդունվել է առավել բարեփոխված օրենք, հանվել է Ազատության հրապարակում հանրահավաքներ անցկացնելու արգելքը։ «Այդուամենայնիվ, մի շարք հարցեր շարունակում են մտահոգությունների առիթ տալ», - նշում է Amnesty International-ը եւ հիշեցնում. - «Եվրախորհրդի մարդու իրավունքների հարցերով հանձնակատարը անցած տարվա մայիսին հաղորդեց ապօրինի եւ անհամարժեք խոչընդոտների, այդ թվում` ցուցարարների նկատմամբ կիրառված սպառնալիքների, ձերբակալությունների, տրանսպորտային կապի ընդհատման, ինչպես նաեւ որոշ տեղերում հանրահավաքներ անցկացնելու իրավունքի իսպառ բացառման մասին»։

Հղում անելով Վենետիկի հանձնաժողովին՝ զեկույցը փաստում է, որ հավաքների մասին նոր օրենքը, ընդհանուր առմամբ, համապատասխանում է միջազգային չափանիշներին, սակայն մտահոգիչ է այն հանգամանքը, որ այն արգելում է հանրահավաքների անցկացումը նախագահական նստավայրից, Ազգային ժողովից ու դատարանների շենքերից որոշակի հեռավորության վրա, բացի այդ` ընդհանրական հիմավորումներ է տալիս հավաքները արգելելու համար։

Զեկույցում Հայաստանը քննադատության է արժանացել նաեւ ձերբակալվածների ու կասկածյալների նկատմամբ ոստիկանական բաժանմունքներում կիրառվող դաժան վերաբերմունքի համար. - «2011 թվականի փետրվարին ՄԱԿ-ի կամայական ձերբակալությունների հարցով աշխատանքային խումբն իր զեկույցում հաղորդել է, որ ազատազրկվածներից շատերը բողոքել են իրենց նկատմամբ կիրառված դաժան վերաբերմունքից ու ծեծից, մինչդեռ դատախազները եւ դատավորները հաճախ հրաժարվել են քրեական գործերին կցել այս մասին վկայությունները»։

Amnesty International-ը նշում է, որ ՄԱԿ-ի աշխատանքային խմբից բացի, նույն մեղադրանքների մասին զեկույց է հրապարակել նաեւ Եվրախորհրդի կտտանքների կանխարգելման կոմիտեն, եւ որ անցած տարի Հայաստանը, ելնելով ՄԱԿ-ի առջեւ ստանձնած պարտավորություններից, ստեղծել է անկախ մարմին՝ ազատազրկման վայրերի նկատմամբ վերահսկողություն սահմանելու նպատակով։

Կտտանքների եւ բիրտ վերաբերմունքի մասին բաժնում զեկույցը նաեւ անդրադարձել է անցած տարվա օգոստոսին Հայ ազգային կոնգրեսի երիտասարդական թեւի 7 ներկայացուցիչների եւ ոստիկանության միջեւ արձանագրված բախմանը։ «Երիտասարդները հայտարարեցին ազատազրկման վայրում իրենց նկատմամբ կիրառված ծեծի ու բիրտ վերաբերմունքի մասին», - փաստում է կազմակերպությունը եւ մանրամասնում. - «Ակտիվիստները համացանցում տեղադրեցին լուսանկարներ, որոնք, իրենց խոսքով, արվել էին բջջային հեռախոսներով եւ հստակ ցույց էին տալիս դեմքին եւ մեջքին առկա կապտուկները։ Սկզբում բոլորին մեղադրանք առաջադրվեց խուլիգանության եւ իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու համար, հետագայում վեցին ազատ արձակեցին՝ գրավի դիմաց։ Մինչ զեկույցի պատրաստումը՝ տարվա վերջը, սակայն, որեւէ քննություն չի իրականացվել ոստիկանության հասցեին հնչած մեղադրանքների վերաբերյալ»։

Հայաստանի վերաբերյալ զեկույցի վերջում իրավապաշտպանները անդրադառնում են նաեւ խղճի բանտարկյալներին եւ փաստում, որ 2011 թվականին 60 տղամարդ շարունակում է մնալ ազատազրկման վայրերում՝ իր համոզմունքների պատճառով զինծառայությունից խուսափելու համար։ «Այլընտրանքային զինծառայությունը նախկինի պես շարունակում է մնալ զինված ուժերի հայեցողության ներքո», - փաստում է Amnesty International-ը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG