Մատչելիության հղումներ

Այսօր առավոտյան նախկին կոնդեցիների շուրջ 30-հոգանոց խմբին Պռոշյան փողոցում հանդիպել է նախագահ Սերժ Սարգսյանը:

Հանդիպմանը ներկա բնակիչների փոխանցմամբ` իրենք նախագահին խորհրդարանական ընտրություններից առաջ եւս հանդիպել էին, խոստացել էր օգնել, հարցին լուծում տալ 2 շաբաթվա ընթացքում, սակայն փաստացի որեւէ ապացույց, հավաստիացում, որ իրենք շուտով տուն կունենան, կոնդեցիները դեռ չեն ստացել:

«Մենք այնտեղ ենք բնակվել: Մեր հարեւանն է մեր հարգարժան նախագահը: Մենք եկեղեցում բակում էինք, անցանք դիմացի մայթը: Առաջին անգամ էլ է այդպես մեզ ընդունել: Մեքենաները կանգնեցին, ինքը դուրս եկավ, հարցրեց` ինչի՞ համար եք եկել, այդ գործընթացը գնում է, այդ հարցերը կլուծվեն: Ես էլ չհամբերեցի ու ասացի` գիտեք, մինչեւ հիմա ոչինչ չկա, մինչեւ նախագիծ լինի, մինչեւ հաստատվի, մինչեւ հողերի հարցը լուծեք, բարձրահարկ կառուցեք` մեր կյանքից է գնում», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց նախկին կոնդեցիներից մի կին:

Արդեն 5 տարի է Կոնդի շուրջ 200 ընտանիքներ հեռացել են իրենց տներից, վարձով բնակարաններում են ապրում` հույսով, որ շուտով բնակարան կստանան նորակառույց շենքում: Սակայն նրանց համար նախատեսված շենքի շինարարական աշխատանքները կանգնած են, մինչդեռ Կոնդի նախկին բնակիչները շարունակում են վարձով բնակարաններ փոխել:

Հիշեցնենք` 2007-ին կառավարության 347 Ն որոշմամբ Լեոյի փողոցից մինչեւ Դեմիրճյան փողոց ընկած հատվածը ճանաչվել է գերակա շահ, դրա մի մասը իրացվել է «Դաունթաուն» կազմակերպության կողմից, իսկ մյուս մասը մնում է Երեւան համայնքի տրամադրության տակ: Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցու շրջակայքում, որտեղ բնակվել են շուրջ 200 ընտանիքներ, տները քանդել են` հուսադրելով, որ շուտով Երեւանի այս հին թաղամասի բնակիչները նոր բնակարաններ կունենան, իսկ մինչ այդ իրացնող ընկերությունը կփոխհատուցի նրանց վարձավճարները: 5 տարի անց կոնդեցիները ո'չ նոր բնակարան ունեն, ո'չ էլ կարողանում են փոխհատուցվող գումարով վարձով տուն գտնել:

«Ազատություն» ռադիոկայանին շինարարության ընթացքի եւ կոնդեցիների բնակարանների ճակատագրի մասին պարզաբանումներ տվեց Երեւանի կառուցապատման ներդրումային ծրագրերի իրականացման գրասենյակի տնօրեն Լեւոն Հակոբյանը:

«Ինչ վերաբերում է ժամկետներին` ասեմ, որ արդեն ընդհանուր հայտարարի եկել են, ստեղծվում է նոր կազմակերպություն: Այսինքն, «Դաունթաուն»-ից մի մասը առանձնացվում է իր ակտիվներով եւ դառնում է մեկ այլ նոր կազմակերպություն, որը հիմա պետական գրանցում ստանալու փուլում է, կարծեմ անգամ արդեն գրանցվել է: Այդ ծրագիրը իրականցնելու է այդ կազմակերպությունը: Համոզված եմ, որ մեկ ամսվա ընթացում շինարարությունը կսկվի, եւ մարդիկ բնակարան կունենան 2-3 տարվա ընթացքում»:

Կոնդի մյուս հատվածում, որտեղ տները չեն քանդվել եւ գերակա շահի իրացման ժամկետն արդեն այս տարի սպառվել է, բնակվում է շուրջ 90 ընտանիք: Նրանք «Ազատություն» ռադիոկայանին պատմեցին, որ արդեն մի քանի սերունդ է, իրենց ընտանիքները շարունակում են ապրել կիսախարխուլ տներում, կիսաքանդ թաղամասում եւ հույս չկա, որ իրենց հարցով պատկան մարմինները վերջապես կզբաղվեն:

«Դվինի [«Դվին» հյուրանոցի] մոտ քանի ընտանիք հանեցին գցեցին դուրս, ամիսը 60 հազար փող տվեցին, որ իբր շենքը կանգնեցնեն, մարդկանց բերեն… Հիմա էլ ո'չ շենքն են կանգնեցնում, ո'չ այդ մարդկանց գումարներն են տալիս, մարդիկ մնացել են փողոցներում», - վրդովված ասաց միջին տարիքի մի կին:

Կոնդի թե' ներկայիս, թե' նախկին բնակիչները պահանջում են վերջապես հաստատել իրենց հատկացված շենքի նախագիծը, ինչպես նաեւ հստակեցնել շինարարական ժամկետները:

XS
SM
MD
LG